Հուլիսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման հիմնական թեման ՎԶԵԲ-ի 2019-2024 թթ. երկրի ռազմավարության նախնական տարբերակի քննարկումն էր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առաջիկա 5-ամյա ժամանակահատվածում երկրի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, Դմիտրի Գվինդաձեն փոխվարչապետին ներկայացրեց Բանկի կողմից մասնավոր ու հանրային հատվածում աջակցության շրջանակը, ծավալն ու գործիքները:
ՎԶԵԲ հետ համագործակցության առանցքային ուղղություններ են լինելու մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը, կառավարման բարելավումը և գործարար միջավայրի բարեփոխումներին աջակցությունը, ինչպես նաև՝ կայուն ենթակառուցվածքների զարգացումը:
Փոխվարչապետը կարևորեց նշված ուղղություններով Բանկի հետ փոխգործակցությունը և, հատկապես, կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղվող միջոցառումների արդյունավետ իրականացումը: