Վտանգավոր պայմաններում աշխատածին սոցապնախարարությունը հրաժարվում է թոշակ տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բնակիչ Մհեր Աղաջանյանն արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում է արտոնյալ պայմաններով թոշակ ստանալու համար, սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարբերաբար խոչընդոտներ է առաջացնում: Ավելին, գործը հասել է անգամ դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացու պատմելով` ինքը 1984 թվականի հունվարի 25-ից մինչեւ 2011 թվականի հուլիսի 20-ը Սոթքի, ապա «Մեղրաձոր Գոլդ»-ի ոսկու հանքավայրերում է աշխատել: Այնտեղ ստորգետնյա պայմաններում է աշխատել լրիվ աշխատանքային օրով: Սկզբում աշխատել է որպես էներգետիկի օգնական, ապա` բաց հանքի գլխավոր էներգետիկ, 1989 թվականից մինչեւ 2011 թվականը` Սոթքի ոսկու հանքավայրի գլխավոր էներգետիկ:

Նշենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը պետական կենսաթոշակների տեսակների շարքին դասում է նաեւ արտոնյալ պայմաններով կենսաթոշակը: Նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում, մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը` առնվազն 10 օրացույցային տարի, աշխատել է վնասակար, ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք: Եւ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու մասին պահանջով` Մհեր Աղաջանյանը դեռեւս 2017 թվականին նոյեմբերի 30-ին դիմում է ներկայացրել Սոցիալական ապահովության պետական ծառայության Վարդենիսի տարածքային բաժին:

Մհեր Աղաջանյանը կենսաթոշակ ստանալու վերաբերյալ իր պահանջը հիմնավորել է նրանով, որ լրացել է իր 59 տարին, ունի 25 եւ ավելի օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից 20 եւ ավելի օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում ՀՀ կառավարության` 2012 թվականի հունվարի 12-ի թիվ 12-Ն որոշմամբ հաստատված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունով, մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը` 10 եւ ավելի օրացուցային տարի, աշխատել է վնասակար, ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Սակայն ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության Վարդենսի տարածքային բաժինը 2017 թվականի դեկտեմբերի 5-ին մերժել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու` Մհեր Աղաջանյանի ներկայացրած պահանջը: Մերժումը հիմնավորել է նրանով, որ Աղաջանյանի կատարած աշխատանքը չի համապատասխանում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների ցուցանիշների թիվ 2 ցուցակով նախատեսված գլխավոր էլեկտրագետ, նրանց տեղակալներ (օգնականներ) աշխատանքին:

«Ինձ ասացին` դու էներգետիկ ես աշխատել, էլեկտրագետին է հասնում, մերժեցին: Մտա վիկիպեդիա, տեսա էներգետիկ եւ էներգագետ բառերը հոմանիշներ են: Ինչքան դում կա, թող չնստի այնտեղ ու մեր նյարդերի հետ խաղա»,- զայրացած նկատեց քաղաքացին: Ապա նշեց, որ մերժվելուց հետո դիմել է դատարան, ներկայացրել փաստաթղթերը: «Հայցս բավարարվեց, դատարանը նախարարությանը հորդորեց բառերի հետեւից չընկնել, ասաց` այս մարդը նույն գործառույթներն է կատարում: Անգամ օրինակ բերեց ուսուցչի ու դասատուի մասով: Նույնն է, էս մարդուն քաշքշուկների մեջ եք գցել»,- նկատեց Աղաջանյանը:

Բնականաբար, կենսաթոշակի համար պայքարող քաղաքացու օգտին կայացրած դատարանի որոշումը նախարարությունը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում: Այս դեպքում եւս բավարարվել է նրա հայցը, եւ որոշվել է, որ պետք է նշանակվի արտոնյալ պայմաններով կենսաթոշակ: Մեկ ամիս անց, պարզվում է, սոցապ նախարարությունը, երկու ոտքը մի կոշիկ մտցրած, շարունակել է պայքարը կյանքի ու առողջության համար վտանգավոր պայմաններում աշխատած քաղաքացու հետ: Եւ ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը դարձյալ բողոքարկել է արդեն Վճռաբեկ դատարանում:

Բացի այս, նկատենք, որ ընկերությունները (խոսքը Սոթքի եւ «Մեղրաձոր Գոլդ»-ի մասին է) եւս իրենց հերթին գրություններով դիմել են նախարարություն եւ հայտնել, որ նույն գործառույթներն է կատարում, նույն պաշտոնն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ քաղաքացու աշխատանքային գրքույկում մինչեւ 2005 թվականի հուլիսի 1-ի մասնագիտական ստաժը հաշվելը մասնագիտությունները գրված են եղել ռուսերենով. գլխավոր էներգետիկի մասնագիտությունն է, որը համապատասխանում է ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-Ն որոշմամբ հաստատված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող 2-րդ ցուցակի մասնագիտությանը:
«Սրանք ռուսերենից արտոնյալ մասնագիտությունների ցուցակը թարգմանել են եւ իրենք իրենցով որոշել են էներգետիկ բառը փակ հանքով թողել էներգագետ, բաց հանքով` էլեկտրագետ: Ու կրակի մեջ են գցել մեզ: Արտոնյալ թոշակ հասնում է գլխավոր էլեկտրագետին, էներգետիկին` ոչ: Բայց գլխավոր էներգետիկ եւ գլխավոր էներգագետ մասնագիտությունները նույնն են, էներգագետ եւ էներգետիկ բառերը հոմանիշներ»,- փոխանցեց Մհեր Աղաջանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրով դիմեց նաեւ Վարդենիսի սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Ալեյանին, որն ասաց, որ նախարարության իրավաբաննները հետադարձ հայցով բողոքարկել են Մհեր Աղաջանյանի օգտին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը` ի օգուտ Մհեր Աղաջանյանի: Այսինքն` քաղաքացին հաղթել է, բայց նախարարությունը չի հաշտվել դատարանի որոշման հետ: Ի դեպ, Աղաջանյանն այս հարցով անգամ դիմել է սոցապ նախարար Զարուհի Բաթոյանին, ս ակայն տեւական ժամանակ է` արձագանք չկա: Հուսանք` մեր այս հրապարկումը չի վրիպի նրա տեսադաշտից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս