Նոր կրքեր աշխատավարձերի բարձրացման շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որը վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Մասնավորապես, նրանք առաջարկում են քաղաքապետարանի աշխատակազմի, հատկապես` մասնագիտական օղակների աշխատակիցների աշխտավարձերի համաչափ բարձրացում: Ինչպես հայտնի է, դեռեւս մայիսի 8-ին ավագանու նիստում պետք է համանման նախագիծ քննարկվեր` արդեն հենց քաղքապետարանի կողմից ներկայացված, սակայն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանել էր օրակարգից, քանի որ կոնսենսուս չկար: Եվ հետ կանչելուց հետո այդպես էլ նոր նախագիծ չի ներկայացվել` ըստ էության չբավարարելով աշխատակազմում առաջացած սպասումները:

Արդեն ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է աշխատավարձերի շուրջ 30 տոկոսի համաչափ զարգացում, որը տեղի չի ունեցել անցած տարի: «Լույս» խմբակցության կողմից մշակված նոր նախագծի համաձայն` քաղաքապետի աշխատավարձը նախատեսվում է 575 հազար դրամի փոխարեն դարձնել 741 հազար դրամ, քաղաքապետարանի վարչության պետերի աշխատավարձերը 346 հազար դրամի փոխարեն դարձնել 501 հազար դրամ, քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 478 հազար դրամի փոխարեն դարձնել 669 հազար դրամ, իսկ տեղակալների աշխատավարձերը 443 հազար դրամի փոխարեն դարձնել 620 հազար դրամ:

Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը 400 հազարի դրամի փոխարեն առաջարկվում է դարձնել 480 հազար դրամ: Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի աշխատավարձն առաջարկվում է 443 հազար դրամի փոխարեն դարձնել 620 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ նախկինում քաղաքապետարանը առաջարկել էր քաղաքապետի աշխատավարձը դարձնել 1 մլն 200 հազար ՀՀ դրամ, իսկ բոլոր վարչությունների պետերի աշխատավարձերը` 641 հազար ՀՀ դրամ, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը` 773 հազար ՀՀ դրամ: Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձն առաջարկվում էր դարձնել 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը` 912 հազար դրամ: Երեւանի գլխավոր ճարտարապետի աշխատավարձն առաջարկվում էր դարձնել 912 հազար ՀՀ դրամ:

Այս փոփոխությունները դժգոհություններ էին առաջացրել նաեւ այն հանգամանքի առնչությամբ, որ փաստացի Երեւանի քաղաքապետը կվարձատրվեր այնքան, որքան վարչապետը, քաղաքապետի տեղակալները կստանային 947 հազար դրամ` ավելին, քան Ազգային անվտանգության ծառայության տնօրենի վարձատրությունն է. մարզպետը վարձատրվելու էր ավելի քիչ, քան թաղապետի տեղակալը։

Սակայն մայիսի 8-ին նախագիծը հանվեց օրակարգից, քանի որ անհամաձայնություններ կային նաեւ իշխող «Իմ քայլը» խմբակցության ներսում, իսկ ընդդիմադիր խմբակցություններն էլ ասել էին, որ իրենք կողմ չեն քվեարկի նախագծին, եթե այն փոփոխության չենթարկվի: Եվ չնայած այն չընդունվեց եւ պետք է փոփոխվեր, սակայն մինչ այժմ այդ առնչությամբ որեւէ նորություն առկա չէ, եւ հայտնի չէ, թե նախագծի նոր տարբերակը երբ կքննարկվի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քաղաքային իշխանությունները չեն հրաժարվել իրենց աշխատավարձերը բարձրացնելու մտքից եւ այժմ էլ աշխատում են այդ նախագծի վրա` փորձելով գտնել այնպիսի տարբերակ, որին ընդդիմադիրները կհամաձայնեն, եւ հանրության շրջանում էլ դժգոհություններ չեն լինի: Մեր տեղեկություններով` մտադրություն է առկա այդ նախագիծը հասցնել ավարտին աշնան սկզբին եւ ներկայացնել սեպտեմբերին գումարվող առաջին նիստում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ զրուցեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի հետ, որը մեր զրույցի պահին դեռ չէր ծանոթացել իրենց ընդդիմադիր գործընկերների կողմից ներկայացված տարբերակին եւ չցանկացավ գնահատական տալ` նշելով, թե այդպիսի հարցերը պետք է մանրակրկիտ քննարկում անցնեն խմբակցությունում կամ համապատասխան հանձնաժողովներում: Դրա փոխարեն խմբակցության քարտուղարն ընդգծեց, թե միանշանակ կողմ է, որ պետք է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրանան, քանի որ նրանք պետք է լավ վաստակեն: Ամեն դեպքում, խմբակցության քարտուղարը դժվարացավ ասել, թե ինչու է ուշանում արդեն քաղաքային իշխանության կողմից մշակվելիք նախագիծը:

Իսկ մինչ այդ ընդդիմադիր «Լույս» խնբակցությունը դիմել է քաղաքապետին իրենց նախագիծն արտահերթ նիստում քննարկելու համար:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս