Ուրբաթ օրը՝ հուլիսի 12-ին, կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկում է եղել հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բավականին ակտիվ քննարկում է եղել, մտքեր են փոխանակվել եւ ներկայացվել ինստիտուցիոնալ մոտեցումներ, որոնք կարող են արվել կոռուպցիայի դեմ պայքարում։
Ընդ որում, սա Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստն էր, որի կազմը վարչապետը վերջերս էր հաստատել։ Կազմում ընդգրկված են ինչպես խորհրդարանական իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի անդամներ եւ ներկայացուցիչներ նաեւ քաղաքացիական հասարակությունից։ Ընդ որում, վարչապետը նիստի ժամանակ ընդգծել է, որ հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում եւ տեղի չի ունենում այն ծավալներով եւ արդյունավետությամբ, որը նախատեսված է եղել։
Տեղեկացանք, որ այդ պայքարի շրջանակում մշակված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն վերջնական փուլում է, ստացվել են միջազգային փորձաքննության արդյունքները, որոնք ամփոփման փուլում են, եւ առաջիկայում օրենքի նախագիծը կամփոփվի եւ կներկայացվի հանրային քննարկման: