Փաստաբանը կոտրել է Հ1-ի միջնորդությունը, դատարանը` մերժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երրորդ նախնական նիստից հետո դատարանը Հ1-ի լրագրողներ Լիանա Կարապետյանի եվ Սիրանույշ Մուրադյանի` ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի հայցով վարչական գործը նախապատրաստել է դատաքննության: Վարչական դատարանը մերժել է որպես երրորդ կողմ ներգրավված Հ1-ի ներկայացուցչին` գործը չի կասեցրել եվ չիմեժել լրագրողների հայցը: Armlur.am-ը զրուցել է հայցվոր լրագրողների հետ: Նրանք ամփոփում են նախապատրաստական նիստերի ընթացքը :

Ինչպես՞ եք գնահատում հունվարից մեկնարկած դատական պրոցեսը:

Լ.Կարապետյան – Վարչական դատարանում մենք վիճարկում ենք Հանրային հեռուստառադիոխորհրդի որոշումը, որի արդյունքում անհիմն, բացարձակ կամայականությամբ ազատվել ենք աշխատանքից: Այլ խոսքով` պատասխանող կողմը Հեռուստառադիոխորհուրդն է, որի ներկայացուցիչը նախնական երեք նիստերից ոչ մեկին այդպես էլ չներկայացավ դատարան, թեև պատշաճ ծանուցվել էին: Ի դեպ, դատարանն ամեն անգամ արձանագրում է այս փաստը: Ինչեւէ, դա մեր խնդիրը չէ: Որպես երրոդ կողմ դատական պրոցեսին ներգրավվել է Հանրային հեռուստաընկերությունը , որի ներկայացուցիչը վերջին նիստին եկել էր երկու միջնորդությամբ «զինված»: Նա միջնորդեց կամ կարճել վարչական գործի վարույթը , կամ մերժել լրագրողների հայցը: Ոչ ավել, ոչ պակաս փորձ արվեց զրոյացնել արդարության հասնելու մեր ջանքերը… Բայց պետք էր հաշվի առնել` մեր գործը ձախողելու ցանկացած ոտնձգություն կամ գործը արժեզրկելու ցանկացած փորձ կարող է բախվել կոշտ ընդդիմության ու տապալվել: Մեր շահերը պաշտպանող փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Ղազարյանը փաստարկված, կետ առ կետ դատարանին ցույց տվեց Հ1-ի ներկայացուցչի միջնորդությունների անպատեհությունն ու անհամապատասխանությունը: Արդյունքում դատավոր Սամվել Հովակիմյանը երկու միջնորդությունն էլ մերժեց` հավելելով, որ դատարանի այդ մերժումը բողոքարկման ենթակա չէ: Մեր գործն արդար է, մենք չենք պատերազմում ոչ մեկի հետ, մենք պայքարում ենք կամայականության դեմ:

Ս. Մուրադյան– Այո, մեր պայքարը կամայականության դեմ է, սեփական ընտրությամբ, գրչի մի հարվածով մարդու երկարամյա վաստակը փորձադաշտ դարձնելու փորձի դեմ է: Հենց ռեպորտաժ պատրաստելու պահին տեղեկացնել լրագրողին կրճատելու մասին, առանձին, դատարկ մի սենյակում մեկուսացնել գործընկերներից` զրկելով աշխատանաքային սեղանից, համակարգչից , արգելել առավոտյան թռուցկաժողովներին մասնակցել , արգելափակել լրահոսի էլեկտրոնային փոստը… «Հին եք, դրա համար եք կրճատվում» պատասխանը մեզ համար հիմնավորում չէ, հնի հետագիծը աշխատանքային կենսագրությունն է: Որ՞ աստիճանի «հնությունն» է եղել առաջնորդողը , կամայականության որ՞ դոզան է գործել, չգիտենք: Բազմաթիվ են հարցերը, որոնց պատասխանները չունենք և մեծ է հույսը, որ դատարանում կգտնենք: Դատարանն, ի դեպ, վերջին նիստում տեղնուտեղը մերժեց Հ1-ի միջնորդությունը` կասեցնել այս գործը, մերժել հայցը: Մեր պաշտպան Տիգրան Ղազարյանը պարզապես կոտրեց այս միջնորդությունը` իրավական փայլուն հիմնավորմամբ: Մենք շատ բան ենք տեսել` Ամանորի օրերից մինչեվ այսօր ու հիմա սպասում ենք առաջիկա դատաքննությանը: Ամենաթողության ու պատեհապաշտության դեմ պիտի աշխատի գրչի մեկ հարվածը:




Լրահոս