Երեկ, հուլիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սարդարապատ գյուղ, որտեղից հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։50-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ 18-ամյա Է․Ղ․-ն գյուղում 47-ամյա Գուրգեն Գ․-ին պատկանող ավտոտնակում ավտոմեքենան վերանորոգելու ժամանակ ոտքը պատահաբար դրել է բաց հոսանքալարի վրա և հոսանքահարվելու հետևանքով մահացած վիճակում տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Է․ Ղ․-ն սովորում էր իրենց գյուղի դպրոցի 12-րդ դասարանում։