«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակվելուց մեկ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին կոչ էր արել մայիսի 20-ին արգելափակել դատարանների դռները: Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ. եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Ավելի ուշ դիմելով ցուցարարներին՝ նա մեկնաբանեց, որ բողոքի ակցիան միջոց էր` ի ցույց դնելու այն հանրային վրդովմունքը, որն առկա է անարդար դատական համակարգի նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ:
-Պարո՛ն Դանիելյան, վարչապետի` «վիրահատական միջամտություն» բնորոշումը, ըստ Ձեզ, որքանո՞վ է արդարացված եւ տեղին:
-Ինձ թվում է՝ վաղուց պետք է արվեր այս ամենը, բայց ոչինչ. լավ է ուշ, քան երբեք: Ես լսել եմ տարբեր իրավաբանների, եւ շատերն այն կարծիքին են, որ վարչապետի հորդորը օրենքի սահմաններում է: Կրակը հո չե՞նք ընկել այն Սահմանադրության ձեռքը, որը գրել է Սերժ Սարգսյանը: Սահմանադրությունն էլ պետք է փոխվի: Եթե դա ժամանակին արվեր, մենք այսպիսի ճգնաժամի առջեւ չէինք կանգնի:
-Դուք ինքներդ ինչպե՞ս եք պատկերացնում այս ուղով դատական բարեփոխումների իրականացումը:
-Չեմ կարող ասել. դա իրավական հարց է: Կա միջազգային փորձ: Տարբեր երկրներում նմանատիպ ներքաղաքական ցնցումներից հետո եղել է նման իրավիճակ: Բոլոր դատավորների աշխատանքային գրքույկների մեջ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստորագրություններն են: Ինչպե՞ս կարող են նրանք շարունակել աշխատել:
-Իսկ այդ ո՞վ պետք է որոշի՝ ով է արդար դատավոր, ով` ոչ, եւ հետաքրքիր է՝ ինչ սկզբունքով:
-Ես չգիտեմ` այդ արարողակարգն ինչպես է արվում:
-Հասկանում եմ, բայց ինչպե՞ս կարող է ժողովուրդը նման բան որոշել եւ ի՞նչ հիմքերով:
-Ժողովուրդը չի որոշում: Նա ասում է, որ մերժում է ներկայիս դատական համակարգը եւ վերջ: Դա խայտառակություն է, դատարան չէ: Մինչեւ հիմա չեն որոշել՝ Քոչարյանն անմեղ է, թե մեղավոր: Դա նորմա՞լ է: Հո տունտունիկ չե՞նք խաղում: Այլ գործեր էլ տարիներով դրված են դատարաններում: Պարզապես նախկինում դատավորները սովոր էին, որ պետք է վերեւներից իրենց զանգեին: Հիմա զանգող չկա: Բոլոր այդ պատմությունները` թե ուղղորդվում է դատարանը, սուտ շահարկումներ են:
-Եթե Նիկոլ Փաշինյանը հայաստանյան դատական համակարգին չի վստահում, ինչու՞ է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին անդրադառնալով` նշում, թե գործը կգնա դատարան, եւ դատարանը կորոշի՝ արդար է նա, թե ոչ: Արդյոք այստեղ հակասություն չկա՞:
-Կա: Բանն այն է, որ այս ամենը Փաշինյանը պետք է աներ Ազգային ժողովի կազմը փոխելուց անմիջապես հետո: Ինչպե՞ս կարելի է օրգանիզմի մի մասը փոխել, մյուս մասը թողնել անփոփոխ: Փաշինյանն ասում է, որ ժամանակ էր տվել համակարգի ներկայացուցիչներին, որ փոխվեին: Ինձ համար դա աբսուրդ է: Ժամանակ էիր տվել, որ տանձը դառնար խնձո՞ր: Դե եթե այդպես էր, Ազգային ժողովին էլ ժամանակ տայիր, թող Գալուստ Սահակյանը դառնար փիլիսոփա: Ինչու՞ չտվեցիր այդ ժամանակը: Բոլորին «փռթեցիր», դատական համակարգն էլ «փռթեիր»: Ուղղակի ժամանակ կորցրեցինք, որն ափսոս էր:
-Դուք վտանգ չե՞ք տեսնում, որ գործադիրը կարող է ճնշել դատական համակարգը, եւ, առհասարակ, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները կարող են դառնալ միաբեւեռ` միանձնյա որոշումներից կախված:
-Բայց ինչու՞ պետք է դատարանը մի հոգուց կախված լինի: Թող լինի անկախ դատարան: Եթե դատավորները կոռուպցիոն սխեմաներով կապված չլինեն իշխանության հետ, կլինեն անկախ: Վաղը մյուս օրը պետք լինի՝ Փաշինյանին էլ կդատեն, եւ ոչ ոք չի կարող իրենց խանգարել:
-Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ հիմա էլ Փաշինյանն իր սրտի դատավորներին չի նշանակի, որոնք իրենից կախված կլինեն:
-Չի անի այդպիսի բան: Պետք է մեխանիզմներ մշակել, որպեսզի դատավորները ընտրվեն, ոչ թե ինքը բերի: Եթե այդպես անի, կդառնա Սերժ Սարգսյան: Իսկ ո՞վ է ասում, որ պետք է իր դատավորներին բերի: Աշխարհով մեկ այնքան լավ մասնագետներ ունենք, թող հրավիրեն: Ես արտիստ եմ, իրավաբան չեմ, բայց իմ կարճ խելքով հասկանում եմ, որ խնդիրը լուծելու բազմաթիվ տարբերակներ կան: Իսկ հանրապետականները վայրի ոռնոց են բարձրացրել, որովհետեւ գիտեն, որ իրենցից շատերը կհայտնվեն ճաղերի ետեւում, այդքան բան:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՍԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է»
«Իհարկե, ժողովուրդը չպետք է փոխի դատական համակարգը, բայց, կանգնելով Փաշինյանի կողքին, մարդիկ ցույց են տալիս, որ կողմ են այն մեթոդներին, որով նա մտադիր է դատական բարեփոխումներ իրականացնել: Այսինքն՝ դատարանները շրջափակելով` նրանք ցույց տվեցին, որ դեմ են նախկին ռեժիմի մնացուկներին եւ ցանկանում են նոր էջ բացել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ Վահագ Ռաշը:
Նրա համոզմամբ՝ պրոցեսը ուշացած է. առաջին բանը, որ պետք է աներ վարչապետը, հենց դատական համակարգը փոխելը պետք է լիներ. «Այն պետք է անկախ լինի եւ ծառայի ժողովրդին, չպետք է որեւէ տեղից թելադրվի: Հիմա այն պրոցեսը, որը սկսվել է, հեղափոխության տրամաբանական շարունակությունն է: Չէ՞ որ հեղափոխության նպատակը հենց հին ռեժիմի առաջնային խնդիրները վերացնելն է, ուստի հասկանալի է, որ այս փուլը վաղ թե ուշ գալու էր»,-ասաց երգիչը:
Նա կարեւորեց ժողովրդի աջակցությունը, քանի որ, վերջին հաշվով, ժողովուրդն է որոշում, թե իրեն ինչպիսի իշխանություն է հարկավոր: «Չնայած առանց դրա էլ հասկանալի է, որ եթե ժողովրդի մեծամասնությունն իր ձայնը տվել է Փաշինյանին, նրա թիմին, ուրեմն վստահում է այս ուժին»,-հավելեց Վահագը:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք նրա ստեղծագործական կյանքից: Պարզվեց՝ շուտով երկրպագուների դատին կհանձնվի հայտնի «Գինի լից» երգը՝ ռոք մատուցմամբ: Վահագը համագործակցել է «The Beautified Project»-ի նախկին անդամ, «New Gray» խմբի հիմնադիր, երաժիշտ Արմեն Շահվերդյանի հետ, որը գործիքավորել է երգը: Առաջիկայում հանդիսատեսի դատին կհանձնվի նաեւ Վահագի «Բակ» երգը, իսկ ավելի ուշ՝ հավանաբար հունվարին, Սոնա Ռուբենյանի հետ զուգերգը՝ «Ձյուն» անունով:
Վահագը պատրաստվում է նաեւ ակուստիկ համերգների: Այնպես որ, ամառը բավականին թեժ է լինելու նրա համար:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՎՃՌԱԿԱՆ ԽԱՂԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է
Հայաստանի Ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը արդեն մոտենում է իր ավարտին: Այս մրցարջանը կարելի է համարել ստացված եւ անսպասելի, որովհետեւ վերջին տուրից առաջ պահպանվում է լարվածությունը եւ չեմպիոնական պայքարը:
Այս տուրում չեմպիոնության համար պայքարում կարեւոր միավորներ կորցրին «Բանանցը» եւ «Փյունիկը»: Իր խաղում կարողացավ հաղթել «Արարատ-Արմենիան», ինչի շնորհիվ էլ այն առայժմ համարվում է առաջին հորիզոնականը զբաղեցնելու գլխավոր ֆավորիտը: Առաջատարը առայժմ շարունակում է մնալ Երեւանի «Փյունիկը», որը 31 խաղից հետո վաստակել է 57 միավոր, իսկ երկրորդ տեղով նրանց շարունակում են հետապնդել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները, որոնք վաստակել են 55 միավոր, սակայն 30 հանդիպումներից հետո:
«Փյունիկը» մայիսի 26-ին սեփական հարկի տակ կընդունի Երեւանի «Արարատին», որտեղ էլ հաղթելու դեպքում կսպասի «Բանանց»-«Արարատ-Արմենիա» խաղի արդյունքին: Ըստ էության, այդ խաղն էլ կլինի վճռորոշը չեմպիոնին որոշելու հարցում:
«Բանանցը» այս տուրում 0:5 հաշվով պարտություն կրեց «Գանձասարից», եւ այս պարտությունը նրանցից հեռացրեց չեմպիոն դառնալու գրեթե բոլոր հույսերը:
Այսպիսով, «Արարատ-Արմենիային» մնում է հաղթել իր վերջին երկու հանդիպումները եւ նվաճել բաղձալի տիտղոսը: Վերջին խաղում, իհարկե, հեշտ պայքար լինել չի կարող, եւ «Բանանցը» կներդնի բոլոր ուժերը առաջնությունը լավ արդյունքով ավարտելու եւ Եվրոպա Լիգայի որակավորման փուլին մասնակցելու ուղեգիր ձեռք բերելու համար:
Հետաքրքիր մրցավազք ստացվեց նաեւ ռմբարկուական պայքարում, որտեղ այս պահին առաջատարը Վանաձորի «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն է իր ակտիվում գրանցած 16 գնդակով: Նրա մոտակա հետապնդողը «Արարատ-Արմենիայից» Կոբյալկոն է, որը դարձել է 12 գոլի հեղինակ:
Այսպիսով, առաջնության ավարտից օրեր առաջ կարելի է ընդգծել, որ Բարձրագույն խումբը այս տարի անչափ հետաքրքիր ստացվեց: Դա կապված էր ե՛ւ առաջնության թիմերի կազմերի ուժեղացման հետ, ե՛ւ նաեւ այն հանգամանքի հետ, որ առաջնության ակումբների կազմը ընդլայնվեց` հասնելով մինչեւ 9-ի:
Շատ կան խոսակցություններ, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայկական մի շարք ակումբներ կրկին կհամալրվեն նոր ֆուտբոլիստներով, եւ կարող ենք հուսալ, որ մյուս մրցաշրջանը ավելի հետաքրքիր եւ հաջողված կստացվի, քան ավարտին մոտեցողը:
Հիշեցնենք, որ չեմպիոն հռչակված թիմը նաեւ կստանա Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլերին մասնակցելու ուղեգիր, իսկ, ահա, փոխչեմպիոնն ու 3-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմերը կմասնակցեն Եվրոպա Լիգայի որակավորման փուլերին:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ