Փայտի բիզնեսով զբաղվողների բողոքի գործողություններից, ոստիկանության հետ բախումներից հետո Իջեւան քաղաքում կադրային որոշ փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Սամվել Ավետիսյանը:
Նա ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: Իր սեփական դիմումի համաձայն` պաշտոնից ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ Վահագն Առաքելյանը, թեեւ այդ նախարարության ինտենետային կայքում դեռեւս որպես Տավուշի տարածքային բաժնի պետ նշված է Վահագն Առաքելյանի անունը:
Վ. Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ իր` աշխատանքից դուրս գալը կապ չունի Տավուշի մարզում կատարված ապօրինի ծառահատումների հետ` չհայտնելով, թե ինչու է այդ դեպքում ինքնակամ թողել պաշտոնը:
Նշենք, որ Վ. Առաքելյանը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է նաեւ զբաղվածության Իջեւանի տարածքային կենտրոնի տնօրենը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ