«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 15-ից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընտանյոք հանդերձ տեղափոխվել է կառավարական ամառանոց։ Ինչպես ասում են՝ նրանք էլ վերջնականապես համալրեցին ազնվականների ու էլիտարների շարքերը։
Բայց որպեսզի ԱԺ խոսնակն ու իր ընտանիքն իրենց ռեզիդենցիայում ապրեն բարձրաշխարհիկներին վայել թագավորական պայմաններում, դրա համար մի քանի ամիս շարունակ վերանորոգում էին նրանց բնակարանը։ Բնականաբար՝ պետբյուջեի հաշվին, քանզի հեղափոխությունից առաջ ՔՊ ներկայացուցիչներից մեկի հարցումին պատասխանելիս Միրզոյանն ասել էր՝ ոչ մի տեղ չեմ աշխատում, ուստի անգամ մեծ ցանկության դեպքում չէր կարող սեփական գրպանից գումար հատկացնել ամենահասարակ կոսմետիկ վերանորոգման համար անգամ, ինչպես արել է, օրինակ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ սեփական միջոցներով նորոգելով իրեն հատկացված առանձնատունը։
Իշխանական աղբյուրները մեզ հաղորդեցին, որ Արարատ Միրզոյանն իր բնակարանի նորոգման վրա խոշոր՝ «աստղաբաշխական թվերի» հասնող գումար է ծախսել։
Որպեսզի պարզեինք, թե որքանով է այդ տեղեկությունը հավաստի, գուցե հորինված է Միրզոյանի թշնամիների կողմից, դիմեցինք Կոնդի առանձնատների տնտեսության ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Սավգուլյանին՝ ճշտելու, թե պետբյուջեից որքան գումար է ծախսվել Միրզոյանին հատկացված առանձնատան նորոգման վրա։
Սավգուլյանը, սակայն, թիվ չասաց՝ հպարտորեն հայտարարեց, որ դա համարվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, որը չի կարող հրապարակել։ Ասաց, որ դա ամրագրված է «Գնումների մասին» օրենքով։ Կարճ ասած՝ կառավարությունը գաղտնի է պահում ԱԺ նախագահի տան նորոգման ծախսերը, որը հոգում ենք մենք՝ հարկատուներս՝ հղում անելով «Գնումների մասին» օրենքին։
Այդ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է. «Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական եւ ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում