ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը Կրասնոյարսկում մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես՝ ՔԿ նախագահը հանդիպել է Կրասնոյարսկի մարզի մարզպետ Ալեքսանդր Ուսի, Կրասնոյարսկի մարզում գլխավոր դաշնային տեսուչ Սերգեյ Բլինովի, ՌԴ ՆԳՆ Կրասնոյարսկի մարզի գլխավոր վարչության պետ, գեներալ լեյտենանտ Ալեքսանդր Ռեչիցկիի, ՌԴ ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի պետի պաշտոնակատար Ալեքսեյ Կալուգինի և Սիբիրի դաշնային համալսարանի ռեկտոր Սվետլանա Բասալևայի հետ:

Կրասնոյարսկի մարզի մարզպետ Ալեքսանդր Ուսի հրավերով Հայկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել Սիբիրի դաշնային համալսարանի ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում ուսանողներին է ներկայացվել զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատերազմական հանցագործություններ կատարելու համար պատասխանատվության ենթարկելու հարցում «համատեղ հանցավոր գործողությունների» դոկտրինի դերն ու նշանակությունը:

Ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ՀՀ ՔԿ նախագահին: Վերջիններս, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառման, այլ երկրների քննչական կոմիտեների հետ համագործակցության, ինչպես նաև՝ ՀՀ ՔԿ ծառայողների սոցիալական երաշխիքների մասին:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը սպառիչ պատասխաններ է տվել ուսանողների հարցերին, միևնույն ժամանակ ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու տեսլականը:
Հանդիպման ավարտին Հայկ Գրիգորյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս