Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում պարտվեց Իտալիայի իր հասակակիցներին(0:4): Խաղից հետո հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ մեր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, ովքեր մնացին եւ մինչեւ վերջ աջակցեցին մեզ: Այս խաղի ողջ պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա եւ ներողություն եմ խնդրում բոլորից: Տղաները կարող են ֆուտբոլ խաղալ:
Ես հավատում եմ նրանց իրենցից շատ, սակայն գալիս է մի պահ, երբ նրանք ուղղակի չեն կարողանում խաղալ: Հոգեբանորեն իհարկե բարդ է նման մրցակիցների հետ խաղալը: Անցած խաղին նրանք ավելի կաշկանդված էին գործում քան Իտալիայի դեմ: Մենք խաղացինք Բարձրագույն խմբի թիմերի հետ եւ տեսանք, որ մեր ֆուտբոլիստները կարող են խաղալ նման մրցակիցների հետ:
Ես ասել եմ նրանց, որ պետք չէ ավտոբուս կանգնեցնել դարպասին այլ պետք է խաղալ ֆուտբոլ, եթե ցանկանում են խաղալ ուժեղ ակումբներում: Մեր խմբի թիմերը շատ ուժեղ են եւ գրեթե հավասար մակարդակի: Տղաները պետք է ֆուտբոլ խաղան, իսկ հաշվի պատասխանատուն կլինեմ ես:
Ես փոխարինեցի Երջանիկ Ղուբասարյանին, որովհետեւ ուներ թեթեւ վնասվածք: Ես չէի ցանկանում, որ նա խաղար, սակայն նա ասաց, որ պատրաստ է : Դեռեւս պարզ չէ վնասվածքի լրջությունը, եթե նա պատրաստ լինի ապա կխաղա Պորտուգալիայի դեմ»,- ասել է Ոսկանյանը:
Էդմոն Մարտիրոայան