Ավելի լավ է հանգստանամ Դիլիջանում, քան արտերկրում. Նիկոլայ Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինձ համար ավելի լավ է` հանգստանամ Դիլիջանում, քան արտերկրում: Լավագույն ամառային հանգիստն իմ աչքերով հետեւյալ տեսքն ունի` Դիլիջան, անձրեւ, որն, ի դեպ, իմ տարերքն է, կոնյակ,մաքուր օդ, հրաշալի բնություն, հաճախ նաեւ միայնություն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասան Նիկոլայ Եղիազարյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպիսի հանգստի սիրահար է: Նա, իհարկե, եղել է արտերկրում, սակայն երկար մնալ չի կարողացել. «Դրսում շուտ եմ հոգնում, անընդհատ ձգտում եմ վերադառնալ հայրենիք: Երեւանում լողավազան այցելելն ինձ համար ավելի մեծ հաճույք է, քան արտերկիր գնալը»,-մեկնաբանեց նա:

Այս ամառը Նիկոլայի համար առանձնահատուկ է նրանով, որ Միացյալ Նահանգներից իր երեխաների հետ Հայաստան է այցելել նրա քույրը. «Նա մեզ հետ է ապրում, փորձում ենք ամեն պահը վայելել: Հատկապես ուժգին կապվածություն ունեմ քրոջս որդու` Դավիթի հետ: Նրա հետ հաճախ այցելում ենք լողավազան: Դավիթն առանց ինձ չի կարողանում մնալ: Ես էլ գիտակցում եմ, որ հաջորդ այցի ժամանակ նա արդեն մեծ կլինի, եւ այն պահերը, որոնք այժմ միասին ապրում ենք, այլեւս նույնը չեն լինի, չեն կրկնվի»,-նկատեց դերասանը:

Նիկոլայը սիրում է հանգիստն անցկացնել ինչպես ընտանիքի, հարազատների հետ, այնպես էլմիայնակ. «Սիրում եմ մենակ մնալ մտքերիս հետ, լավ երաժշտություն լսել, բայց, իհարկե, կնոջս, դստերս հետ հանգիստը նույնպես հրաշալի է: Այս փուլում առանձնահատուկ վայելում եմ աղջկաս` փոքրիկ Ռուբինային: Նա ինքնատիպ արձագանք է տալիս ամեն նոր բանի, եւ դա ինձ եւս մեծ հաճույք է պատճառում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Էքստրիմ հանգիստը եւս Նիկոլայի համար է: Նա պաշտում է այն ամենը, ինչը կարող է ադրենալինի աղբյուր դառնալ իր համար. «Սկսած կարուսելներից մինչեւ զիփլայն ինձ մեծ բավականություն են պատճառում: Հնարավորինս օգտվում եմ նաեւ զվարճանքի այդ տեսակներից»,-եզրափակեց Նիկոլայը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս