«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ազգային, ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանն է: Նա անդրադարձել է շոու-բիզնեսի հետ կապված իրեն մտահոգող թեմաներին, նշել, թե որն է ամուր ընտանիք ունենալու գրավականը:
-Գոհա՛ր, սիրում եք տանը միայնա՞կ մնալ, թե՞ շրջապատված լինել ընտանիքի անդամներով, բարեկամներով:
-Մենակություն չեմ սիրում, նեղսրտում եմ դրանից: Երբ շատ հոգնած եմ լինում, ձգտում եմ միայնության, բայց մեկ ժամ անց էլի ուզում եմ շրջապատել ինձ մարդկանցով: Վախենում եմ մենակությունից:
-Ո՞վ կամ ի՞նչը կարող է Ձեզ ոգեշնչել:
-Ընտանիքիս անդամները, ծնողներս:
-Այս երեքից որի՞ն չեք դիմանում, ո՞րն է Ձեզ համար անհաղթահարելի` ծարա՞վը, սո՞վը, թե՞ քնելու ցանկությունը:
-Ծարավը:
-Սովորաբար նախընտրում եք ռիսկի դիմե՞լ, թե՞ տասը չափել, մեկ կտրել:
-Երբ մտքիս մի բան եմ դնում, շատ դժվարությունների միջով անցնելով` անպայման իրականացնում եմ, բայց այդ ընթացքում զուգահեռ տասը չափում, մեկ կտրում եմ:
-Դիմացինին կասե՞ք ճշմարտությունը, որքան էլ այն ցավալի լինի:
-Եթե շատ հարազատ մարդ է, այո, բայց եթե հասկանում եմ, որ այն, ինչ ինձ դուր չի գալիս, ոչ թե բնավորության գիծ է, այլ էության մի մասը, նախընտրում եմ լռել. մարդու էությունը երբեք չի փոխվում:
-Կա՞ մի բան, որ հայտնի մարդը երբեք չպետք է անի:
-Գոռոզանալ, մեծամտանալ: Ինձ երբեք չի սպառնացել դա: Տաղանդը մարդուն աստված է տալիս, դրանով չեն ինքնահաստատվում:
-Շարունակե՛ք միտքը. «Ոչ ոք չի հավատա, բայց ես…»
-Կարող եմ չարանալ եւ ինքս ինձ չճանաչել:
-Ձեր արտաքինի մեջ կա՞ մի բան, որը մշտապես բարդույթավորել է Ձեզ:
-Ոչ, երբեք չի եղել եւ չկա:
-Ինչ էլ պատահի, գիտեք, որ…
-Անպայման հասնելու եմ նպատակիս:
-Կա՞ բնավորության մի գիծ, որից մշտապես տուժել եք:
-Ամեն ինչ շատ խորն եմ ընդունում, նրբազգաց եմ: Երբեմն կարելի է ինչ-ինչ հարցեր շրջանցել, բայց ես շատ ծանր եմ տանում, փոքրիկ մի բանից կարող եմ վիրավորվել:
-Ինչ էլ լինի, կա մեկը, ով միշտ օգնության կհասնի Ձեզ, եւ այդ մեկը…
-Մեկը չէ` մայրս, ընտանիքիս անդամները:
-Ո՞րն է կանանց մասին Ձեր լսած ամենահայտնի միֆը:
-Որ ասում են` հայ կանայք մեքենա վարել չգիտեն: Այսօր տղամարդիկ ավելի շատ խախտումներ են անում եւ վատ են վարում:
-«Սիրող մարդն էլ է հեռանում, եթե…»
-Եթե դիմացինը չափն անցնում է:
-Ձեր մասնագիտության ամենադժվար կողմը:
-Շատ երգեր կան, որոնք կցանկանայի հանրության դատին հանձնել, բայց, ցավոք, այսօր ստիպված եմ միջոցառումներին մասնակցելու համար այդ լուրջ երգերը մղել երկրորդ պլան: Թեպետ ես փորձում եմ չշեղվել ինձ հոգեհարազատ ժանրից, խնջույքներին էլ ազգային, ժողովրդական երգեր եմ կատարում, բայց, ամեն դեպքում, կան ուրիշ, ոչ պարային երգեր, որոնք դեռ չի ստացվում հանրայնացնել: Ընդհանրապես, ամեն երգիչ գլուխը բարձին դնելուց առաջ պետք է մտածի` անկեղծ էր հանդիսատեսի հետ, թե ոչ. այն, ինչ մատուցում է, արդյոք իրենն է:
-Մտերիմ ընկերուհուց երբեւէ հիասթափվե՞լ եք:
-Եթե մի բան ինձ դուր չգա, ես անպայման կասեմ, չեմ թողնի, որ բանը դրան հասնի:
-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում:
-Մարդկային կորստից: Հիմա շատ ծանր եմ տանում, երբ շրջապատից նման լուրեր եմ ստանում:
-Երեւանում ո՞րն է Ձեզ համար ամենահոգեհարազատ վայրը:
-Հայրական տունս: Ուր էլ գնամ, դա միակ տեղն է, որտեղ հանգստանում եմ, որը շատ սիրում եմ:
-Ո՞ր երկիր սիրով կվերադառնայիք:
-Ավստրալիա: Մեկ անգամ եղել եմ, էլի կցանկանայի լինել:
-Շոու-բիզնեսում կա՞ մի երեւույթ, որի հետ այդպես էլ չեք համակերպվել, հաշտվել:
-Տա Աստված, որ մի օր մեր երկրում իսկապես լինի շոու-բիզնես: Դա սերտորեն կապված է մեր կենսամակարդակի հետ: Իհարկե, մեր իրականության մեջ կա նաեւ այսպիսի մի երեւույթ. հայաստանցի արտիստի համերգի համար չեն ուզում թանկ վճարել, բայց դրսից մեկը գալիս է, անմիջապես մոռանում են, որ իրենք վճարունակ չեն, գնում եմ բավական թանկ տոմսեր: Հիմա մեզ մոտ շոուբիզնեսցիները մտածում են` ինչպես փող աշխատեն,այդ պատճառով պարողը երգում է, երգողը պարում, ամեն բան խառնվել է իրար: Երանի գար մի ժամանակ, երբ ամեն մեկն իր գործով կզբաղվեր:
-Ամուր ընտանիք ունենալու համար ի՞նչ է պետք…
-Նախ` հարգանք, հետո` սեր: Միայն սերը բավական չէ: Դա իմ կարծիքն է:
-Եվ վերջում` շարունակե՛ք միտքը. «Եթե ցանկանում ես, որ կյանքը ժպտա քեզ, որ հաջողակ լինես…»
-Պետք է սիրված լինես:
Աննա Բաբաջանյան