Վարչապետն առաջնորդվում է իր սեփական համոզմամբ. Վլադիմիր Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատություն» TV-ի ուղիղ եթերում խոսելով ՍԴ լիազորությունների եւ այդ համատեքստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության սահմանադրական լինել-չլինելու մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ինձ համար էական չէ, թե առաջին ատյանը, վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանը, Սահմանադրական դատարանը բովանդակային առումով ինչպիսի որոշում կկայացնի այս կամ այն գործով: Ինձ համար ամենակարևոր քաղաքական խնդիրն այն է, որ երբ որ որևէ դատարանը որոշում կայացնի, մենք դա ընդունենք ուղղակի ի գիտություն: Ասենք, որ մեր դատարանը կայացրել է այսպիսի որոշում… : Վարչապետ ընտրվելուց հետո ես ասել եմ, որ դատական համակարգի գործերին չեմ միջամտելու, պետք է լինի դատական համակարգի անկախություն, բայց մի տարի հետո պարզվում է, որ դատական համակարգն իրեն ոչ թե անկախ, այլ անտեր է զգում ու ման է գալիս՝ ո՞վ կարող է տեր դառնալ իրեն:

Չեմ բացառում, որ նույնիսկ Հայաստանից դուրս են գնում տեր փնտրում՝ մենք անտեր ենք, սովորել ենք, որ մեր գլխին տեր լինի, փետով մեր գլխին տա, երբ որ մեր գլխին փետով չի տալիս, մենք մեզ անտեր ենք զգում…Այսպիսի դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ»:

Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Դատաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ:

«Ես պարզապես կասեմ, որ եթե երեք օր շարունակ բոլորը խոսում են Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին, նշանակում է, որ այնտեղ խնդիր կա, ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:

Հարցին՝ ովքեր են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատաիրավական հարցերում խորհուրդներ տալիս: Վերջինս պատասխանեց. «Հանձնաժողովի նախագահի լիազորությունների շրջանակներում ես կատարում եմ իմ պարտականությունները: Այդ հարցն ինձ չի ուղղված: Վարչապետն ունի խորհրդականների, օգնականների ինստիտուտ և վարչապետն առաջնորդվում է իր սեփական համոզմամբ»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս