«Կոմպաս» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ Շիրակի մարզի դատախազություն եւ ներկայացրել «Մասնակցային մոնիտորինգ` հանուն բարեկարգ եւ որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կազմված վերլուծությունը, ըստ որի` դիտորդական խմբի անդամներն ուսումնասիրել են Գյումրու մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքները եւ հայտնաբերվել են սահմանված նորմատիվներից շեղումներ:
Դեռեւս նախորդ տարի հայտնի դարձավ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 23,8 մլն եվրո է տրամադրել Գյումրու փողոցների բարեկարգման համար: Ծրագրի շրջանակներում 3 տարվա ընթացքում Գյումրիում պետք է հիմնանորոգվի շուրջ 16 կմ ճանապարհ, իսկ փողոցները լուսավորվեն խնայողական լամպերով: Նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն, բազալտե եզրաքարերի շարման գործընթացը կասեցվեց: Բանն այն է` թավշյա հեղափոխությունից հետո մարզային նոր իշխանությունները շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ արձանագրեցին: Անգամ ծրագրի աշխատանքներով զբաղվող խումբը փոփոխվեց, եւ այն սկսեց ղեկավարել արդեն նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանը: Բայց, պարզվում է, մոտ 8 ամիս է, ինչ աշխատանքային խումբը չի գործում: Ծրագրի շրջանակներում ընդգրկված են շուրջ 12 փողոցներ եւ 3 հրապարակներ, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնում են 3 շինարարական կազմակերպություններ` «Սիսիան ԲՈՒԱՏ», «ԱԱԲ պրոեկտ» «Մերձմոսկովյան»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնականում խախտումներ հայտնաբերվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունների կատարած աշխատանքներում: Ինչպես հայտնի է, «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին: Եւ այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հերմինե Նաղդալյանի հետ, սակայն նախկին պատգամավորը հայտարարեց, որ ընկերությունը դեռեւս 2015 թվականին են վաճառել:
Իսկ, ահա, «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունը, որը ստեղծվել է դեռեւս 2006 թվականին, առնչություն ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի հետ խնամի Վոլոդյա Բադալյանի ընտանիքի հետ: Ի դեպ, ըստ ՀՀ պետական ռեգիստրի` ընկերության հիմնադիրն է Արմեն Բադալյանը: Ինքը` Վոլոդյա Բադալյանը, մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ընկերությունը պատկանում է իր եղբորորդուն: Իսկ հարուցված քրեական գործից նախկին պատգամավորը տեղյակ չէր. «ՄԵզ հետ ոչ մի խնդիր չկա: Տեղյակ չեմ ես, համ էլ, որ նման բան լիներ, կգար կասեր էրեխեն»: Բացի այս, համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ այս ամենի արդյունքում հնարավոր է քաղաքապետի պաշտոնից հրաժարական տա Սամվել Բալասանյանը: Սակայն այս հարցի պատասխանը մեզ չհաջողվեց ճշտել, քանի որ նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Նշենք` «Կոմպաս» ընկերությունը դիմել է Շիրակի մարզի դատախազություն եւ ներկայացրել շինարարական ընկերությունների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները: ՀԿ-ի ղեկավար Ղարիբ Հարությունյանի խոսքերով` եթե խնդիրներ չլիներ, ապա քրեական գործ չէր հարուցվի: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` որն է այս հարցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մեղքի բաժինը, Ղարիբ Հարությունյանն ասաց. «Քաղաքապետը պատվիրատուն է, այսինքն` ինքն ունի վերահսկողական լուրջ ֆունկցիա: Նա պետք է ի սկզբանե` նախագծի փուլից սկսած, վերահսկեր, որ այդ ամբողջ շղթան նորմալ աշխատեր: Բայց ինքը էս մասով թերացել է. շինարարները նորմերը չեն պահպանել, նախագծողը վատ նախագիծ է կազմել, որի մեջ ամբողջ պատկերը արտացոլված չի եղել: Բոլորը բարձիթողի վիճակում են գործել: Այս աշխատանքները վերահսկող աշխատանքային խումբը, որը ստեղծվել էր նախկին փոխմարզպետի կողմից, չի գործել: Նախկին փոխմարզպետը հրաժարվել է, եւ 8 ամիս չկա աշխատանքային խումբ, որը աբսուրդ է»:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ջիվանու փողոցում` հիմնական երթեւեկելի մասում, երկշերտ ասֆալտաբետոնի, մայթերի սալարկման եւ եզրաքարերի տեղադրման աշխատանքների հետ կապված արձանագրվել են շեղումներ, իսկ շեղումը կազմել է 5-ից 6 սմ: Մուշ-2 թաղամաս տանող ճանապարհում եզրաքարերի տեղադրման աշխատանքների հետ կապված բացահայտվել է, որ կատարված որոշ չափումների դեպքում պահպանված չեն եղել մայթի եզրաքարերի ստորին շերտերի համար սահմանված հաստությունները եւ լայնությունները: Բայց մեզ հայտնի դարձավ, որ արձանագրված հիմնական խնդիրն առնչվել է շինարարության վայրերում մեքենաների եւ հետիոտների անվտանգ երթեւեկության համար ձեռնարկված միջոցառումների թերացումներին: Գարեգին Նժդեհի փողոցում եղել են թերացումներ ինչպես երթեւեկության կարգավորման եւ հետիոտների տեղաշարժի անվտանգության ապահովման առումով, այնպես էլ շինարարական հրապարակում կուտակված է եղել կենցաղային եւ շինարարական աղբ: Պարզվում է` անցած տարվա ընթացքում ձգձգված շինարարական աշխատանքները բացասական անդրադարձ են ունեցել քաղաքի ներգնա զբոսաշրջության վրա, բազմաթիվ տուրիստական գործակալություններից փոխանցվել են այցելող զբոսաշրջիկներից ստացված դժգոհություններ` քաղաքում մեծ քանակության փոշու առկայության եւ անանցանելի փողոցների, մայթերի վերաբերյալ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆԱԽԸՆՏՐԵՑ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ ԽՈՍԵԼ
Երեկ` կիրակի երեկոյան, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ողջ տարածքում դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու հորդորից հետո կրքերը թեժացան: Միանգամից ընդդիմադիր կուսակցությունները հայտարարություն տարածեցին՝ քննադատելով վարչապետի կոչը: Ակնհայտ էր, որ մթնոլորտը լարված է:
Ուղերձով հանդես եկավ նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարգին Բ-ն` նշելով, որ Մայր Աթոռը խորը մտահոգությամբ է հետեւում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին։ «Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով եւ միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջեւ ծառացած մարտահրավերները»,-ասված էր Վեհափառի ուղերձում։
Երեկ ոչ թե կաթողիկոսի ուղերձի, այլ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ «Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի են ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման, մասնավորապես` անկախ եւ անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ»,- գրել էր Փաշինյանը:
Այլ կերպ ասած` Փաշինյանը կարեւոր է համարել Կիլիկիո կաթողիկոսի հետ զրուցելու փաստը, ընդգծել է իր վերաբերմունքը: Սա հազիվ թե պատահականություն լինի: Տեղի ունեցածը, ըստ էության, եւս մեկ անգամ ապացուցեց, որ ՀՀ իշխանությունների ու եկեղեցական իշխանության միջեւ, այնուամենայնիվ, խնդիրներ կան, հակասություններ: Այդ ամենն ավելի սրացավ վերջերս հայտնի աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ, երբ վարչապետը խոսել էր եկեղեցին հարկային դաշտ բերելու մասին:
Բացի դա, գաղտնիք չէ, որ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները կապված էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի հետ, եւ ընդամենը օրեր առաջ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ներկա էր Քոչարյանի գրքի շնորհանդեսին, եւ դա էլ հերիք չէ, նա հանդես եկավ գովաբանական ելույթով` ուղղված Քոչարյանին։ Եւ, իհարկե, միամտություն կլինի կարծել, որ դա ընդամենը անձնական դիրքորոշման արդյունք էր։ Սա, ըստ էության, նպաստեց եկեղեցի-պետություն հարաբերությունների միջեւ անջրպետին: Ինչեւէ, սպասենք հետագա զարգացումներին: Ամեն դեպքում, որքան էլ կողմերը փորձեն արտաքուստ համերաշխ ձեւանալ, այնուամենայնիվ, կան ներքին խնդիրներ:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ ԵՆ ՓԱԿԵԼ
Մայիսի 20-ին մոտ մեկուկես ժամ` մինչեւ ժամը 16:00-ն, Թուրքիայից ապրանք ներկրողները փակել էին Բագրատաշենի մաքսակետը։ «Ժողովուրդ» օրաթերթին առեւտրականներից մեկը տեղեկացրեց, որ օրենքով թույլատրված է մինչեւ 25 կիլոգրամ ապրանքն առանց մաքս Հայաստան ներմուծումը, սակայն իրենց համար մաքսակետում խոչընդոտներ են ստեղծում, ԱԱԾ աշխատակիցներն իրենց Իջեւան են տանում։ Բագրատաշենի մաքսակետի աշխատողներց մեկը, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, ասաց, որ Բագրատաշենի մաքսակետում արտերկրից ապրանք ներկրողներից պահանջում են, որ առանց մաքսազերծման նույն ապրանքից ներմուծողները 5 կիլոգրամից ավելի մաքսակետում չներկայացնեն,ինչը օրենքի պահանջ չէ։
ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ԽՃԱՔԱՐ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼ
Տարիներ շարունակ «Կողբաքար» ՍՊԸ-ն, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարությունից ունենալով համապատասխան թույլատվություն, Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշենի ենթաշրջանում, հայ-վրացական սահման հանդիսացող Դեբեդ գետից խճաքար է արդյունահանել եւ այն իրացրել: Այդ ընկերությունը գործում է օրենքի շրջանակներում, գտնվում է հարկային դաշտում: Հայաստանում իշխանափոխությունից հետո ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել: «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանն այդ կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, սակայն հարցը չի լուծվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհների ընթացիկ եւ ձմեռային պահպանության, նորոգման աշխատանքների համար խճաքար չկա, քանզի խճաքար մատակարարող «Կողբաքար» ՍՊԸ-ն հնարավորություն չունի Դեբեդից այն արդյունահանելու: Մնում է Վրաստանից գնել Հայաստանի տարածքից Դեբեդ քշած, հարեւան երկրի տարածքում կուտակված խճաքարը: 2018թ. նոյեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանի Նոյեմբերյան քաղաք նախընտրական այցի ժամանակ նամակ հանձնվեց Փաշինյանին, որպեսզի լուծվի «Կողբաքար» ՍՊԸ-ի կողմից Դեբեդից խճաքար արդյունահանելու թույլտվության հարցը: Մայիսի 19-ին Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանն ու Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը եղան Դեբեդի ափին՝ այն տեղանքում, ուր գետից ավազ եւ խճաքար են հանում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ