Թատրոնում ինձ ռեալիզացված չեմ զգում, կարող էի ավելին անել. Մարինե Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

« Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է «Գոյ» թատրոնի դերասանուհի, նկարչուհի Մարինե Պետրոսյանը: Նա անդրադարձել է ստեղծագործական ազատության մեջ ապրելու, թատրոնում ամբողջովին ռեալիզացված չլինելու, կերպարվեստի մեջ ինքն իրեն գտնելու թեմաներին: Դերասանուհին խոստովանել է, որ թատրոնում կարող էր ավելին անել, պարզապես այն կոլեկտիվ մոտեցումներ է պահանջում, իսկ, ահա, նկարչությունը անհատին շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Մենք պարզել ենք, թե Մարինե Պետրոսյանը որ դեպքում է իրեն երջանիկ համարում եւ ինչը կամ ում է համարում կյանքի մեծագույն նվերը:

-Մարինե՛, կա՞ մի բան, որ օրվա ընթացքում անպայման պետք է անեք:

-Այո՛, սուրճ խմելը:

-Այս փուլում կյանքի իմաստը որտե՞ղ եք տեսնում:

-Ստեղծագործական ազատության մեջ. դա նաեւ բժշկություն է, ամեն ինչ է…

-Կա՞ ուտեստ, որից երբեք չեք հրաժարվում:

-Հաց ու պանիր:

-Ինչպիսի՞ տնային տնտեսուհի եք:

-Ես չեմ սիրում առօրեականությունը, բայց խոհանոցում էլ երբեմն ստացվում է ստեղծագործել, հորինել:

-Ո՞ւմ կվստահեիք Ձեր ամենամեծ ու նվիրական գաղտնիքը:

-Ինձ:

-Ո՞ր մուլտֆիլմը կարող եք հազար անգամ դիտել եւ չհոգնել:

– «Ջրահարս»-ի սովետական վերսիան:

-Ձեզ միշտ զարմացրել են մարդիկ, որոնք…

-Անամոթ են:

-Ո՞ր ժանրի երգերն են Ձեզ հոգեհարազատ:

-Ջազն է իմը:

-Ինքներդ Ձեզ նեղացկոտ մարդ համարո՞ւմ եք:

-Կարող է լինել եւ այդպես, պնդերես մարդ չեմ, բայց փորձում եմ արդարացնել դիմացինի արարքները, մտնել նրա հոգեվիճակի մեջ: Միշտ եմ այդպիսին եղել:

-Ձեր լավագույն դերը թատրոնում ո՞րն եք համարում:

-Կա մի կերպար, որին մինչեւ օրս փորձում եմ կյանք տալ. խոսքը Բեքեթի «Գոդոյին սպասելիս» ստեղծագործության հերոսներից մեկի` Լաքիի մասին է (բեմադրիչ` Արթուր Սահակյան): Նա հարստացրել է ինձ, պահում եմ Լաքիին իմ հիշողությունների մեջ:

-Թատրոնում Ձեզ ռեալիզացված համարո՞ւմ եք:

-Ո՛չ, ես կարող էի սրա կրկնակին, եռակին անել, բայց թատրոնը ազատ արվեստ չէ, այն ենթադրում է խմբային, կոլեկտիվ մոտեցում: Քեզ պետք է տեսնեն տվյալ դերում, կանչեն, աշխատանքդ պետք է համաձայնեցվի գեղարվեստական ղեկավարի, մյուս աշխատակիցների մոտեցումների հետ: Անխոս, կարող էի անել ավելին: Ես ինձ ուրիշ բաների համար էի պատրաստել: Սովոր չէի տարիներով սպասել, թե երբ էլի կխաղամ: Եվ երբ այդ սպասման փուլն էլ սպառեց իրեն, ինձ գտա կերպարվեստի մեջ, ինձ համար նոր աշխատանք հորինեցի: Եվ այն էներգիան, որը չէի կարողացել ռեալիզացնել թատրոնում, սպառեցի նկարչության մեջ: Ես նկարում եմ իմ ապրումները: Երբեք չեմ համարել ինձ նկարչուհի կամ, առհասարակ, արվեստագետ… Ես ինձ համարում եմ արվեստասեր: Չեմ նկարում ցուցադրվելու համար, բայց վերջերս հանգամանքների բերումով ստացվեց այնպես, որ կտավներս նաեւ ցուցադրվեցին:

-Դուք նկարահանվում եք նաեւ ֆիլմերում: Հայ կինոյի ներկան ինչպիսի՞ն եք տեսնում:

-Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում ամեն բան կփոխվի դեպի լավը: Դրականն եմ ուզում տեսնել: Իհարկե, կնախընտրեի, որ ֆիլմերում նկարահանվելու համար ծախսած ժամանակս տրամադրած լինեի թատրոնին:

-Որտե՞ղ եք զգում ինչպես ձուկը ջրում:

-Միայն իմ երեւակայության մեջ: Դա միակ տեղն է, որտեղ ամեն բան հնարավոր է:

-Ո՞ր դեպքում եք Ձեզ երջանիկ զգում:

-Երբ նշածս ստեղծագործական ազատությունն առկա է: Այն նոր շերտեր է բացում իմ մեջ: Ես ավելի եմ մոտենում ինքս ինձ, ճանաչում եմ ինձ, բացահայտում այնպիսի հնարավորություններ, որոնց մասին գուցե չգիտեի: Այդ մթնոլորտում սովորում եմ դիտորդ լինել:

-Շատ ընկերներ ունե՞ք:

-Աշխարհի չափ: Բոլորն իմ ընկերներն են: Սկզբում գրկաբաց եմ ընդունում մարդուն, առաջին ազդակս միշտ անկեղծ է ու ընկերական: Հետո կարող եմ հեռանալ, երբ պարզվի, որ մենք տարբեր աշխարհներից ենք:

-Եվ վերջում` կյանքի մեծագույն նվերը ի՞նչը կամ ո՞ւմ եք համարում:

-Հենց կյանքը եւ որդուս:

Աննա Բաբաջանյան




Լրահոս