Հայաստանում նախատեսվում է ստեղծել Ազգային փոքրամասնությունների պալատ: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության` այն կծառայի որպես հարթակ ազգային փոքրամասնությունների հարցերը քննարկելու եւ լուծումներ առաջարկելու համար: Բացի այս, «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը, սահմանել ազգային փոքրամասնությունների հիմնական իրավունքները, ազատությունները եւ այլն:
Իսկ, ահա, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունն առաջարկել է օրենքում ավելացնել հետեւյալ կետը. «Ընտրությունների, հանրաքվեների ժամանակ ընտրության կարգի եւ գործընթացի մասին մատուցվող տեղեակատվությունը հրապարակել նաեւ ազգային փոքրամասնությունների լեզուներով»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նույն կազմակերպությունը պահանջել է ամրագրել նաեւ այն դրույթը, որով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի վերադառնալու իրենց պատմական ազգանուններին, այդ թվում` այն ազգանուններին, որոնք չեն պարունակում «յան» վերջավորությունը: Թե ինչ հայտարարի կգան Արդարադատության նախարարության հետ, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ այս նախագիծը նոր է շրջանառության դրվել: