Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար որպես թեկնածու առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Նա էլ արդեն հասցրել է հանդիպել ԱԺ երեք խմբակցություններից երկուսին՝ «Իմ քայլ»-ին եւ «Լուսավոր Հայաստան»-ին։
Նախ` նշենք, որ Արթուր Վաղարշյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչն է, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Եվ հետաքրքիր է, որ վերջերս ԱԺ-ում դատավորի մեկ այլ թեկնածու Հայկ Հովհաննիսյանին մերժելուց հետո ակտիվ խոսակցություններ եւ քննարկումներ էին ընթանում, թե անկասկած Արմեն Սարգսյանն առաջադրելու է Վահե Գրիգորյանի թեկնածությունը, քանի որ նա է իշխող «Իմ քայլը» խմբակցության համար նախընտրելի թեկնածու: Սակայն նման բան չեղավ. առաջադրվել են 9 թեկնածուներ, որոնցից երեքը ցանկացել էին գաղտնի մնալ, իսկ մյուսներն էին Վահե Գրիգորյանը (առաջադրվել էր արդեն 3-րդ անգամ), Մարտին Մանուկյանը, Գեւորգ Մուրադյանը, Կարեն Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ հենց ինքը՝ Արթուր Վաղարշյանը։
Ինչպես արդեն նշեցինք, ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանն արդեն հասցրել է հանդիպել երեք խմբակցություններից երկուսին։ Սակայն երկու խմբակցությունների ներկայացուցիչներն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեցին, թե վերջնական որոշում չունեն հանդիպումից հետո եւ սպասում են նաեւ լիագումար նիստում հարցի քննարկմանը։
Օրինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, որ եւս ներկա է եղել թեկնածուի հետ հանդիպմանը, նշեց, որ հանդիպումից դրական տպավորություն է ստացել, բայց դեռ թե՛ ինքը, թե՛ ամբողջ խմբակցությունը որեւէ որոշում չունի այդ առումով։
Ուշագրավ էր, սակայն, ՍԴ դատավորի թեկնածուի հանդիպումն իշխող «Իմ քայլը» խմբակցության հետ: Երեկ 88 անդամ ունեցող խմբակցությունից հաշված մարդիկ էին ներկա թեկնածուի հետ հանդիպմանը:Անգամ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը ներկա չէին հանդիպմանը, իսկ այն էլ վարել է պատգամավորներից Սիսակ Գաբրիելյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Նիկոլայ Բաղդասարյանը, Արփի Դավոյանը, Կորյուն Սիմոնյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը եւ այլք, ընդհանուր՝ մոտ 13 հոգի։ Սա, թերեւս, պատահական չէ, եթե հաշվի առնենք փաստը, որ իշխանությունները, հանձին «Իմ քայլը» խմբակցության, ցանկանում են ՍԴ դատավոր տեսնել Վահե Գրիգորյանին, բայց նախագահ Սարգսյանը դեռ նրան չի առաջադրում:
Տեղեկացանք, որ հանդիպման ընթացքում թեկնածուն հիմնականում խոսել է իր կենսագրության եւ աշխատանքային փորձի մասին։ Բանն այն է, որ նա հիմնականում զբաղվել է դասախոսական գործունեությամբ եւ հանրային հարցերում այդքան ակտիվ չի եղել, կարծիքներ չի արտահայտել։ Եվ երեկվա հանդիպման ընթացքում հենց այդպիսի հարցեր են շատ հնչել. անդրադարձել է այդ պաշտոնում ընտրվելու դեպքում իր գործունեության տեսլականին, ապա պատասխանել նաեւ պատգամավորների բազմաթիվ հարցերին։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Մարիա Կարապետյանը եւս նշեց, թե հանդիպման հիմնական նպատակը եղել է հենց թեկնածուի անցած ուղուն եւ կենսագրությանը ծանոթանալը, քանի որ վերջինս հանրային անձ չի եղել։ Վերջինս նաեւ նշեց, թե, ամեն դեպքում, հանդիպումն իր համար բավարար չի եղել վերջնական որոշման համար, եւ նոր հարցեր է պատրաստվում տալ եւ դրանից հետո միայն որոշում կայացնել։ «Անձամբ ես անհրաժեշտություն ունեմ թեկնածուի հետ մի փոքր ավելի լավ ծանոթանալու։ Հանդիպումից հետո առաջացան նոր հարցեր. պետք է մտածեմ, ձեւակերպեմ դրանք եւ ուղղեմ արդեն լիագումար նիստում։ Դա առաջին շփումն էր, եւ քանի որ նա անծանոթ էր մեզ, կարիք կար իր հայացքներին ծանոթանալու, եւ առաջին շփումը դրական էր», – նշեց նա։
Մեր դիտարկմանը՝ ինչու 88 հոգանոց խմբակցությունից հաշված թվով պատգամավորներ էին միայն ներկա հանդիպմանը, Մարիա Կարապետյանը պայմանավորեց զուգահեռ այլ նիստեր լինելու եւ լարված աշխատանքի հանգամանքով։ սակայն նկատենք, որ, ամեն դեպքում, զուգահեռ ընթացող նիստերն այլ ժամերի են նաեւ եղել։ Իսկ Մարիայի խոսքով` հանդիպմանը եկել են այն պատգամավորները, որոնք ձեւակերպված հարց են ունեցել թեկնածուին։
Եվ չնայած, իմքայլական պատգամավորի խոսքով, խմբակցությունում դեռեւս վերջնական որոշում չկա, սակայն չի բացառվում, որ այս անգամ էլ խմբակցությունը կրկին բացասական որոշում կայացնի եւ մերժի` ըստ էության հերթական անգամ հասկացնելով, որ իր թեկածուն Վահե Գրիգորյանն է, ու նույնկերպ իրենք կմերժեն ցանկացած թեկնածուի, մինչեւ նախագահն ԱԺ չներկայացնի Գրիգորյանին:
Հավելենք, որ ՍԴ դատավորի ընտրությունն արդեն չորրորդ անգամ է անցկացվում, քանի որ տարբեր պատճառներով չէին ընտրվում առաջադրված թեկնածուները։ Ապրիլի 16-ին էլ տեղի ունեցած ընտրության ժամանակ խորհրդարանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրեց նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՕԵԿ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎՃԻՌԸ
Դատարանն օրերս հրապարակեց «Օրինաց երկիր» կուսակցության կողմից ավագանու թեկնածու առաջադրված Լիանա Մանուկյանի դատավճիռը: «Ժողովուրդ» օրաթերթը ժամանակին առիթ ունեցել է տեղեկացնելու, որ 2018թ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում քրեական գործ էր հարուցվել ավագանու ՕԵԿ-ական թեկնածու Լիանա Մանուկյանի դեմ: Նրան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ Էլիզա եւ Լուսինե Ջանոյանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրանք էր առաջադրվել: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին, քրգործն էլ ուղարկվել էր դատարան: Եւ, ահա, դատարանը վճռեց Լիանա Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար եւ պատիժ նշանակել տուգանք` 700 հազար դրամի չափով:
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՐ
Առաջիկայում ՀՀ վարչապետի աշխատակազմին գումար կհատկացվի։ Խոսքը 11.5 մլն դրամի մասին է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գումարով կնորոգվի կառավարական առաջին մասնաշենքի` քաղաքացիների ընդունելությունների տարածքը։ Պարզվում է` այդ 11.5 մլն դրամ գումարը նախատեսված է եղել տրամադրել քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին։ Սակայն վարչապետի աշխատակազմը որոշել է «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին» միջոցառման իրականացումը հետաձգել մեկ տարով։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ 2019 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 11,5 մլն դրամ կուղղվի «Կառավարություն-քաղաքացի փոխգործակցության ապահովմանն ուղղված ծրագիր» միջոցառման իրականացմանը։ Ասել է թե` Փաշինյանի կառավարությունը կարեւորում է քաղաքացիների հետ մշտական կապը, եւ հիմա պատրաստվում են հարմարավետ պայմաններ ստեղծել քաղաքացիների ընդունելության համար:
ԱԺ-ՈՒՄ Է ԱՐԴԵՆ
ՀՀ հաշվեքննիչ պալատն օրերս ԱԺ է ներկայացրել 2018 թվականի գործունեության տարեկան հաղորդումը: Ըստ այդմ, ՀՊ հաշվետվությունը նախ կքննարկվի ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում, ապա արդեն ԱԺ լիագումար նիստում: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հաշվետվությունը, պարզեց՝ ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել 25 հաշվեքննություն, սակայն դրանցից միայն 19 է ավարտվել, երկուսը կասեցված են, իսկ չորսի մասով աշխատանքները շսրունակվում են: Դրանք վերաբերում են Պաշտպանության նախարարությանը, «Հայաստան» հիմնադրամին, ռուս-հայկական համալսարանին եւ դեղերի շրջանառության պետական կարգավորմանը: Նկատենք, որ ՀՊ հաշվետվությունները լավագույն պատկերացումն են տալիս ՀՀ-ում նախորդ իշխանությունների օրոք եղած կոռուպցիայի մասին:
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բյուջետային հավելյալ միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր: Ըստ կառավարության մամուլի ծառայության` իր խոսքում վարչապետը մասնավորապես նշել է. «Արդեն հայտարարել եմ, որ այս տարի մենք պետական բյուջեի եկամտային մասի շուրջ 62 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, այսինքն` ոչ թե սպասում ենք, այլ վստահ ենք, որ առնվազն 62 մլրդ դրամով կգերակատարենք այս տարվա բյուջեի եկամտային մասը: Եվ, ահա, մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես պետք է տեղաբաշխել այդ հավելյալ բյուջետային միջոցները: Ըստ էության, մենք արդեն երեք հարցի վերաբերյալ որոշում կայացրել ենք: Այդ գումարներից հավելյալ 7 մլրդ դրամ կտրամադրվի ճանապարհաշինության ծրագրին»: Վարչապետը նշել է, որ ճիշտ որոշում ասելով` նկատի ունի այն, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` գրանցվել է համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ: Նա հանձնարարել է սեղմ ժամկետներում լրացուցիչ քննարկել առաջարկություններն ու իրականացնել ծրագրերի արդյունավետության գնահատում:
ԿԱԴՐԱՅԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ` Գեւորգ Մովսեսյանը նշանակվել է Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի` հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018թ. հունիսի 15-ից:
ՆԱԵՎ ՀԱՅԵՐ
ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ` երեկ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով վիրավորների թվում եղել են ՀՀ քաղաքացիներ: Նշենք, որ վիրավորների թվում են զբոսաշրջիկներ այլ երկրներից եւս` Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից եւ այլ երկրներից:
ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Բիշքեքում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն արտգործնախարարների խորհրդի նիստը: Հիշեցնենք, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով` նիստին քննարկվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի օրակարգում ներառված հարցեր, այդ թվում` այն հարցերը, որոնք առնչվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը եւ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են իրավական այդ բացի լրացմանը: