Երեւան քաղաքի դատախազությունում, ոլորտը կարգավորող օրենսդրության եւ իրավական ակտերի լույսի ներքո ծավալուն ուսումնասիրության առարկա են դարձվել հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող Ազատության հրապարակի համալիրի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի պահպանության գոտիներում գտնվող տարածքներում սրճարանների եւ մյուս օբյեկտների տեղադրման կամ շինարարության աշխատանքների, այդ նպատակով հողամասեր տրամադրելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի իրավասությանն առնչվող բոլոր փաստաթղթերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:
Ինչպես հայտնվել էր ավելի վաղ, ուսումնասիրության նպատակով համապատասխան փաստաթղթերը Երեւան քաղաքի դատախազության կողմից պահանջվել եւ ստացվել են Երեւանի քաղաքապետարանից: Նույն նպատակով համապատասխան փասատթղթեր եւ տեղեկատվություն է ստացվել նաեւ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, ինչպես նաեւ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձանց գործողություններում կարող են առերեւույթ առկա լինել կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ, ինչից ելնելով՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությանը հանձնարարվել է քրեադատավարական կարգով նախապատրաստել նյութեր եւ որոշել հետագա ընթացքը:
Նյութերի նախապատրաստման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի, պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության եւ անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք 2002-2018թթ. ընթացքում առերեւույթ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի արդյունքում հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող` Երեւան քաղաքի Ազատության hրապարակի համալիրի, ինչպես նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի պահպանության գոտիներում ապօրինաբար տեղադրվել են սրճարաններ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ թույլատրվել է իրականացնել առեւտրային գործունեություն՝ այդ կերպ էական վնաս պատճառելով հասարակության եւ պետության օրինական շահերին:
Դեպքի առթիվ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար հանձնվել ՀՀ քննչական կոմիտեին: