Ինչու զինծառայողները հունիսի 1-ից բարձրացած աշխատավարձը չեն ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմիցս պաշտոնապես հայտարարվել է, որ զինծառայողների աշխատավարձն այս տարվա հունիսի 1-ից կբարձրանա 10 տոկոսով, իսկ կրտսեր կազմի եւ հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը` մինչեւ 20 տոկոսով։ Ադրբեջանի հետ սահմանը հսկող պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրանում են 18 տոկոսով: Տավուշի մարզի պայմանագրային զինծառայողները «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ իրենք հունիս ամսվա աշխատավարձին ավելացված գումարը չեն ստացել:

Զանգահարեցինք ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին,որը փոխանցեց, որ զինծառայողները տվյալ ամսվա աշխատավարձը այլ հիմնարկների աշխատողների նման հաջորդ ամիս չեն ստանում, այլ նույն ամսվա ընթացքում: Հովհաննիսյանը հայտնեց, որ հունիս ամսվա աշխատավարձի բարձրացված չափը զինծառայողները կստանան հուլիս ամսվա աշխատավարձը ստանալիս:

Պայմանագրային զինծառայողներից տեղեկացանք, որ սովորաբար աշխատավարձը ստանում են տվյալ ամսվա 27-ին կամ 28-ին։ Հուլիսի 27-ին կամ 28-ին պարզ կդառնա, թե սահման պաշտպանող պայմանագրային զինծառայողները ստացան հունիս եւ հուլիս ամիսների համար հասանելիք աշխատավարձի ավելացված գումարը, թե ոչ:




Լրահոս