Ո՞ր երկրում է անցկացնելու ամառային հանգիստը Եգոր Գլումովը եւ ու՞մ հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովն այս ամռանը ընտանիքի հետ կհանգստանա Ռոդոս կղզում: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ Հունաստան են մեկնում տասը օրով: «Այնտեղ իսկապես հնարավոր է ընտանեկան հիանալի հանգիստ կազմակերպել, բացի այդ, ինձ համար բավական կարեւոր է, որ երեխաներս հարաբերվեն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի հետ»,-ասաց Գլումովը:
Հարցին` պասիվ, թե ակտիվ հանգստի սիրահար է, հաղորդավարը պատասխանեց. «Չորս երեխա ունեմ, եւ ակտիվ հանգիստ անցկացնելը գրեթե անհնար է: Շատ եմ սիրում ծով, միշտ հիացել եմ սըրֆինգով, բայց ժամանակ չեմ ունեցել զբաղվելու դրանով: Մտածում եմ` մեծ հասակում հարստություն կկուտակեմ ու Հավայան կղզիներում սըրֆինգով կտարվեմ: Առհասարակ, ինձ հաճախ են հրավիրում էքստրեմալ հանգիստ անցկացնելու, բայց եթե դա աշխատանքիս, նկարահանումների հետ կապված չի լինում, հրաժարվում եմ: Նախընտրում եմ ընտանիքիս հետ պասիվ հանգստի մեկնել»:

Հետաքրքրվեցինք` մշտապես երեխաներին տանում են իրենց հետ, թե նախապատվությունը տալիս են երկուսով հանգստանալուն. «Միշտ նախընտրում եմ հանգստանալ երեխաների հետ, կինս` երբեմն ոչ, ուզում է երկուսով լինենք: Քսան տարվա ամուսիններ ենք, մեկ անգամ է ստացվել, որ երկուսով հանգստի գնանք: Ի դեպ, դա Հռոմում էր: Մյուս բոլոր դեպքերում երեխաները մեզ հետ են եղել»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Ամենատպավորիչ երկրները, որտեղ եղել է, Եգոր Գլումովը համարում է Հունաստանը, Ռուսաստանն ու Հոլանդիան: Ամեն մեկը գրավել է իր առանձնահատկությամբ. մեկը` մշակույթով, մյուսը` սպորտային լինելով, հետաքրքիր կոլորիտով: Ինչ վերաբերում է Հայաստանին, հաղորդավարը տպավորվել է, օրինակ, Ջիլիզա գյուղով. «Շատերը չեն պատկերացնի, որ մեր երկրում կարող են նման անտառներ լինել: Եթե, օրինակ, մեկի աչքերը փակես ու այնտեղ հասցնելուն պես բացես, չի հավատա, որ դա Հայաստանում է: Շատ եմ սիրում նաեւ Շուշին, Օշականը, որտեղ, ի դեպ, տուն ունենք»,- եզրափակեց հաղորդավարը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս