ՀԱՅՏՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՓԱԽՈՒՍՏԸ` ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՀԵՏԵՎԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին իր մտերիմ շրջապատում հարցրել են, թե ինչու քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց ժամանակին չեն բռնում, որ հիմա էլ հետախուզում են ու չեն կարող հայտնաբերել կամ չեն կարողանում հետ վերադարձնել Հայաստան: ՀՔԾ պետը բավականին ուշագրավ հանգամանք է մատնանշել:

Ի՞նչ ունենք աղմկահարույց գործերով
Հիմա փորձենք օրինակներով բացատրել, թե ինչն է խնդիրը: 2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) մասին է: Գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, Սիլվա Համբարձումյանից պահանջել եւ միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինն արդեն ունի ապացույց, որ Արամ Հարությունյանը երկրում չէ, երկիրը լքել է, եւ նրան արդեն 7 ամիս է` փնտրում են, բայց դեռ չեն գտել:
Փաստ երկրորդ
Հեղափոխությունից հետո` 2019 թվականի հունվարի 24-ին, մի շարք աղմկահարույց քրեական գործերի հետ միասին նաեւ օֆշորային սկանդալի գործը վերաբացվեց: Հեղափոխությունից 9 ամիս հետո նախաքննական մարմինը, ի դեմս ՀՔԾ-ի, հարցաքննության էր հրավիրել Միհրան Պողոսյանին, սակայն վերջինս այդպես էլ չեկավ հարցաքննության եւ այս օրերին կալանավորված է Ռուսաստանի Դաշնությունում: Ավելին, վերջինս դիմել է Ռուսաստանի Դաշնություն քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, եւ դեռեւս հայտնի չէ` ՌԴ-ն կբավարարի ՀՀ դատախազության միջնորդությունը, թե Միհրան Պողոսյանի դիմումը:
Փաստ երրորդ
Ի դեպ, հավելենք, որ միայն այս երկու նախկին պաշտոնատար անձինք չեն, որոնց իրավապահները չեն կարողանում հարցաքննության հրավիրել: «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն արտերկրում է եւ չի ներկայանում նախաքննական մարմին, հետախուզում է հայտարարված պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ: Ավելին, այս իրավիճակում առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նախաքննական մարմինը, գործը վերահսկող դատախազը, նկատվում է, որ բավական սրտացավ վերաբերմունք են դրսեւորել վերոնշյալ անձանց նկատմամբ: Բանն այն է, որ իրավապահները, մի շարք աղմկահարույց գործեր վերաբացելով, ոչինչ չարեցին կամ միգուցե արեցին, բայց անօգուտ: Եւ վերջնարդյունքում Արամ Հարությունյանը, Միհրան Պողոսյանը եւ մյուս աղմկահարույց գործերով անցնող մեղադրյալները կամ կասկածյալները հասցրեցին լքել երկիրը:
ՀՔԾ պետի խոստովանությունը
Այս իրավիճակը մտահոգել է բավականին լուրջ իրավաբանների, քննիչների: Եվ, ըստ լուրերի, վերջիններս ներքին քննարկում են ունեցել Սասուն Խաչատրյանի հետ:
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին իր մտերիմ շրջապատում հարցրել են, թե ինչու քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց ժամանակին չեն բռնում, որ հիմա էլ հետախուզում են ու չեն կարող հայտնաբերել կամ չեն կարողանում հետ վերադարձնել Հայաստան: Նա էլ մտերիմ շրջապատում հայտնել է, որ համակարգում դեռ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող անձինք կան, ինչն էլ իրենց նման խնդրի առաջ է կանգնեցրել: Ասել է թե` Սասուն Խաչատրյանը փորձել է բացատրել, որ համակարգից ինֆորմացիայի արտահոսք է իրականացվել. երբ արդեն, կոնկրետ փաստեր ունենալով, փորձել են այս կամ այն նախկին պաշտոնյային բերման ենթարկել, նրանք փախել են:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Հատուկ քննչական ծառայությունից` հասկանալու համար, թե արդյոք համակարգից ներքին ինֆորմացիայի արտահոսք է եղել, որն էլ պատճառ է հանդիսացել վերոնշյալ իրավիճակի: Ի պատասխան` հայտնեցին. «Սասուն Խաչատրյանը իր մտերիմ շրջապատում քրեական գործերից չի խոսում»:

 

 

 

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ

Աբովյան համայնքի ղեկավարի եւ Կոտայքի մարզպետի միջեւ պայքարն այն աստիճան է թեժացել, որ առիթը բաց չեն թողնում դիմել իրավապահներին: Պատճառն այն է, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ իրավիճակն օր-օրի ավելի է լարվում: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արդեն իսկ ունի իր թեկնածուն. սա գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ լարվածության պատճառ է դարձել` վերածվելով «հեռակա ձեռնամարտի»: Եվ, ահա, երեկ մեզ հայտնի դարձավ, որ մայիսի 14-ին Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի` պահանջելով ապրիլի 4-ի որոշումը վերացնել:

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք Կոտայքի մարզպետին:
-Պարո՛ն Պողոսյան, Աբովյանի քաղաքապետը Ձեր դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով ապրիլի 4-ի որոշումը ճանաչել անվավեր: Ի՞նչ որոշման մասին է խոսքը:
-Հողերի գործընթացի հետ կապված ստուգում է եղել, եւ ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում են տվել: Քանի որ փաստը արձանագրված է, իրավական գնահատականից բացի նաեւ կա վարչական պատասխանատվության ինստիտուտ, եւ այդ առումով ես իմ լիզորություններն իրականացրել եմ եւ վարչական պատասխանատվության եմ ենթարկել 300 հազար դրամի չափով: Քաղաքապետը դա է վիճարկում դատարանում` պահանջելով որոշումը չեղյալ հայտարարել:
-Երեկ հրապարակվեց այն մասին, որ Ձեր եղբայրը` Ռուբեն Պետրոսյանը, ծեծի է ենթարկել «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն 40-ամյա Գեւորգ Հովհաննիսյանին: Այս մասին ի՞նչ կասեք:
-Որքանով ինձ է հայտնի, ու եղբայրս է ներկայացրել, անծանոթ մեկը Նոր Հաճնի ճանապարհին մեքենայի ազդանշաններով եղբորս հասկացրել է, որ կանգնեցնի մեքենան: Եղբայրս կայանել է: Երիտասարդը մոտեցել է եղբորս եւ շատ անհարգալից տոնով իմ եւ եղբորս հասցեին վիրավորական արտահայտություններ արել: Եղբայրս հասկացել է, թե ով է այդ անձը, քանի որ այդ քաղաքացին մի քանի անգամ եկել է Աբովյանի ՔՊ-ի գրասենյակ, հանդիպել է ինձ, ցանկացել է ընդգրկվել թիմի ներսում, գործունեություն ծավալել մեզ մոտ, եւ ավելի ուշ հասկացանք` պաշտոնի ակնկալիքով է եկել, ինչը չէր կարող իրականություն դառնալ: Սույն օբյեկտը բազմաթիվ անգամ իմ գործունեության վերաբերյալ գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին:
-Այսինքն` Դուք ցանկանում եք ասել, որ սա Ձեր դեմ միտումնավոր սարքված ծեծկռտուք է եղել:
-Այո, այո, ես հակված եմ մտածելու, քանի որ ինքը եղբորս հետ ոչ մի կապ չի ունեցել, եղբայրս չի էլ ճանաչել նրան, բայց նա, ճանաչելով եղբորս, ակնհայտ սադրանք, քաղաքական սադրանք է արել իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ. կապում եմ առաջիկա քաղաքապետի ընտրությունների հետ:
-Գուցե մտածում եք, որ քաղաքապետն է սարքել:
-Չեմ կարծում: Բայց որ սա քաղաքական սադրանք է` ուղղված իմ գործունեությանը, ակնհայտ է:
-Փաստ է մեկ բան, որ եղել է ծեծկռտուք. Ձեր եղբայրը հարցաքննվե՞լ է:
-Եղբայրս ներկայացել է ոստիկանություն, ցուցմունք է տվել, եւ երկուսին էլ դատաբժշկի ուղեգիր են տվել, երկուսն էլ դատաբժշկի մոտ են եղել:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ՓԱՍՏ
«Արցախի նախկին եւ ներկա նախագահների` Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար միջնորդությունը գնահատում եմ որպես փաստ»,- այս մասին ասել է «Իմ քայլ»-ի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Նա համաձայն է վարչապետի այն պնդման հետ, որ եթե ոմանք փորձեն Արցախը վերածել հակահեղափոխության կենտրոնի, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության կենտրոն: «Եթե հնչում են անտրամաբանական հայտարարություններ ինչ-որ պաշտոնյաների կողմից, ես ցավում եմ նրանց համար, բայց միեւնույն ժամանակ ուզում եմ կրկնել, որ որեւէ մեկի հայտարարություն, կարեւոր չէ` ինչ «ռանգի» պաշտոնյայի մասին ենք խոսում, պարզապես չի կարող որեւէ կերպ լարում մտցնել մեր երկու ժողովուրդների միջեւ, եւ Արցախի ժողովուրդը պատրաստ է ցանկացած պահի լիկվիդացնել նման վտանգները»: Անդրադառնալով ՀԱՊԿ գլխպավոր քարտուղարի հարցին` Ռուբինյանն ասել է, որ հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, եւ մինչեւ ժամկետի լրանալը հայկական կողմը պնդելու է, որ, ըստ էության, կա իրավիճակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դադարել է լինել այդ պաշտոնում, եւ մենք հայտնել ենք, որ գործ ունենք չկարգավորվածության հետ:

 

 

 

ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ
Ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկին: Նրանք գոհունակություն են հայտնել Հայաստանում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ` նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման եւ զարգացման ճանապարհին:

 

 

 

ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ
Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ «ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզի` ԵՄ կողմի դիտարկումների հիման վրա լրամշակված եւ վերջնական տարբերակի քննարկումն էր: Նիստի ընթացքում որոշվել է հավանության արժանացնել ճանապարհային քարտեզը եւ ներկայացնել այն ՀՀ վարչապետի հաստատմանը: Ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը հավանության արժանանալուց եւ վարչապետի հաստատումից հետո կուղարկվի եվրոպական կողմին` այս տարվա հունիսին կայանալիք Հայաստան ԵՄ գործընկերության խորհրդի հաստատմանը:




Լրահոս