Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով ձևավորված հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 23–ին Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստում հայտարարեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Հանձնաժոովի կազմում են ընդգրկված նաև ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի բժիշկ Հարություն Հեքիմյանը։
Դատավորը տեղեկացրեց, որ հանձնաժովը մտադիր է հուլիսի 25–ին այցելել Մանվել Գրիգորյանին։
Այս գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով հանձնաժողովը դիմել էր դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Դատավորը պատրաստվում է պատասխան գրություն ուղարկել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ին և «Նաիրի» ԲԿ–ին , որպեսզի նրանք ապահովեն հանձնաժողովի անդամների մուտքը հիվանդանոց և Գրիգորյանի նկատմամբ հետազոտությունների իրականացումը։