«Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որ ստացավ «հետկանչման օրինագիծ» անունը, ԱԺ պատգամավորները որոշել են հետ կանչել ՀՀ կառավարությունից: Խոսքն այն նախագծի մասին է, որով նախատեսվում էր համայնքի բնակչությանն իրավունք տալ նախաձեռնելու ու տեղական հանրաքվեի դնելու համայնքապետին անվստահություն հայտնելու հարցը: Պատգամավորները նման նախագիծ են ներկայացրել այն բանից հետո, երբ թավշյա հեղափոխությունից որոշ ժամանակ անց մի շարք համայնքներում մարդիկ ոտքի կանգնեցին՝ պահանջելով իրենց գյուղապետի կամ քաղաքապետի հրաժարականը: Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է օրինագիծը կառավարությունից ետ կանչելու մասին տեղեկությունը` մեկնաբանելով. «Հետ ենք կանչել, քանի որ 2007թ.-ին Վանաձորի մի շարք կազմակերպություններ նախաձեռնել են տեղական հանրաքվե` քաղաքապետի հետկանչի, անվստահության թեմայով: Հանրաքվե անցկացնելու այդ որոշումը հասել է Սահմանադրական դատարան եւ ճանաչվել է հակասահմանադրական»: Այնուամենայնիվ, նկատենք, որ իշխանությունները ցանկանում են օրենսդրորեն սահմանել համայնքապետերին նաեւ բնակչության ցանկությամբ ետ կանչելու մեխանիզմներ, պարզապես այդ ամենը պետք է արվի գործող Սահմանադրությանը համապատասխան:
Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում ԱԺ է ներկայացրել իրավագետ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, սակայն խորհրդարանական մեծամասնությունը պատրաստվում է մերժել նաեւ նրան` ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ցանկանալով տեսնել «Մարտի 1»-ի գործով զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանին: Երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Վաղարշյանի թեկնածության հանդեպ իր բացասական վերաբերմունքն անուղղակի ի ցույց է դրել նաեւ նրա հետ հանդիպման ժամանակ: 88 հոգանոց խմբակցությունից ընդամենը 13 հոգի է մասնակցել այդ հանդիպմանը, ընդ որում՝ ներկա չեն եղել ո՛չ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ո՛չ էլ քարտուղար Հակոբ Սիմիդյանը: «Իմ քայլը» խմբակցությունից հանդիպմանը ներկա պատգամավորներից Մարիա Կարապետյանը գործընկերների բացակայությունը պայմանավորեց զուգահեռ այլ նիստեր լինելու եւ լարված աշխատանքի հանգամանքով։ Ամեն դեպքում, նկատենք՝ թեեւ խմբակցությունը պաշտոնապես որոշում չի կայացրել, բայց ակնհայտ է՝ դեմ է քվեարկելու նաեւ այս թեկնածուին:
Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ խորհրդի նիստում խորհրդարանական մեծամասնությունը մերժել է ընդդիմադիրների` այսօր արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը` օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու` ժողովրդին ուղղված կոչը եւ դրանից հետո ստեղծված իրավիճակը քննարկելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ԱԺ արտահերթ նիստի անցկացումը մերժելու հիմնական պատճառը այն է, որ այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նիստեր կան, բացի այդ, իշխանությունները կտրականապես դեմ են ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցությունների առաջարկած օրակարգին, ձեւակերպումներին: Իշխող ուժի պատգամավորները հայտարարել են, թե վարչապետը հակասահմանադրական որեւէ քայլ չի արել, ավելին՝ դատաիրավական համակարգում տիրող խնդիրներն ու դրանք վիրահատական միջամտությամբ լուծելու անհրաժեշտությունը տեսնում են բոլորը, ուստի լրացուցիչ ԱԺ նիստ հրավիրելը նպատակահարմար չէ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ իշխող ուժի պատգամավորներն ասել են, թե վաղը լինելու է անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ, եւ ընդդիմադիրները կարող են իրենց տեսակետներն այդ ժամանակ ներկայացնել:
«Ժողովուրդ, օրաթերթի տեղեկություններով` ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել: Ինչպես հայտնի է, իշխանությունները նպատակ ունեն դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնելու, եւ Գ. Հարությունյանն առաջիններից մեկն է լինելու, որ թողնելու է պաշտոնը: Տեսակետ կա՝ ոլորտի ինքնամաքրումը պետք է սկսվի հենց ԲԴԽ-ից, եւ հենց առաջին հրաժարականը պետք է ներկայացնի նախկին իշխանությունների հետ խնամիական կապեր ունեցող Հարությունյանը: Բացի այդ, նա համարվում է անկախ Հայաստանում կեղծված բոլոր համապետական ընտրությունների կնքահայրը, քանի որ ժամանակին նրա ղեկավարած ՍԴ-ն է վավերացրել բոլոր կեղծված ընտրությունների արդյունքները: Նկատենք, որ Հարությունյանի պաշտոնավարման օրինականությունը շատ է կասկածի տակ դրվել՝ հաշվի առնելով նրա տարիքն ու օրենսդրական սահմանափակումները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Դատական դեպարտամենտ, որտեղից ասացին. «Մեր օրակարգում նման հարց գոյություն չունի»:
ՀԱՄԱՌ ԴՈՒՐՍ ԵԿԱՆՔ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման այսպիսով կարելի է փակված համարել:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ներկայացրել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը: Աշնանը կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստում կընդունվի համապատասխան որոշումը: Բայց Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները պետք է ստանձնի 2020-ի հունվարի 1-ից. ԱԳ նախարարների խորհրդի նիստում այդ մասին հայտարարել է Ղրղզստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Չինգիզ Այդարբեկովը:
Տեղի ունեցածը, թերեւս, շատ կարեւոր է մեկ պարզ պատճառով. ինչպես հայտնի է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք առաջադրելուց հետո Հայաստանը նրան ետ կանչեց: Դրանից հետո Բելառուսն ու Ղազախստանը պնդում էին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պիտի նշանակվի Բելառուսի ներկայացուցիչը, թեեւ մինչեւ 2020թ. այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունքը ՀՀ-ինն է: Խաչատուրովին ետ կանչելուց հետո ՀՀ իշխանությունները նոր թեկնածու չկարողացան նշանակել. ՀԱՊԿ կանոնադրության մեջ գլխավոր քարտուղարին ժամկետից շուտ ետ կանչելու դեպքում խնդիրը լուծելու մեխանիզմները չկային ամրագրված, եւ Բելառուսն ու Ղազախստանն էլ, օգտվելով այդ սողանցքներից, պնդեցին, որ ՀՀ-ն իրավունք չունի նոր թեկնածու առաջադրել: Բայց Հայաստանին էլ հաջողվեց այդ պաշտոնը թեկուզ թափուր, բայց իրենը պահել մինչ ժամկետի ավարտը` չհամաձայնելով ուրիշ երկրի ներկայացուցչի նշանակմանը:
Այսպիսով, կարելի է փաստել, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ խնդրում ինչ-որ տեղ հաղթող դուրս եկավ, եթե հաշվի առնենք ՀՀ իշխանությունների նկատմամբ այդ ընթացքում գործադրված անուղղակի ճնշումները: ՀՀ իշխանությունները ճնշումներին տեղի չտվեցին ու իրենց դիրքերը չզիջեցին: Միաժամանակ, այստեղ կարեւոր էր ՌԴ-ի դիրքորոշումը. Ռուսաստանը, հանդիսանալով ՀԱՊԿ-ում հիմնական թելադրող երկիրը, այս հարցում բացարձակ չեզոքություն պահպանեց: Հակառակ ոմանց չարագուշակ կանխատեսումներին, թե այնուամենանիվ, կփորձի իր ազդեցությունն օգտագործել՝ ՀՀ-ին ստիպելով նահանջել, ՌԴ-ն որեւէ քայլ չարեց:
Համաձայնեք, հակառակ դեպքում, եթե հանկարծ ՀԱԿՊ-ում ժամանակից շուտ Բելառուսին հաջողվեր գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին նշանակել, ոմանց համար իսկապես շահարկումների լայն դաշտ կբացվեր: Նման շահարկումներ փորձում էին անել, անգամ երբ դեռ ոչինչ տեղի չէր ունեցել: