«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների եւ Սամվել Բաբայանի թիմակիցների միջեւ լարվածությունը այս օրերին իր գագաթնակետին է հասել: Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Սամվել Բաբայանը պլաններ ունի իր ստորագրահավաքի մերժման դեպքում իր թիմակիցների միջոցով փակել Արցախ տանող միջպետական ճանապարհները: Այդ մասին տեղյակ են ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ անում են` կանխելու ստեղծված իրավիճակը: Իսկ ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն մոտավոր ունի այն ստորագրությունների թիվը, որը Ս. Բաբայանի համախոհները ներկայացրել են:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է Սամվել Բաբայանին սատարող ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, մեր տեղեկությունների համաձայն` Արցախում օր-օրի լարվածությունը մեծանում է, քանի որ Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմակիցները նպատակ ունեն փակել ավտոճանապարհները: Նշվում է նաեւ, որ այս ժամանակահատվածում անընդհատ հավաքներ ու քննարկումներ են ունենում, պլաններ մշակում: Որքանո՞վ են իրատեսական այդ տեղեկությունները:
-Ես հավաքներին չեմ մասնակցում, բայց տեղյակ եմ` ինչ է կատարվում: Ձեզ ասեմ, որ հիմի ճանապարհ չեն փակում, նախ` ստորագրահավաքի արդյունքները դեռ հայտնի չի, մոտավոր 25 հազար ստորագրահավաք է եղել, իսկ հետագան կերեւա որոշ ժամանակ հետո, պարզ կլինի` ինչու, երբ:
-Բայց ի՞նչ ակնկալիքներ ունեք` որպես Սամվել Բաբայանի թիմակից:
-Լավ ելք է լինելու, ժողովրդավարությունը հաղթելու է Արցախում. ինչպես Հայաստանում հաղթեց, այնպես էլ Արցախում է հաղթելու: Իշխանության կգան մարդիկ, ովքեր այդ երկրի համար են մտածում, երկրի տերը ժողովուրդն է, ովքեր պետք է տեր լինեն իրենց երկրին: Պետք է այդ ամենն անի Բաբայանը ժողովրդի հետ, Բաբայանը չի կարող մենակով ոչ մի բան անի, Բաբայանն իր ժողովրդի հետ է, ժողովրդի հետ ամեն ինչ էլ կարող է անել:
-ԼՂՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Սամվել Բաբայանի միակ ցանկությունը Արցախի նախագահ դառնալն է, ու այս լարվածության միակ պատճառը դա է: Բայց արդյոք արցախցիները ցանկանո՞ւմ են, որ Բաբայանը ղեկավարի երկիրը:
-Ինքը գերազանց կղեկավարի Արցախը, դա միանշանակ համոզված եղեք, բայց առաջնային նպատակը նախագահ դառնալը չի, առաջնային նպատակը արդար ընտրությունների գնալն է: Տեսնենք, կարող են. ինչ որ կատարվեց դեկտեմբերի 7-ի ընտրությունների ժամանակ` ժողովուրդն իր ձայնը հասցրեց տեղ, իր քվեն չգողացան, իր քվեն չգնեցին: Հիմա մեր ամբողջ նպատակը, որ Արցախում նույնը տեղի ունենա, որ ժողովուրդը իր քվեի տերը լինի, որպեսզի կարողանա հասնի իր նպատակին: Առաջինը դա է մեր նպատակը, հետագայում կերեւա` ինչ, ոնց: Մենք պետք է հասկանանք, որ Արցախում պետք է լինեն արդար ու թափանցիկ ընտրություններ: Հայաստանում դա արդեն եղել է, ու ԼՂՀ-ում դա պետք է տեղի ունենա:
-Արցախում նշում են, որ Սամվել Բաբայանի շուրջ հավաքված մարդիկ կրիմինալի ներկայացուցիչ են, շատերը Բաբայանին չեն ընդունում հենց իր թիմակիցների պատճառով: Արդյոք ճի՞շտ են այդ տեղեկությունները:
-Ղալաթ են անում, որ նման տեղեկություններ են տարածում. իսկ նման բան ասողներն ովքե՞ր են: Հիմա Նիկոլ Փաշինյանին ովքե՞ր են քննադատում. նախկիններն են վարկաբեկում, Արցախում էլ նախկիներն են, չէ՞, որ մինչեւ հիմա արցախցին չի կարողանում իր խոսքն ասի: Արցախի ժողովուրդը կրկնակի է ճնշված: Այ արցախցի ժողովուրդն իր խոսքը կասի ընտրությունների ժամանակ:
-Այսինքն` Դուք կարծում եք, որ իշխանությունները թույլ չե՞ն տալու, որպեսզի ազատ ու թափանցիկ ընտրություններ տեղի ունենան:
-Ոչ, չի լինի, քանի այս իշխանությունները գործում են Արցախում, արդար ընտրություններ չի լինելու: Հիմիկվա նախագահը եթե խելացի մարդ լինի, ինքը հիմա հրաժարական կտա, եւ կգա մի մարդ նախագահ, որին վստահում է ժողովուրդը, ինքն էլ կկազմակերպի նորմալ, արդար ընտրություններ: Ես կարծում եմ, որ դա լավագույն տարբերակն է այսօրվա դրությամբ: Այդ ժամանակ էլ արդեն ժողովուրդն իր խոսքը կասի: Բակո Սահակյանի իշխանության վերջը եկել է, իրենք էլ չեն կարող ինչ-որ բան անել: Հայաստանի օրինակն արդեն կա, Արցախը շատ լավ տեսել է այդ օրինակը, ժողովուրդը ոտքի է կանգնելու ու քշի տանի բոլորին` բակոներին է՛լ, էն մնացածներին է՛լ: Ես այդ ժողովրդին ճանաչում եմ, ես շատ լավ գիտեմ, թե ով է արցախցին. որ արցախցին ոտքի կանգնեց, այնտեղ էլ ոչ ոք չի կարող խաղ տալ:
-Բայց լարվածություն է առաջացել…
-Լարվածություն չկա, ես տեսնում եմ այնտեղ, որ իշխանությունները միացել են մեկ մարդու դեմ` Սամվել Բաբայանի դեմ, որովհետեւ նրա գալով երկիրը դառնալու է ժողովրդավարական: Նախկինների ամեն ինչը պրծնում է, հիմա ամեն ինչ անում են Սամվել Բաբայանին վարկաբեկելու համար: Եկել է պահ, որ իրենք անգամ կալանավորել են Բաբայանին, բայց հիմա բան չեն կարող անել, որովհետեւ ժողովուրդը բոլորին էլ լավ գիտեն, իսկ մեր նպատակը արդար ընտրությունն է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ