«ՄԻԱՅՆ ՍՐԲՈՒԿՈՎ ՉԻ ՈՐՈՇՎՈՒՄ ԵԼՈՒՅԹԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում մայիսի 16-ին Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) փայլուն ելույթ ունեցավ մրցույթի կիսաեզրափակիչ փուլում, սակայն չանցավ եզրափակիչ փուլ։ Հայաստանի պատվիրակը Թել Ավիվի բեմում հանդես եկավ առաջինը՝ կատարելով «Walking out» երգը։ Իսկ ինչո՞ւ Հայաստանը արդեն երկրորդ տարին է՝ չի անցնում եզրափակիչ փուլ, ի՞նչ չափանիշներով ենք մենք ներկայանում Եվրոպային, եւ ի՞նչն է պակասում մեր ելույթներում. այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է 2008 թվականին Սիրուշոյի կատարմամբ հայաստանյան եվրատեսիլյան երգի՝ «Քելե-քելե»-ի երաժշտության հեղինակ, երգահան Դեր Հովայի հետ:

-Դուք դիտեցի՞ք «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչ փուլը, ի՞նչ տպավորություններ ստացաք Սրբուկից, նրա ելույթից, մեր ներկայացրած երգից:
-Այո, դիտեցի: Սրբուկը շատ լավ կատարեց, բայց այնպես չէ, որ երգը հավանեցի, չեմ էլ կարող ասել, որ այն վատն էր: Գուցե դրա մեջ որոշակի ագրեսիա կար, որը դուր չեկավ թեթեւ երգերի սիրահար Եվրոպային: Արդյունքը բացասական էր նաեւ այն պատճառով, որ Սրբուկն առաջինը ելույթ ունեցավ: Պարզ է, որ երկու ժամ հետո քչերն են հիշում առաջին ելույթը: Եվ հետո միայն Սրբուկով չի որոշվում ելույթը: Ամբողջ «փաթեթը» պետք է լավը լիներ, ինչպես, օրինակ, Իվետա Մուկուչյանի դեպքում: Ափսոս էր Սրբուկի խարիզման եւ ինքնատիպությունը: Մեզ պետք էր երգահանների, գործիքավորողների եւ այլ մասնագետների խումբ, ոչ թե ընդամենը մի քանի հոգի, որոնք կորոշեին ամեն բան՝ կապված երգի եւ ելույթի հետ: Բայց, միեւնույն ժամանակ, պետք է գնահատենք այն ռեսուրսները, պրոֆեսիոնալիզմը, որ ունենք: Մեր հարեւան Ադրբեջանն, օրինակ, բացառիկ դեպքերում է երգ հեղինակել «Եվրատեսիլ»-ի համար. միշտ Շվեդիային է պատվիրել, որ իր համար երգ գրի:
-Հայաստանի համար կարեւո՞ր է մասնակցությունը այս մրցույթին, թե՞ պետք չէ դրան այսքան լուրջ վերաբերվել:
-Ես շատ կուզենայի, որ այսքան լուրջ չընդունեինք ամեն ինչ, բայց հիշում եմ՝ երբ նույնիսկ մասնակից չունեինք, միեւնույնն է, հետեւում էինք մրցույթին: Եթե մեծ գումարներ են ծախսվելու, բայց մենք արդյունքը չենք տեսնելու, ավելի լավ է՝ չմասնակցենք «Եվրատեսիլ»-ին: Այս մրցույթը պետք է որ դռներ բացեր արտիստների համար դեպի Եվրոպա, բայց ես չեմ հիշում, որ որեւէ հայ մասնակից օգտված լինի այդ հնարավորությունից:
-Սիրուշոյին, կարծում եմ, ինչ-որ չափով հաջողվել է դա անել:
-Այո, նաեւ այն պատճառով, որ նա լավ անգլերեն գիտի, բայց Սիրուշոն էլ այն մասշտաբայնությամբ չօգտագործեց ընձեռված հնարավորությունը, որքան ես կուզեի տեսնել:
-Այս տարի ո՞ր երկրների ներկայացրած երգերն են Ձեզ դուր եկել:
-Ես մի քիչ «փախած» ելույթներ եմ սիրում, այնպիսին, ինչպիսին Պորտուգալիայի մասնակցինն էր: Սերբերն են ամեն տարի հզոր երգեր ուղարկում մրցույթին, օգտագործում են իրենց ազգային նվագարանները, երաժշտությունը: Դե շվեդները աշխարհին հայտնի են իրենց փոփ երգահաններով, բայց պետք է խոստովանեմ, որ այս տարի շատ հզոր երգեր չկային:
-Ազգային նվագարանները օգտագործելու մասին խոսեցիք: Հայաստանն ինչպե՞ս պետք է դա անի, ի՞նչ մոտեցմամբ:
-Պետք է ժամանակակից գործիքավորում անել, ոչ թե գործիքավորման մեջ դուդուկ ներառել եւ մտածել, որ ազգային մոտեցում ցուցաբերեցին: Եվ հետո` ես կցանկանայի, որ մենք հայերեն երգեր ուղարկեինք Եվրոպա: Պետք չէ օտարամոլությամբ զբաղվել:
-Ինչպես այս տարի Ալբանիան արեց՝ իրենց լեզվով երգ` ինքնատիպ մատուցմամբ…
-Այո, իրոք, շատ հետաքրքիր էր: Նույնը վրացիներն են անում: Նրանց չի հետաքրքրում ՝ ով ինչ է երգում, իրենք համարյա միշտ իրենց լեզվով երգ են ներկայացնում: Այդ մենք ենք, որ ծանր ենք տանում ամեն բան…
Հիշեցնենք, որ «Walking out» երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) եւ Tokionine-ը (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ԵԹԵՐՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՈՐԱԿՅԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ»

«Այսօր հայկական եթերում բացակայում է որակյալ երաժշտությունը: Երաժշտական հաղորդումներն, առհասարակ, շատ փոքր թիվ են կազմում, փոխարենը եթերում գերիշխում են տափակ հումորներով, անբովանդակ, անիմաստ սերիալներն ու հումորային ծրագրերը: Մի տեսակ դատարկություն է եթերում: Ես ինքս ընդունում եմ հրավերներ այն հաղորդումներից, որոնք երաժշտական հատված ունեն. այլ կարգի ծրագրերում ցանկություն չունեմ հյուրընկալվելու: Իսկ երաժշտական ծրագրերը քիչ են. թերեւս, որպես հաջողված հաղորդում` կնշեմ «Երգ երգոցը»: Հիմա գերիշխող են նաեւ քաղաքական բնույթի հաղորդումները, իսկ արվեստը կարծես երկրորդ պլան է մղվել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ Մհերը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու վերջին շրջանում իրեն էկրաններին չենք տեսնում:

Նա տեղեկացրեց, որ շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի մի քանի նոր երգ՝ հայերեն եւ ռուսերեն: Դրանց թվում կլինի նաեւ զուգերգ իր քրոջ՝ երգչուհի Ռոզա Ֆիլբերգի հետ: Մեր հարցին, թե առաջիկայում սպասենք արդյոք Մհերի մենահամերգին, երգիչը տվեց բացասական պատասխան: Փոխարենը նա համերգային հրավերներ ունի արտերկրից:
Մենք մի փոքր էլ անձնական կյանքից զրուցեցինք: 2018-ի հոկտեմբերին հայր դարձած երգչին հարցրինք՝ հասցնում է արդյոք համատեղել կարիերան եւ որդու խնամքը, կարողանում է բավականաչափ ժամանակ տրամադրել ընտանիքին այն դեպքում, երբ ակտիվորեն շարունակում է երգեր ձայնագրել, տեսահոլովակներ նկարահանել: «Իհարկե, որդուս խնամքով մեծ մասամբ կինս է զբաղվում, բայց ես էլ եմ մասնակցում: Ի դեպ, շուտով երկրպագուներին կներկայացնեմ որդուս մասին երգ, ինչպես նաեւ՝ տեսահոլովակ՝ հավաքված նրա մասնակցությամբ կադրերի վրա: Դա կլինի իմ նվերը նրան»,-եզրափակեց Մհերը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

The Times-Ը ՊՆԴՈՒՄ Է
Դեռ չեն դադարում քննարկումները, թե արդյոք Լոնդոնի «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպա Լիգայի եզրափակչին: Այս թեմային անդրադարձել է նաեւ անգլիական հեղինակավոր պարբերականներից The Times-ը` պնդելով, որ հայ ֆուտբոլիստը չի մասնակցի «Չելսիի» դեմ հանդիպմանը: Նշվում է, որ Անգլիայի մայրաքաղաքի կարմիր հատվածում որոշել են Մխիթարյանին թողնել տանը` անվտանգության նկատառումներից ելնելով: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն իր հայտարարության մեջ նշել էր, որ Բաքվում Հենոյին ոչինչ չի սպառնա: «Արսենալ»-«Չելսի» լոնդոնյան եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին:

 

 

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Անգլիական «Արսենալի» երկրպագուները հայտարարություն են տարածել, ըստ որի` եթե թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպա Լիգայի եզրափակչին, ապա այդ օրը լոնդոնցիների բոլոր երկրպագուները յուրահատուկ ակցիա կիրականացնեն` ի պաշտպանություն նրա: Հայտարարության մեջ նշվում է, որ երկրպագուները խաղի 7-րդ եւ 77-րդ րոպեներին կպարզեն Հայաստանի հավաքականի ավագի դիմակը, որով էլ կարտահայտեն իրենց դժգոհությունը:
Հավելենք նաեւ, որ Ադրբեջանը մերժել էր մուտքի արտոնագիր տրամադրել Լոնդոնի «Արսենալի» երկրպագու հանդիսացող Մեծ Բրիտանիայի այն քաղաքացիներին, որոնք նաեւ հայկական քաղաքացիություն ունեն:

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Թուրինի «Յուվենտուսի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը. Ալեգրիի հեռացման պատճառը չի նշվում: Հավելենք, որ Ալեգրին 2014 թվականին է գլխավորել «Յուվենտուսը»:

 

 

ԿԱՎԱՐՏԻ՞, ԹԵ՞ ՈՉ
Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլիասը կավարտի ֆուտբոլային կարիերան: Ինչպես նշվում է, Իկերը կավարտի կարիերան, բայց պաշտոն կստանա իր ներկայիս ակումբում: Ավելի ուշ անձամբ դարպասապահը խոսեց այս լուրերի մասին եւ նշեց, որ եթե լինի այդպիսի հստակ որոշում, ապա անձամբ ինքը կտեղեկացնի:
Հիշեցնենք, որ վերջերս լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր սրտի կաթվածի պատճառով: Դեռեւս հստակ պարզ չէ` արդյոք մյուս մրցաշրջանում Կասիլիասը կշարունակի կատարել իր գործը, թե ոչ:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս