Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն պարբերաբար քաղաքացիներ են ահազանգում` հայտնելով, որ Տավուշի մարզի առանձին հատվածներում բեռնատարները լուրջ ստուգման են ենթարկվում ոստիկանների կողմից, որից հետո միայն թույլատրվում է շարունակել երթեւեկությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները հատուկ ստուգում են բեռնատարները, որպեսզի կարողանան կանխեն անտառահատման դեպքերը:
Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն` Տավուշի մարզում հատուկ հենակետեր են ստեղծվել, որտեղ բացի իրավապահներից ներգրավված են նաեւ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ, որոնք եթե բեռնատարում տեսնում են փայտ, ապա ստուգում են փաստաթղթի օրինականությունը:
Ի դեպ, երեկ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով` Տավուշի մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել։ Նշենք, որ տեւական ժամանակ էր, ինչ մարզը ոստիկանապետ չուներ: Օրերս Իջեւանում տեղի ունեցած դեպքերից հետո ոստիկանապետ նշանակելու գործընթացը արագացվեց:
Հավելենք, որ Իջեւանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության եւ խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձի։ 10 անձ կալանավորվել է, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, մեկի նկատմամբ՝ ստորագրություն` չհեռանալու մասին:
Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ զենք կան որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանությունը, ինչպես նաեւ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից: Հավելենք, որ քրեական գործի շրջանակներում 11 անձ դեռ որոնվում է: