«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին ԲՀԿ խմբակցության պատգամավորներից շատերը արտերկրում վայելում են իրենց «վաստակած» հանգիստը: Արդեն երկար ժամանակ է, ինչ ԲՀԿ-ականներով չեն հավաքվել, քննարկում չեն ունեցել: Խորհրդարանում պաշտոնական արձակուրդի մեկնարկից անմիջապես հետո շատերը մեկնել են երկրից:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ` պարզելու համար` ինչ ձեւաչափով են ԲՀԿ-ականները աշխատելու արձակուրդային ժամանակահատվածում:
-ԲՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ ինչպես այս օրերին, երբ պատգամավորների մեծամասնությունը արդեն արձակուրդում է գտնվում կամ արտերկրում, մենք դեռ շարունակում ենք աշխատել, գտնվել ՀՀ-ում: Իհարկե, կարճատեւ արձակուրդ մի քանի օր կունենան բոլորն էլ, սակայն այս ընթացքում արվում են աշխատանքներ` տարբեր օրինագծերի մշակման հետ կապված, նաեւ տարբեր այցելություններ են լինում տարբեր մարզեր մեր բնակիչների հետ: Տարբեր ձեւաչափերով մեր պատգամավորները հանդիպումներ են ունենում այս կամ այն խնդիրներով մտահոգ շրջանակների հետ: Միքայել Մելքումյանը Բագրատաշեն է մեկնել` կուտակումների հետ կապված` հասկանալու հարցի իսկությունը, Նաիրա Զոհրաբյանը կենդանիների պաշտպանության օրինագծի մասով հանդիպումներ է ունեցել, այնպես որ, առաջիկա կես ամիսը դեռ աշխատանքային պրոցես է լինելու, հետո կլինի կարճատեւ արձակուրդ նրանց համար, ովքեր այս ժամանակահատվածում աշխատել են:
-Տեղեկություններ կան, որ աշնանը վերադասավորումներ կլինեն խմբակցություններում. Ձեզ մոտ սպասվո՞ւմ է այդպիսի իրավիճակ:
-Մեր խմբակցությունում վերադասավորումների հետ կապված որեւէ քննարկում չկա, նման հարց չի քննարկվում, մենք ունենք մեր օրակարգը, որով մենք շարժվում ենք առաջ, որեւէ նման հարց մեր խմբակցությունում չի քննարկվել: Միակ գործընթացը, որը ընթացքի մեջ է, դա այն է, որ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ դինամիկ կապի մեջ ենք շարունակելու լինել ազգաբնակչության հետ, եւ եթե կան ինչ-որ հարցեր, ապա փորձում ենք դրանք լուծել: Բնականաբար, այդ ամենն արվում է պատգամավորական լիազորությունների շրջանակներում:
զրուցեց Սոնա Գրիգորյանը