Երբ իրավապահները Սեւանա լճից ապօրինի որսած սիգ են հայտնաբերում, սիգը չեն թափում կամ հորում, այն հանձնում են մանկատներին, մանկապարտեզներին: Տավուշի մարզում բռնագրավված ապօրինի փայտանյութը կուտակում, թափում են «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում, փայտը մի քանի տարի անց արեւի, անձրեւների, ձյան ազդեցությունից փտում է: Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար «Ժողովուրդը» դիմեց Իջեւանի անտառտնտեսություն:
Անտառտնտեսությունից հայտնեցին, որ իրենց անտառտնտեսության տարածքը հանդիսանում է փայտանյութի պահեստարան, այդտեղ կուտակվում են Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերված, բռնագրավված ապօրինի ձեռք բերված փայատանյութը: Անտառտնտեսությունից հայտնեցին, որ այդ փայտանյութի խմբաքանակները հարուցված քրեական գործերի քննության, այդ կապակցությամբ ընթացող դատավարություների ընթացքում հանդիսանում են իրեղեն ապացույցներ:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե այդ քրեական գործերի, դատավարությունների ավարտից հետո այդ փայտանյութը ինչու չի հանձնվում մանկապարտեզներ, դպրոցներ, մանկատներ, ինչպես արվում է բռնագանձված որսի դեպքում, անտառտնտեսությունից դժվարացան պատասխանել՝ ասելով, թե հարցն իրենց իրավասության շրջանակներում չէ, իրենք չեն կարող այդ խնդրով որոշում կայացնել: