Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հուլիսի 25-ին հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավան, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Ռուսլան Պողոսյանին և Սամվել Մանուկյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ առավել ամրապնդելու հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերությունները: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Տալակվաձեն գոհունակությամբ ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերակատարությունը՝ որպես Հայաստանի և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև հաստատված արդյունավետ հարթակի։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կարևորել են նաև երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջև պարբերական հանդիպումների անցկացումը:

Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծել են վիրահայ համայնքի կարևոր դերակատարությունը ինչպես Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ՝ երկու հարևան և բարեկամ ժողովուրդների ու պետությունների առավել մերձեցման գործում:

Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Տալակվաձեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ շեշտելով խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորման առաջնահերթությունը:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի մատյանում:




Լրահոս