ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենք եւս կարծում են, որ պետք է դատական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնել, բայց դա պետք է անել օրինականության շրջանակներում:
-Տիկի՛ն Սամսոնյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ Ձեր խմբակցությունը արտահերթ նիստ հրավիրելու օրակարգը չի ներկայացնում, ու անհասկանալի է, թե, ի վերջո, ինչու եք ցանկանում արտահերթ նիստ հրավիրել: Ինչո՞ւ չեք ներկայացնում այն օրակարգը, որի շուրջ նպատակ ունեք արտահերթ նիստ հրավիրել:
-Մենք պարզաբանում ենք, թե ինչի շուրջ է լինելու արտահերթը, ու մենք չենք խուսափում ներկայացնել օրակարգը: Մեզ ասել են, որ պետք է կցվի նաեւ հայտարարության տեքստ, մենք անպայման կներկայացնենք:
-Ըստ Ձեզ` ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչները հակված չեն արտահերթ նիստի: Նկատո՞ւմ եք խուսափողականություն այդ հարցում, ինչպես նախորդ իշխանություններն էին անում, երբ ընդդիմությունն էր նման առաջարկությամբ դիմում:
-Գիտեք, խուսափողականության մասով եթե խոսենք, ապա ես դա կարող եմ գնահատել միայն նրանով, որ իրենք չմասնակցեցին ստորագրահավաքին: Այսինքն` արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության տակ ստորագրել են միայն «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցության 18 պատգամավորները:
-Ինչո՞ւ չեն ցանկանում, որպեսզի կայանա այդ արտահերթ նիստը:
-Չեմ կարող ասել, գուցե իրենց հարցնեք, ես չեմ կարող որեւէ բան ասել. ցանկությունների մասին իրենք պետք է ասեն:
-«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քննարկե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը` կապված դատաիրավական բարեփոխումների, այնտեղ «վիրահատական» միջամտություններ անելու հետ: Կո՞ղմ եք վարչապետի հայտարարությանը:
-Վիրահատություն պետք է իրականացնել, բայց այդ վիրահատությունը պետք է իրականացնել օրինականության սահմաններում, իրավականության սահմաններում եւ «Լուսավոր Հայաստան»-ի դիրքորոշումը հայտնի էր դեռեւս այդ ակցիայի` դատարանների մուտքերը, ելքերը շրջափակելուց առաջ: Մենք նախորդ օրը արձանագրեցինք, վարչապետին կոչ արեցինք, որ ձեռնպահ մնա, չդիմեն այդ գործողություններին: Եւ հետո մենք հրապարակեցինք, փորձեինք սոցցանցերում տեղ հասցնել մի միտք, որ, օրինակ, կարելի է կիրառել վեթթինգը: Փաստորեն, այդ միտքը կար նաեւ գործադիրում, բայց հարց է ծագում, եթե այդ միտքը կար գործադիրում, այս գործողությունների նպատակը ո՞րն էր:
-Տեսակետ կա, որ սա միակ տարբերակն էր դատական մարմնի ներկայացուցիչներին ապացուցելու, որ իշխանություններն ունեն լեգիտիմություն ու ցանկացած պահի ցանկացած ոլորտում կարող են հեղափոխություն իրականացնել:
-Ես կարծում եմ, որ Հայաստանում ոչ ոք չի կասկածում, որ 70 տոկոս ձայն ունեցող ուժ Հայաստանում չունի լեգիտիմություն, եւ պետք է հավելյալ ջանքեր գործադրել ինչ-որ լեգիտիմություն, հանրության վստահությունը ցույց տալու կամ ապացուցելու համար: Մենք դատական համակարգին մեկ բան ունենք ցույց տալու` փաթեթ` հստակ բարեփոխումներով, թե ինչ ենք մենք որոշել անել, ինչն է լինելու մեր քայլերը, մեր հետագա գործողությունները, ինչպես ենք որոշել առողջացնել դատական համակարգը: Այլ բան դատական համակարգին ցույց տալը փակուղի է, սա օրինականության սահմաններում չի:
-Դատավորների հրաժարական, Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարական եւ ԲԴԽ նախագահի հրաժարական. սա է իշխանությունների, կարելի է ասել, նպատակը: Ըստ Ձեզ` դա իրական կդառնա՞:
-Ես կարծում եմ, որ մենք պետք է հավաքվենք ու քննարկենք. դա պարոն վարչապետն ասում է անցումային արդարադատության գործի շրջանակներում: Մեր արտահերթ նիստը նաեւ դրա մասին էր, որ եկեք հավաքվենք, քննարկենք, թե ինչ չափանիշներ ենք դնում, ինչ ենք մենք ուզում: Մինչեւ մենք դա չհասկանանք, մենք չենք կարող համարել` դա ճիշտ էր, թե ճիշտ չէր: Առանց քննարկման դաշտ ստեղծելու եւ առողջ մթնոլորտ գեներացնելու մենք չենք կարող որեւէ գործողություններ անել. դրանք լինելու են էմոցիոնալ գործողություններ, որոնք որ կարող են ոչ միայն չառողջացնել համակարգը, դա կարող է աչքի փոխարեն ունքը հանել:
-Իսկ խմբակցությունը ի՞նչ տեսակետ ունի Նիկոլ Փաշինյանի վերջին ուշագրավ հայտարարության մասին, երբ ասաց, որ հնարավոր է` ստեղծեն հանձնաժողով, որը կքննարկի Ապրիլյան պատերազմի հանգամանքները:
-Կա պահանջ, ու այդ պահանջը եղել է անցած տարվանից: Ապրիլյան պատերազմում կան կետեր, որոնք պետք է բացահայտել, որովհետեւ մենք ստանում էինք տեղեկատվություն այն մասին, որ դիզվառելիք չի եղել, բահերով են կռվել ու շատ այլ նման տեղեկություններ, ինչի մասին, կարծում եմ, պետք է կատարվեն ուսումնասիրություններ: Ես կարծում եմ, որ գործադիրը հասկացել է, որ այդ պահանջը ուժի մեջ է, եւ եթե այդ քննիչ հանձնաժողովն իսկապես կարողանա նորմալ գործել, ու դա նպաստի համակարգի առողջացմանը, մենք իհարկե կողմ ենք ու այդ հարցերում մենք աջակցելու ենք:
ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԵՔ ԺԱՄ ՆԻՍՏ ԱՐԵՁՋՖ
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ էր հրավիրել, որ տեւեց մոտ երեք ժամ: Խմբակցության նիստն այնքան թեժ էր, որ պատգամավորների ձայնը լսելի էր անգամ այն հատվածում, որտեղ լրագրողները սպասում էին: Պատգամավորները ներսուդուրս էին անում ու ամեն վայրկյան հայտարարում էին, թե «հեսա կպրծնի» քննարկումը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին իսկապես իրավիճակը շատ լարված է, քանի որ վերջին օրերին ամեն օր տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք խմբակցությունում փորձում են քննարկել ու ելքեր գտնել:
Երեկ` նիստի ավարտից հետո, այդպես էլ անհայտ մնաց, թե, ի վերջո, ինչ է որոշել իրենց խմբակցությունը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության այն առաջարկի մասին, թե պետք է օր առաջ արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել դատաիրավական համակարգում կատարվելիք իրադարձությունները:
Ի դեպ, երեկ պատգամավորները խմբակցության նիստի մտնելիս եւ նիստից դուրս գալիս շատ մտահոգ էին. նրանց խոսքերով` օրակարգը շատ հագեցած էր, ու քննարկվելիք հարցերը մտահոգիչ են: Նիստի ընթացքում էլ որոշ պատգամավորներ դուրս էին գալիս ծխելու ու արդեն խումբ-խումբ քննարկում այն հարցերը, որոնք խմբակցության նիստում քննարկվում էին:
Երեկ` նիստի ավարտից հետո, իշխանական պատգամավորները որեւէ բան չցանկացան խոսել` հայտարարելով, թե բոլոր հարցերին կպատասխանի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Բայց նա էլ չցանկացավ մեկնաբանել այն ամենը, ինչ քննարկել էին. միայն նշեց, թե խմբակցությունում քննարկումներ էին ու վերջ:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼ
Երեւանի ավագանին որոշման նախագիծ է մշակել` հանրային քննարկումներ կազմակերպելու մասին: Թեման` Մարշալ Բաղրամյան պողոտայի հ. 26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից Երեւանի քաղաքապետարան է ներկայացվել առաջարկություն` նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու վերաբերյալ: Ինչպես հայտնի է, նախագահը եւ իր աշխատակազմը մարտի 1-ից Մաշտոցի պողոտա 47 հասցեից տեղափոխվել են վերը նշված հասցեում գտնվող նախագահական նստավայր: Պարզվում է` ՀՀ նախագահի աշխատակազմը ծրագրում է այդ հասցեում գտնվող վարչական շենքի դահլիճներում, ինչպես նաեւ հարակից տարածքում իրականացնել մշակութային միջոցառումներ` համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ եւ այլն:
ՆԵՂԱՑԱԾ ՉԷ
Օրեր առաջ Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը` Վարուժ Վրեժ Աղաջանյանը, իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ դպրոցականներին առանց ծնողներին զգուշացնելու տանում են «Գարդասիլ» պատվաստելու: Նրա ահազանգին անմիջապես արձագանքել էր ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը եւ հայտարարել, որ այդ լուրերի հիման վրա վարչական վարույթ է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթը առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե վարույթն այժմ որ փուլում է գտնվում: «Ծանուցման հետ կապված ուշացում է եղել: Այսինքն` դպրոցի տնօրենը չի ծանուցվել, նորից ենք այն ուղարկել, լսում կլինի, դրանից հետո` գործի քննություն: Մանրամասների մասին առաջիկայում կհայտնենք: Իրենց մենք դեռ չենք լսել, որովհետեւ խախտումներ կար, արձանագրվել էր, խնդիր կա, որը լսումների ժամանակ կպարզվի»,- տեղեկացրեց Խուրշուդյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեսչական մարմնի ղեկավարից հետաքրքրվեց` ինչն է ուշ ծանուցելու պատճառը. ««Հայփոստ»-ով ուղարկելու ժամանակ օրերի խնդիր է եղել, ուշ են ստացել ծանուցումը: Հետաձգել ենք մի քանի օրով, հետո կլինի լսում, պաշտոնապես կծանուցվեն, կգան, կմասնակցեն, ինչից հետո վերջնական եզրակացությունը կունենանք»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք նեղացած է նախարարի կոշտ արձագանքից: Հարցին ի պատասխան` Խուրշուդյանն արձագանքեց` նշելով, որ նեղացած չէ: «Երբեք որեւէ նախարարից չի կարելի նեղանալ: Մենք արել ենք մեր գործառույթները, որը եղել է հիմնավոր, հետագայում դրա մասին կհայտնենք»: Հիշեցնենք, որ ավելի ուշ դպրոցի ուսուցիչն ասել էր, թե աշակերտներն իրեն խաբել են դասերին բացակայությունն արդարացնելու համար: