Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևը հանձնել է դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար, Հանրապետության նախագահի հրամանագրով, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով։

Նախագահական նստավայրում այսօր նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևը հանձնել է երջանկահիշատակ Արման Կիրակոսյանի ընտանիքի անդամներին:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, դիվանագետներ, գիտնականներ, Արման Կիրակոսյանի ընկերները:

Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է, որ Արման Կիրակոսյանը մեծ գիտնական ու փայլուն դիվանագետ էր, իր լավագույն գործընկերն ու ընկերը: «Իհարկե, թվում է, թե այս պարգևն Արմանին պետք է հասներ տարիներ առաջ: Սակայն կարծում եմ, որ այն երբեք ուշացած չէ, որովհետև Արման Կիրակոսյանի կյանքը շարունակվելու է, և մեր գնահատականն Արմանին՝ մեծ մարդուն, գիտնականի և դիվանագետի նրա գործունեությանը շարունակվելու է: Ապագայում նույնպես մենք հավաքվելու ենք՝ գնահատելու մեր ընկերոջ, գործընկերոջ փայլուն կյանքը: Վստահ եմ, որ նրա անտիպ գործերը կհրապարակվեն, որ նրա հետ կապված բազմաթիվ քննարկումներ ենք ունենալու նաև դիվանագիտության, հայկական հարցի, Հայոց ցեղասպանության հետ կապված, և ընդհանրապես, շատ հաճախ ենք հիշելու մեր ընկերոջը»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Մանրամասները`տեսանյութում




Լրահոս