«Իմ քայլի» պատգամավորը հակադարձում է «Սասնա ծռերին». հուլիսի 17-ը տոն չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2016 թվականի հուլիսի 17-ի գիշերը` ժամը 05.28-ին, «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարություն էր տարածել` նշելով. «Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»: Վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք «Կրազ» մեքենայով ջարդել էին ՊՊԾ գնդի դռները, սպանել ոստիկանների, մտել ու բոլորին վերցրել հսկողության տակ:

Երկու շաբաթվա համառ պայքարից հետո ի վերջո խմբավորումը հանձնվեց՝ տալով զոհեր ու վիրավորներ: Երեկ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, թե պետք է այդ օրը պաշտոնապես հայտարարել ազգային տոն:

«Հուլիսյան ապստամբությամբ «Սասնա ծռերը» կանխեցին աղետը, վիժեցրեցին Արցախը եւ պետականությունը հանձնելու գործընթացը եւ առաջացրեցին կառավարման անհաղթահարելի ճգնաժամ` դրանով իսկ սպառելով ժողովրդի դեմ զինված բռնության ներուժը, ինչիշնորհիվ 2018թ. հնարավոր դարձավ խաղաղ անհնազանդության միջոցով վերջապես հեռացնել ռեժիմին, սակայն հետագայում իրադարձությունները զարգացան անհեթեթ եւ հակառակ տրամաբանությամբ»,-երեկ հայտարարել է Վ. Ավետիսյանը:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամի կարծիքով`ապստամբները ամիսներով մնացին բանտերում, փոխանակ անմիջապես ազատ արձակվեին: «Այնուհետեւ ազատ արձակվեցին ընդամենը կալանքից, սակայն շարունակվում են որպես ամբաստանյալներ դատվել նախկին իշխանության կողմից առաջադրված կեղծ մեղադրանքով, ավելին, նրանցից երկուսը` Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը, դեռեւս բանտում են եւ ռազմագերի են արդեն հեղափոխական կոչվող Հայաստանում»,-նեղացած հայտարարել էր Ավետիսյանը: Վերջինս կոչ է արել դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը եւ ազատել խմբի անդամներ Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին:

Այնուհետեւ Վարուժան Ավետիսյանը առաջարկել է հուլիսի 17-ը պաշտոնապես դարձնել ազգային տոն: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, այդ օրը տոն դարձնելը ճիշտ չէ. «Այդ օրը մարդիկ են մահացել, ու այն քայլը, որ իրենք են կատարել, ես, որպես քաղաքական գործիչ, չեմ ընդունում, բայց ընդունում եմ որպես, այսպես ասեմ, հուսահատության քայլ: Մարդիկ, հուսահատությունից այլընտրանք չունենալով, կատարել են նման քայլ, բայց այդ քայլի արդյունքում երեք հայ սպա է մահացել»,-հայտարարեց պատգամավորը: Ըստ նրա` կյանքը ցույց տվեց, որ առանց բռնության էլ կարելի է հասնել հաղթանակների:

 Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս