Արցախի նախկին փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է։ Այս մասին ArmLur.am–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նա հայտնեց, որ քննիչի որոշմամբ Աղաբեկյանի նկատմամբ 2018թ. օգոստոսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը) հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն առերևույթ չարաշահումներ էր արձանագրել «Մարտիկ» հիմնադրամում՝ 2012-2016թթ. ընթացքում, որոնց հետևանքով, վատնման եղանակով, հիմնադրամին պատկանող միջոցներից հափշտակվել էր 54 մլն ՀՀ դրամ։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ օգոստոսի 29-ին Արթուր Աղաբեկյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նշենք նաև, որ պատճառված վնասը՝ մոտ 63 միլիոն ՀՀ դրամը, վերադարձվել է։