Առաջիկայում «Ոստիկանության մասին» օրենքում լրացում ու փոփոխություն կկատարվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արդարադատության նախարարությունն առաջարկում է խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների եւ օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել տեսագրող ու տեսաձայնագրող սարքերով:
Պարզվում է` ոստիկանությունը տեսագրող ու տեսաձայնագրող սարքերի տեղադրման խնդիր չունի, այլ անհրաժեշտ է իրավական հստակ կարգավորում նախատեսել դրանց իրականացման համար: Բացի այս, երբ ոստիկանության ծառայողը համազգեստով է, եւ օրենքով հստակ ամրագրված է, որ տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ նրա ձեռքում, ծառայողական ավտոմեքենայում, ապա տեսանկարահանումը քաղաքացիների համար կանխատեսելի է:
Իսկ եթե ոստիկանության ծառայողը համազգեստով չէ, ապա այդ դեպքում նա պետք է բանավոր նախազգուշացնի տեսանկարահանելու մասին: