Հայաստանյան դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունների իրականացման անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, եւ դատարանների շենքերը շրջափակելու կոչին հաջորդած ակցիայից հետո մտավախություն կար, որ միջազգային կառույցները, այնուամենայնիվ, բացասաբար կընդունեն կատարվածն ու կոշտ կարձագանքեն: Նախկին իշխանություններն այդ կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացրին` միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով կատարվածի վրա: Տեղի ունեցավ հակառակը: Միջազգային կառույցները՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ԵԽԽՎ համազեկուցողները, ՀՀ-ում ԵՄ դեսպանը, իրենց քաղաքական աջակցությունն են հայտնել իշխանությունների նախաձեռնությանը եւ շեշտել այդ գործընթացում ՀՀ սահմանադրությանը համահունչ գործելու անհրաժեշտության մասին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց. «Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, եւ մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների` երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»: ԵԽԽՎ համազեկուցողները շեշտել են, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություն լինել, ուստի իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ինչպես նաեւ այդ ամենը Եվրոպայի խորհրդի օգնությամբ իրականացնելու ցանկությունը:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին էլ ասել է, որ պատրաստակամ են «աջակցել ՀՀ-ին արդարադատության ոլորտում խորը եւ համապարփակ բարեփոխումների համար տեխնիկական կամ խորհրդատվական աջակցությամբ, բավականին ծավալուն ֆինանսական աջակցությամբ: Մենք մեծապես աջակցում ենք վարչապետի կողմից ստանձնած պարտավորություններին` արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»:
Փաստորեն, իշխանություններն ունեն քաղաքական աջակցություն, բայց, նկատենք, ոչ պակաս կարեւոր է ֆինանսական աջակցությունը. ի վերջո, նման լրջագույն խնդիրներն ինքնուրույն լուծելու համար միայն քաղաքական կամքը բավարար չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ իրավապահ համակարգը փնտրում է աղբյուրին, որը դատական փորձագետ ներկայացած Արտակ Գալստյանին հայտնել է` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ու Վերաքննիչի եւս երկու դատավորներ՝ Արշակ Վարդանյանն ու Մխիթար Պապոյանը: Մեր տեղեկություններով` իրավապահները ստուգումներ են անում ու բացատրություններ վերցնում դատական համակարգի ներկայացուցիչներից` փորձելով հասկանալ, թե նրանք ինչ կապ ունեն դատական փորձագետի հրապարակած տեղեկությունների հետ: Ասել է թե` դատական համակարգում կասկածներ ունեն, որ միգուցե իրենց մոտից է այդ ինֆորմացիան դուրս եկել, եւ դատավորների դեմ «շառ են անում»: Ինչ կպարզվի այս ամենի արդյունքում, սպասենք զարգացումների, սակայն ակնհայտ է այն, որ դատական համակարգում խառնված են իրար:
ՀՀ քաղաքացիները, որոնք հասնում են կենսաթոշակային տարիքի, հաճախ հայտնվում են լուրջ խնդրի առաջ. աշխատանքային ստաժը հաշվարկելու ժամանակ քաղաքացու համար արխիվային տեղեկանքները դարձել են անհասանելի: Նրանք չեն կարող արխիվից ձեռք բերել իրենց աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքները: Այս խնդրի միակ լուծումը դատարան դիմելն է: Բայց կենսաթոշակային տարիքի հասած շատ քաղաքացիներ չեն դիմում այդ քայլին տարիներ տեւող դատական քաշքշուկներից խուսափելու համար: Ավելին, դեռ հայտնի էլ չէ` կլուծվի նրանց հարցը, թե ոչ: Մինչ այդ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս կապակցությամբ ասել է. «Օրենքով սահմանված է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, եւ այդ փաստաթղթերի առկայության դեպքում է, որ դիտարկվում է նրա` կենսաթոշակի իրավունքը: Եթե չկա փաստաթուղթ, ուրեմն նա չի աշխատել: Ասում է` աշխատել եմ, բայց թղթերը չկան, ո՞նց հավատանք»:
Այս տարվա առաջին եռամսյակում հազար խոշոր հարկատուների եռյակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թեեւ մնացել է նույնը, սակայն, բացառությամբ առաջին հորիզոնականը զբաղեցնող «Գազպրոմ Արմենիա» ընկերության, մյուսները ավելացրել են վճարած հարկերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գազպրոմ Արմենիան» վճարել է 13մլրդ 570.6 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարի նրա մուծած հարկերը կազմել էին 13մլրդ 996.6 մլն: Երկրորդ հորիզոնականում «Գրանդ տոբակո» ընկերութունն է, որ այս տարի վճարել է 12 մլրդ 830 մլն դրամ՝ նախորդ տարվա 8 մլրդ դրամի փոխարեն: Ինչ վերաբերում է երրորդ հորիզոնականին, այստեղ Զանգեզուրի պղձամոլիբդենային կոմբինատն է՝ 6 մլրդ 684.4 մլն դրամ վճարումով, իսկ նախորդ տարի այս ընկերությունը վճարել էր 4.1 մլրդ դրամ: Մեկ ուշագրավ փաստ էլ. խոշոր հարկատուների առաջին տասնյակն էլ վճարել է ընդհանուր 59.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 45.7 մլրդ դրամի փոխարեն:
ՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ
Հայաստանում դժգոհության լուրջ ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում վերանշանակեց Վազգեն Մանուկյանին: Շատերը քննադատեցին Նիկոլ Փաշինյանին, երբ դրանից հետո՝ մարտի 1-ին, հանդիպելով Վազգեն Մանուկյանի հետ` նրան «ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար» էր կոչել:
Ու վերջին օրերին Վազգեն Մանուկյանն իր գործողություններով հետեւողականորեն ապացուցում է` մարդիկ իրավացի էին, երբ վարչապետին քննադատում էին Մանուկյանի հանդեպ այդքան բարեհաճ գտնվելու համար: Երեկ նա շտապեց Հանրային խորհրդի արտահերթ նիստում քննադատել Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությունները` դատաիրավական ոլորտում վիրահատական միջամտությունների մասին: Մանուկյանը նաեւ մտահոգություն հայտնեց Փաշինյանի` Արցախ-Հայաստան փոխհարաբերությունների, «դավադիր պատերազմ հրահրելու», «որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու» հայտարարությունների վերաբերյալ։ Ու որ ամենակարեւորն է՝ նա «վտանգավոր եւ վնասակար» է գնահատել նաեւ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու՝ իշխանությունների մտադրությունը։
Այլ կերպ ասած` Վազգեն Մանուկյանը դեմ է այսօր դատավորներին ոչ միայն վեթթինգի ենթարկելուն ու անցումային արդարադատության ներդրմանը, այլեւ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուն: Մի հանգամանք, որը լուրջ տարակուսանք է առաջացնում, եթե հաշվի առնենք, որ մեզանում կա վարչապետի հայտարարած քայլերի իրականացման հասարակական պահանջ:
Բայց նկատենք՝ երբ ՀՀԿ-ականներն են դեմ արտահայտվում այս ամենին, միանգամայն հասկանալի է. ի վերջո, այդ ժամանակ երկրի նախագահի պաշտոնում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն էր, ասել է թե` հենց նա է կատարվածի պատասխանատուն, եւ բացահայտումների դեպքում անկանխատեսելի զարգացումների կարող ենք ականատես լինել: Պատահական չէ, որ Փաշինյանը մի առիթով ասել էր, թե քառօրյա պատերազմի մասին հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր է կարդացել, եւ «այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»: Այսինքն` այդ հանձնաժողովի ձեւավորումը կարող է ՀՀԿ առաջնորդի համար տխուր հետեւանքներ ունենալ` ընդհուպ մինչեւ ամբաստանյալի աթոռին հայտնվելը:
Իսկ երբ այս ամենին դեմ է արտահայտվում Վազգեն Մանուկյանը, այն էլ՝ առանց փաստարկներ բերելու, միանգամայն այլ մեկնաբանությունների ու եզրակացությունների տեղիք է տալիս: