Ոսկերչական ընկերությունից 8 մլն դրամի չափով յուրացում է կատարվել. ով է մեղադրյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ոսկերչական ընկերությունից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել անհատ ձեռներեցին:

31.07.2017 թվականին ոսկերչական ընկերության գլխավոր տնօրենից հաղորդում է ստացվել այն մասին, որ, գործակալության պայմանագրով, անհատ ձեռներեցին, վարձատրության դիմաց վաճառելու և գումարը իրեն տալու պայմանով, տվել է տարբեր տեսակի ոսկերչական իրեր, սակայն վերջինս 7.778.963 դրամ արժողությամբ 53 հատ ոսկերչական իրերը կամ դրանց վաճառքից գոյացած գումարները չի վերադարձրել իրեն՝ յուրացնելով այն:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար, տարածքային ենթակայության կարգով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Չարենցավան քաղաքի բնակիչ՝ ծնված 1971 թվականին:

2018 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ մեղադրյալի գտնվելու վայրը այլ պատճառներով պարզված չլինելու հիմքով, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին: Անհատ ձեռներեցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 47-ամյա անհատ ձեռներեցը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: 2019 թվականի հուլիսի 11-ին քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է: 47-ամյա անհատ ձեռներեցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում անհատ ձեռներեցն ամբողջությամբ վերականգնել է ոսկերչական ընկերությանը պատճառած՝ առանձնապես խոշոր չափ գույքային վնասը՝ 7.778.963 ՀՀ դրամի չափով: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս