«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, դեռ 2011 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը վերացրեց տեխզննության ինստիտուտը, որը հանգեցրեց այս տարիներին անսարք ավտոմեքենաները վարելու դեպքերի աճին: Այս հարցին մշտապես անդրադարձել է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը, եւ, ահա, տեղեկացանք, որ փոփոխություններ են կատարվելու «Ճանապարհային երթեւեկության ապահովման մասին» ՀՀ օրենքում:
Այս օրենքով վերահսկողություն է իրականացվելու էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով: Այն լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով, առանց մեքենան կանգնեցնելու: Եվ տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված մեքենան վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ): Միայն վատն այն է, որ մեքենայի տեխզննման ծառայության սակագինն է բարձրացել»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում