«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել, եւ որոշում է կայացվել նախարարի աշխատակազմը կազմաքանդել. փոխարենը ստեղծվելու է գլխավոր քարտուղարություն:
Հուլիսի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաեւ ղեկավար կազմից, պաշտոնից ազատումներ եւ անսպասելի նշանակումներ են լինելու: Տեղեկացանք, որ ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու. գլխավոր վարչությունները կոնկրետ ուղղավածություն են ունենալու, իսկ, ահա, ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմը ամբողջությամբ կազմաքանդվելու է, եւ դրա փոխարեն ստեղծելու է գլխավոր քարտուղարություն:
Այս ֆոնին նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին հասկացրել են, որ նախապատրաստվեն, քանի որ նախարարության կառուցվածքային փոփոխությունները ունենալու են ոչ հաճելի անակնկալներ` կրճատումներ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախարարության ղեկավար կազմը հասկացրել է նախարարության հնաբնակ աշխատակիցներին, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առավել մեծ տեղ են տալու երիտասարդներին, ասել է թե` նախարարության հնաբնակներին բացատրել են, որ նրանք կամաց-կամաց հավաքեն իրենց իրերը: Ու նախարարության որոշ պաշտանատար անձինք այս օրերին շունչները պահած սպասում են, թե փոփոխությունների արդյունքում իրենց ինչ առաջարկ է արվելու:
Շատերն արդեն ներքին խոսակցությունների ժամանակ կարծիք են հայտնել` եթե իրենց այդքան էլ նորմալ աշխատանք չառաջարկեն, ապա իրենք համակարգում չեն մնա: Նկատենք, որ մինչ ՊՆ-ում սպասում են կառուցվածքային փոփոխությունների, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի եւ նախարար Դավիթ Տոնոյանի հարաբերությունները շարունակում են լարվել: Դեռեւս 2019 թվականի ապրիլի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի միջեւ տարաձայնություններ են սկսվել, բանը հասել է նույնիսկ տհաճ խոսակցությունների: Դեռ նախորդ տարի ՊՆ հրամանով ժամկետային զինծառայողներին թույլատրվել է բջջային հեռախոսներից օգտվել, միաժամանակ սահմանվել է այդ հեռախոսներից օգտվելու կարգը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ԳՇ պետն էլ իր հերթին որոշում է կայացրել, ըստ որի` սպաները զորամասում կարող են հեռախոս ունենալ, բայց ոչ սմարտֆոն: Դ. Տոնոյանն ասել է, թե սա մարդու իրավունքների խախտում է, անձնական կյանքին միջամտելու փորձ: Տեսակետ կա, որ նախարարին զայրացրել է այն հանգամանքը, որ ԳՇ պետն այդ որոշումը կայացրել է առանց իր հետ քննարկելու եւ առանց տեղյակ պահելու:
Սակայն նկատենք, որ բացի այս դեպքից մի շարք այլ հարցերում եւս նախարարի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի միջեւ անհամաձայնություն է եղել, եւ անգամ նախարարությունում լուրեր կան, որ բարձրաստիճան զինվորականները նախարար Տոնոյանին բողոքել են ԳՇ պետի գործունեությունից: Ավելին, նախարարությունից մեզ հասած լուրերի համաձայն` չի բացառվում, որ նախարարության կառուցվածքային փոփոխություններից հետո ԳՇ պետ Արտակ Դավթյանը եւս հեռանա պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ինչին ի պատասխան` վերջինս հայտնեց. «Ես իրավասու չեմ մեկնաբանել կառուցվածքային փոփոխությունների մասին տեղեկությունները: Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, ապա կարող եմ հայտնել, որ պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի փոխհարաբերությունները նորմալ են եւ աշխատանքային»:
Քնար Մանուկյան