Հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացում է նկատվում․ ինչու են պաշտոնյաներն իրար հետևից մեկնում ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունների մասին հնչող ամենամեծ քննադատությունն ուղղված էր արտաքին ոլորտում նրանց քաղաքականությանը, մասնավորապես այն կոնտեքստում, թե վտանգի տակ են դրված շատ հարաբերություններ, եւ արվում են անհեռատես քայլեր, այդ թվում` հայ-ռուսական հարաբերություններում: Սակայն հիմա քննադատության ալիքը նվազել է, եւ ուսումնասիրելով 2018 թվականի ապրիլյան դեպքերից հետո վարվող քաղաքականությունը` կարող ենք նաեւ տեսանելի արդյունքներ արձանագրել, եւ, որքան էլ զարմանալի է, դա ակնառու է հատկապես հայ-ամերիկյան հարաբերություններում:

Սակայն հետաքրքիր է, որ այս օրերին հայ պաշտոնյաների ակտիվ այցեր են նկատվում ԱՄՆ: Մասնավորապես, այս օրերին այնտեղ են գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն առանձին այցերով եւ առանձին հանդիպումներով, այլ ոչ թե միասին: Ընդ որում, Միրզոյանն ու Ավինյանն այցելելու են նաեւ Բոսթոն:

Առհասարակ, վերջին մեկ տարվա ընթացքում եղել են ավելի շատ փոխայցելություններ, քան վերջին տարիների ընթացքում: Հայ-ամերիկյան հարաբերություններում շրջադարձային պասիվություն եղավ 2016 թվականից հետո, եւ դա ուներ իր տրամաբանական բացատրությունը, քանի որ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ դառնալուց հետո փոխվեց երկրի քաղաքականությունը` հատկապես արտաքին քաղաքականության առումով, եւ Թրամփը սահմանեց այլ առաջնահերթություններ, եւ հայ-ամերիկյան հարաբերությունների առումով շատ հարցեր մղվեցին հետին պլան: Եվ դա է վկայում նաեւ փոխայցերի, շփումների ժամանակացույցը: Եվ 2016 թվականից հետո` մինչեւ Հայաստանում թավշյա հեղափոխությունը, հարաբերություններն իսկապես պասիվ են եղել:

2016 թվականի մարտին եւ հոկտեմբերին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է ԱՄՆ-ում եղել, իսկ արդեն 2017 թվականի նոյեմբերին էլ` պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Այդ ընթացքում եղել են նաեւ ԱՄՆ ներկայացուցիչների այց Հայաստան, սակայն հատկանշական է, որ մինչեւ 2016 թվականը յուրաքանչյուր տարի անկացվում էր Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստ` մեկ տարի Հայաստանում, մեկ տարի էլ ԱՄՆ սկզբունքով: Սակայն 2016 թվականից հետո այն չի անցկացվել, եւ, առհասարակ, սառեցում է նկատվել եղել հայ-ամերիկյան հարաբերություններում, եւ ակտիվություն այնքան էլ չի եղել, եւ դա կրկին բացատրել են Թրամփի քաղաքականությամբ:

Սակայն հետաքրքիր է, որ թավշյա հեղափոխությունից հետո բավականին ակտիվ երկկողմանի այցեր են եղել եւ արդյունավետ, ջերմ ու կարեւոր հանդիպումներ ԱՄՆ-ում: Այդպիսի այցերը թավշյա հեղափոխությունից հետո սկսվեցին հունիս ամսից, եւ առաջին այցը նախագահ Արմեն Սարգսյանինն էր, որին հաջորդեց արդեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այցը Լոս Անջելես, հանդիպումը քաղաքապետի հետ:

Հայ-ամերիկյան հարաբերություններում ակտիվացում նկատվեց հատկապես տարվա երկրորդ կեսին: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Հայաստան այցելեց Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը: Բացի այդ, Հայաստան այցելեց նաե ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը, որը նույնպես հաստատեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:

Այնուամենայնիվ, տարվա հատկանշական այցը թերեւս Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցն էր Հայաստան: Ընդ որում, Ջոն Բոլթոնն իր ելույթում նշել էր. «1997 թվականից ի վեր ազգային անվտանգության հարցերով առաջին խորհրդականն եմ ԱՄՆ-ի, որ այցելում է Հայաստան: Ես այսօր վարչապետի հետ հանդիպում ունեցա, որը տեւեց 1 ժամ 20 րոպե: Մինչ այդ ես նաեւ հանդիպում էի ունեցել պաշտպանության, արտաքին գործերի նախարարների եւ ազգային անվտանգության քարտուղարի հետ»:

Նկատենք, սակայն, որ հայ-ամերիկյան հարաբերություններում տարվա ամենից շատ սպասվող իրադարձությունը Փաշինյան-Թրամփ հանդիպումն էր: Սակայն, չնայած ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարների եւ հայկական դիվանագիտության գործադրած ջանքերին, նման հանդիպում չկայացավ: Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ մասնակցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես էր եկել նաեւ ելույթով:

Ինչպես արդեն նշեցինք, այժմ էլ երեք բարձրաստիճան պաշտոնյաներ են ԱՄՆ-ում: Զոհրաբ Մնացականը կմասնակցի «Կրոնի ազատության նախարարական համաժողովին»: Արարատ Միրզոյանը եւ Տիգրան Ավինյանը եւս տարբեր հանդիպումների մեջ են:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս