ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին տուրօպերատորի գրասենյակում էին հավաքվել քաղաքացիներ, ովքեր բողոքում էին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման դեմ՝ նշելով, որ երաշխիք չունեն, որ իրենց տոմսերը նույնպես չեն չեղարկվի:
« Նշված դեպքով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Մոտ հարյուր ՀՀ քաղաքացի մնացել էր Հուրգադայում հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով:
Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորները հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով կժամանեն Հայաստան:
Ըստ որոշ տեղեկությունների՝ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։