ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր դաստիարակությունը թույլ չի տա նույնությամբ պատասխանել. Աննա Խաչատրյանը կոռեկտության կոչ է անում պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուրաքանչյուր շոուբիզնեսցի, որն ունի եկամուտ, պետք է հարկ վճարի պետությանը: Ի դեպ, նախորդ տարիներին էլ մեր մասնակցությամբ համերգները, որոնք եկամուտ էին բերում, հարկվում էին. կազմակերպիչներն էին այդ հարկերը վճարում: Հիմա էլ հարկ վճարում է այն օբյեկտի տերը, որտեղ ես աշխատում եմ: Ինչ վերաբերում է անձամբ մեզ, ես դեմ չեմ, թող, օրինակ, հարսանիք լինի, ես էլ երգեմ ու հարկ վճարեմ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Աննա Խաչատրյանը՝ անդրադառնալով նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով պատգամավորը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել էր «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։ Երգչուհին պատգամավորին կոչ արեց ավելի կոռեկտ լինել:

«Դիմում եմ ոչ պատշաճ արտահայտություն արած տխրահռչակ պատգամավորին, հարգանքով վերաբերվե՛ք շոուբիզնեսցիներին եւ, առհասարակ, բոլոր քաղաքացիներին: Մենք էլ կարող ենք շատ արտահայտություններ անել, բայց մեր դաստիարակությունը մեզ թույլ չի տա: Եթե մեր պատգամավորները իր նման են, իր մակարդակի, ուրեմն մենք ողբալի վիճակում ենք»,- ասաց Աննան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորի հայտարարության առնչությամբ իր դժգոհությունն էր հայտնել երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանը:

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք երգչուհին առաջիկայում հանդես կգա նոր տեսահոլովակով. «Ո՛չ, որովհետեւ գումար չկա: Բայց եթե հնարավորություններ ստեղծվեն, կցանկանամ անդրադառնալ հին հայկական մի գործի: Հիմա դադարի շրջանում եմ, սպասողական փուլում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Հարցրեցինք նաեւ ամառային հանգստի մասին: Աննան նշեց, որ այժմ աշխատանքային բուռն շրջան է իր համար, ուստի նախընտրում է հանգստի մեկնել աշնանը. «Բայց կոնկրետ պլաններ չեմ կազմում, քանի որ այդ դեպքում միշտ ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք խոչընդոտում են դրանց իրականացմանը: Նախընտրում եմ ամեն բան սպոնտան անել: Այս պահին կցանկանայի լինել ծովում, բայց, հնարավոր է, հաջորդ պահին ուզենամ լեռնային հանգստի մեկնել»,- եզրափակեց երգչուհին:

Մանրամասները` տեսանյութում

Աննա Բաբաջանյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս