Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, շուրջ 4 օր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քննվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, եւ մայիսի 18-ին նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին: Իսկ ի՞նչ կատարվեց դատարանի ներսում, եւ դեռ ինչե՞ր պետք է կատարվեն:

Իրավիճակը մայիսի 16-ին
Բանն այն է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն է ներկայացրել Արցախի ընտրված եւ լեգիտիմ նախագահը, ուստի մերժելու դեպքում դատարանը մերժելու է Արցախի ընտրված նախագահին, հետեւաբար` Արցախի ժողովրդին: Բայց, մյուս կողմից, դատական համակարգում եւ, մասնավորապես, ԲԴԽ-ում քննարկումներ են: ArmLur.am-ի տեղեկություններով` դատական համակարգին մոտ կանգնած մարդիկ, իրավաբանները, ուսումնասիրելով իրավիճակը, եկել են այն մասնագիտական եզրակացության, որ նախագահների միջնորդությունը հանգիստ կարող է մերժվել նախադեպի բացակայության հիմքով: Ինչո՞ւ. դատաքննության նախապատրաստման փուլում որեւէ գործով կալանավորված անձի խափանման միջոց երբեք չի փոխվել: Այսինքն` նման պրակտիկա Հայաստանում չի եղել, ուստի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը չպետք է փոխվի: Փաստ է մեկ բան. մինչ մայիսի 18-ի որոշման հրապարակումը դատական համակարգում կասկած չի եղել, որ երկրորդ նախագահը կմնա կալանքի տակ:
Որոշումն ու հետեւանքները
Բայց մայիսի 18-ին` մինչեւ որոշումը հրապարակելը, տեղեկություններ տարածվեցին, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ճնշում է եղել, որից ժամեր անց դատարանը որոշեց ազատ արձակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս որոշումը դատական համակարգում մի շարք հարցեր է առաջ քաշել, մասնավորապես` ինչո՞ւ է իրավիճակ փոխվել, եւ արդյոք հնարավո՞ր է եղել ճնշել դատավոր Դավիթ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները, վերլուծելով իրավիճակը, եկել են այն վարկածին, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվել է` դատական համակարգում գործող հայտնի սխեմայի համաձայն (տե՛ս լուսանկարը). սխեմա, որը դեռեւս անցած տարի հայտնվել էր իրենց ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, 2018 թվականին` Հանրապետության հրապարակում պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրած հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգին ուղղված նախազգուշացումը՝ «խելքները գլուխները հավաքելու» մասին, պատահական չէր: Փաշինյանի թիմում լուրջ կասկածներ կան, որ դատական համակարգի ներսում մի թիմ որոշել է սաբոտաժ կազմակերպել` գործելով հօգուտ նախկին իշխանությունների: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վճիռը կայացնելուց առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու տանը հանդիպել են ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը եւ ինքը` Ռշտունին` քննարկելու թեման: Այս տեղեկությունը, սակայն, Ռշտունին հերքել էր:
Հերթական սխեման
Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Երեկ դատական փորձագետ Արտակ Գալստյանը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել, ըստ որի` Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ` Վազգեն Ռշտունի` Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ, դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: Ասել է թե` դեռեւս 2018 թվականին ՀՀ վարչապետի հայտարարությունը` «խելքներդ հավաքեք գլուխներդ», ոչինչ չփոխեց, եւ երեկ ունեցանք այն, ինչ ունենք:
Ի՞նչ է մտածում դատական համակարգը
Այս իրավիճակից եւ դատական փորձագետի հայտարարությունից հետո դատական համակարգը, վերլուծելով իրավիճակը, հետեւություններ է արել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգը եկել է այն եզրակացության, որ դատական փորձագետ Դավիթ Գրիգորյանի հայտարարությունները եւ դեռ ավելին` ՀՀ վարչապետի ելույթը` «Առաջին` Հայաստանում գործող բոլոր դատավորները, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի, այսինքն` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», շատ հարցերի պատասխանը տալիս են: Այսպիսով, դատական համակարգում չեն բացառում, որ դեռեւս ամիսներ առաջ իշխանության կողմից ստեղծված դատավորների սեւ սխեման այս անգամ էլ է գործի անցել բոլորից գաղտնի: Ի դեպ, կան այս ամենի մասին փաստող անուղղակի ապացույցներ: Մասնավորապես, Դավիթ Գրիգորյանը քավոր սանիկական կապերի մեջ է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի հետ: Իսկ, ահա, Վարդանյանը մտերիմ կապեր ունի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հետ, եւ միգուցե նրանք են ազդել Գրիգորյանի վրա: Ավելին, դատական համակարգում չեն բացառում եւս մեկ վարկած. Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի` Կրակեմ Հրաչի որդին Ավանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն է, իսկ, ահա, նրա եղբայրը ինչ-որ բիզնես կապերի մեջ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ, ուստի չի բացառվում, որ վարչապետի հայտարարությունը, թե դատավորները, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի, այսինքն` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին, նկատի է ունեցել այս կապերը:
Դատավոր Գրիգորյանը
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ` հասկանալու համար, թե արդյոք որոշումը գրեցին տվեցին իր ձեռքը, թե ոչ:
-Պարո՛ն Գրիգորյան, Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ` Վազգեն Ռշտունին` Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը, Արշակ Վարդանյանը` Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը, Մխիթար Պապոյանը` Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը, դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահը գրեցին տվեցին, եւ Դուք միայն կարդացի՞ք:
-Դուք իմ աշխատանքը խանգարում եք:
-Այո՞, թե՞ ոչ: Գրեցին տվեցին, որ կարդա՞ք:
-Ամոթ է, որ տենց բան եք հարցնում:
-Արշակ Վարդանյանի հետ քավորսանիկական կապերի մե՞ջ եք…
-Ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի:
-Իսկ հրաժարականի դիմում չե՞ք պատրաստվում ներկայացնել:
-Ինչի՞ մասին է խոսքը:
-Ինչի մասին է խոսքը՝ չե՞ք ասի, թե՞ չգիտեք, որ վարչապետը այսօր ինչ ասեց, եւ ավելին` Ձեր որոշումը այսօր բերեց այն իրավիճակին, որ դատարանի դռներ փակվեցին:
-Դա իմ իրավունքն է, ես կորոշեմ: Եթե գտնեմ, որ գրելու եմ, Դուք առաջինը կիմանաք:
Փորձեցինք տեղեկությունը պարզել նաեւ Դավիթ Հարութունյանից, սակայն վերջինիս հեռախոսը անջատված էր:
Ամենամեծ հարվածը
Ավելին, դատական փորձագետ Արտակ Գալստյանը երեկ գրել է, որ Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ սկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը եւ գործը ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվել է, թե ոչ: Սակայն պլանները փոխվել են. նրանք, նախ, այնպես արեցին, որ երկրորդ նախագահը հայտնվի ազատության մեջ, իսկ, ահա, դրանից հետո գործը ուղարկեն ՍԴ դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվել է, թե ոչ: Ուստի մինչ երեկ ողջ դատական համակարգը խառնված էր, Դավիթ Գրիգորյանը ժամանակ չկորցրեց ու «Մարտի 1»-ի քրեական գործն ուղարկեց Սահմանադրական դատարան: Ընդ որում, դա արվել է` պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա, առանց տուժող եւ մեղադրող կողմերին հայտնելու: Իսկ գործը ՍԴ ուղարկելը ենթադրում է հետեւյալը. ըստ դատական համակարգում տարածված լուրերի` գործը ավելի քան 5-6 ամիս կքնեցվի Սահմանադրական դատարանում, իսկ, ահա, ՀՀԿ նախկին անդամ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ, սպասվում է, որ այս գործով հօգուտ Քոչարյանի որոշում կկայացնի: Նա կհայտարարի, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է, եւ գործը կկարճի: Ռոբերտ Քոչարյանի մասով միայն կքննվի կաշառքի գործը, եւ «Մարտի 1»-ի թեման փակված կլինի: Իսկ թե կհասնեն վերջնական արդյունքին, ցույց կտան զարգացող իրադարձություները:
Հ.Գ. Դատավոր Մխիթար Պապոյանի կինը եւ Վազգեն Ռշտունու աշխատակազմը Մ. Պապոյանի եւ Վ. Ռշտունու մասին մամուլում հրապարակված տեղեկությունները համարել են հերյուրանք եւ սուտ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է
ArmLur.am-ի թղթակիցը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ` հասկանալու համար, թե ինչ է սպասվում դատական համակարգին: Վերջինս հայտնել է. «Պաշտոնապես հայտարարում եմ` անկախ նրանից` ինչ որոշում էլ կկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ես պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացնել: Ավելին` ես պատրաստ եմ ազատվելուց հետո իմ մասնագիտական գիտելիքները փոխանցել եւ օգնել նոր դատական իշխանության կայացման հարցում»:

 

 

 

ՂՈՒԼՅԱՆԸ՝ ՀՀ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂԻ ՄԱՍԻՆ
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը երեկ հայտարարություն է տարածել. «Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս: Միակ մտահոգիչ հանգամանքն այդ գործընթացներում Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների չմտածված մեկնաբանություններն են: Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ ժողովրդի իշխանության ամրապնդման եւ հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը: Հետեւաբար, Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում»:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՀԱՐՑՈՎ
«Խոսեցի 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ` 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցով»,-սոցցանցի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Պայմանավորվածությամբ տեսանյութը կհեռացվի ամբողջությամբ: Բոլոր լրագրողներին եւ լրատվամիջոցներին խնդրում եմ երեխաների վերաբերյալ հրապարակումներ անելիս մշտապես ղեկավարվել երեխայի շահերի առաջնահերթությամբ ու ցուցաբերել առավելագույն զգուշություն»,- գրել է ՄԻՊ-ը:

 

 

 

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում է կայացրել հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք: ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետեւանքով ՀՀ-ում ստեղծված իրադրությունը, դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը: ԱԺ «Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում միանալ նախաձեռնությանը եւ գալ խորհրդարան` այն ստորագրելու»:




Լրահոս