Վահագն աստծուն եվ Աստղիկ աստվածուհուն նվիրված տոն, որ հետո պիտի դառնար Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն: Վարդավառ: Տարիները տոնը ոչ թե մոռացության են մատնել, այլ միայն ձևափոխել՝ նոր իմաստ ու նոր խորհուրդ տվել:
Հեթանոսական արմատները
Տոնը գալիս է մինչքրիստոնեական ժամանակներից և կապված է բերքահավաքի շրջանի հետ: Այն իր մեջ պարունակում էր ջրի ու բնության պաշտամունք և կապված էր Նար և Աստղիկ աստվածությունների հետ: Վարդավառին մեծ տոնակատարություններ էին կատարվում, Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում:
Հոգևոր խորհուրդը
Հայ Առաքելական եկեղեցին Վարդավառը կոչում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է.
«Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29):
Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է.
«Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը` քեզ, մեկը` Մովսեսի, և մյուսը` Եղիայի համար»:
Մինչ նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է.
«Դա է իմ սիրելի որդին, որին հավանեցի, նրան լսեցեք»:
Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:
Ի դեպ
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է.
Ժողովրդական խորհուրդը
«Վարդավառ» ժողովրդական անվանումը գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:
Վարդաջուրը կամ պարզապես ջուրը ամենաակնառու բնութագրիչն է Վարդավառի: Բայց դրանք շատ են:
Այս օրվան բնութագրական է նաև տոնական ծառ պատրաստելը, որի վրա կապել են գույնզգույն ժապավեններ, վարդեր ու ամենակարևորը՝ վարունգ ու խորոված խնձոր:
Հետաքրքիր է…
Ծիսական ուտեստը՝ խնձոր
Հնում տոնի ծիսական ուտեստը համարվել է խորոված խնձորը: Հայերը պարտադիր գիշերը խարույկ էին վառում ու խնձոր խորովում: Խնձորը համարվում է բեղմնավորման սկիզբը:
Ջուրը
Ասում են՝ միմյանց վրա ջուր ցողելով, մարդիկ իբր ազատվում են և՛ ահից ,և՛ հիվանդություններից: Նրանք դառնում են երկարակյաց:
Հնում մարդիկ հավատում էին, որ Վարդավառի ջուրն իր մեջ ուներ գերբնական հատկություններ: Այդ ջրցողումները չէին արվում այնպես, ինչպես այսօր փողոցերում: Դրանք արվում էին ջրամբարների ու գետերի մոտ, այնտեղ որտեղ ջրառատ միջավայր կար: Այն, ինչ այսօր վերածվել է խաղի, մի ժամանակ մարդիկ հավատում էին, որ դրանով իրենց ապահովում են չարից ու հիվանդություններից: