
«Եվրոպական միության դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ մեկնաբանելով վերջերս Ադրբեջանում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Դոնալդ Տուսկի արած հայտարարությունը, թե ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Մենք հավատում ենք, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք էապես նպաստում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Մեր դիրքորոշումը դա է: Վստահ եմ, որ անհանգստանալու պատճառ չկա այն հարցի վերաբերյալ, թե ԵՄ-ն փոխել է իր դիրքորոշումը»,- ասաց դեսպանը՝ վստահեցնելով, որ դա այդպես չէ: Դեսպանն ընդունեց, որ ԵՄ-ն իր դիրքորոշումը ժամանակ առ ժամանակ արտահայտել է տարբեր ձևակերպումներով։