Այսօր Բարձրագույն դատական խորհրդում նիստ է լինելու, որտեղ ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը բարձրացրել են Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչ այդ Նախշուն Տավարացյանն առարկել էր այդ հարցի հետ կապված` հայտարարելով. «Եթե Դուք պատրաստվում եք 2018 թվականի դիմումը հուլիսի 15-ի Բարձրագույն դատական խորհրդում օրակարգ մտցնել, 9 ամիս հետո քննարկել, ապա նախ Դուք պարտավոր էիք այդ ժամանակ եռօրյա ժամկետում ինձ կանչել ԲԴԽ, իմ դիմումը քննարկել, եւ այս հարցերը կփակվեր, եւ այս անհաջող իրավիճակը չէր առաջանա»:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Նախշուն Տավարացյանը հայտարարել է. «Եթե որոշել եք հիմա քննարկել, ապա քննարկեք, բայց հուլիսի 11-ին դարձել եմ ԲԴԽ անդամ եւ երդում եմ տվել: Ես երդում տալուց հետո Ձեզ հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, հետաքրքիր է` Դուք ինչ դիմում եք ուզում քննարկել»:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` Նաշխուն Տավարացյանի ճակատագիրը կախված է ԲԴԽ դատավորներից. եթե նրանք դեմ քվեարկեն երեք գիտնական անդամների այդ նախաձեռնությանը, ապա Տավարացյանը կշարունակի իր գործունեությունը ԲԴԽ-ում: Նկատենք, որ քվեարկությունը լինելու է գաղտնի, իսկ թե ինչպես կքվեարկեն ԲԴԽ դատավոր անդամները, պարզ կլինի այսօր: