«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի` Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել. առաջիկայում նա հրաժեշտ կտա աթոռին:
Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունների մասին: ՀՀ վարչապետը իր ելույթում նշել էր. «Առաջին` Հայաստանում գործող բոլոր դատավորները, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի, այսինքն` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»:
Եւ, ահա, ըստ մեզ հասած տեղեկությունների` ոլորտի ինքնամաքրումը պետք է սկսվի հենց Բարձրագույն դատական խորհրդից, եւ հենց առաջին հրաժարականը պետք է ներկայացնի նախկին իշխանությունների հետ խնամիական կապեր ունեցող ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը ամուսնացած է Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ: Նա խնամիական կապեր ունի նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր հետ. վերջինիս դուստրը Հարությունյանի հարսն է:
Բացի այդ, Հարությունյանը համարվում է անկախ Հայաստանում կեղծված բոլոր համապետական ընտրությունների կնքահայրը. չէ՞ որ հենց նրա ղեկավարած ՍԴ-ն է վավերացրել բոլոր կեղծված ընտրությունների արդյունքները` թույլ տալով` իշխանությունը ՀՀ-ում տասնամյակներ շարունակ լինի ոչ լեգիտիմ: Այլ կերպ ասած, տեսակետ կա, որ ուղղակի կամ անուղղակի կերպով նա էլ մասնակից է եղել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալմանը:
Ու հիմա այս խնդիրները դարձել են դատաիրավական համակարգում քննարկումների լուրջ թեմա: Ավելին` տեւական ժամանակ է, ինչ դատավորները բարձրաձայնում են այն մասին, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը Սահմանադրության խախտմամբ է ընտրվել ԲԴԽ նախագահ: Բացի այդ, 2015թ. Սահմանադրությունը, հետո նաեւ ՀՀ դատական օրենսգիրքն այնպես են գրել, եւ օրենսգրքի 83-րդ հոդվածն այնպես են ձեւակերպել, որ Հարությունյանը ոչ միայն անգործ չմնա, այլեւ բարձր աշխատավարձ ստանա, եւ հետո նրա կենսաթոշակի չափը լինի բարձր: Ըստ դատական օրենսգրքի 83 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի. «Եթե անձը Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, ապա Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտից հետո օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկելիս համարվում է, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից:
4.Եթե անձը Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, եւ նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրության չափը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված վարձատրության չափը, ապա նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրությունը պահպանվում է, իսկ պակաս լինելու դեպքում նա վարձատրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված չափով: Սույն մասով սահմանված երաշխիքը կիրառվում է նաեւ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջին ատյանի դատարանի երկու դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը պնդում են՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդում պաշտոնավարում է անձ` Գագիկ Գարուշի Հարությունյան /ծնված 23.03.1948 թվականին/, որի լիազորությունները ՀՀ Դատական օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով պետք է դադարած լինեին` նրա 65 տարին լրացած լինելու հանգամանքով պայմանավորված: Այնինչ ՍԴ երկարամյա նախագահը հիմա էլ պաշտոնավարում է ԲԴԽ նախագահի աթոռին: Նրանք մտադիր են ԲԴԽ նախագահի պաշտոնավարման հարցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ու հիմա չի բացառվում, որ այդ հանգամանքները ներկայացվեն Գագիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու հարցում: Չի բացառվում՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն ինքը առաջիկայում հրաժարական տա, իսկ պատճառաբանություն կբերվի կա՛մ տարիքը, կա՛մ ասպարեզը երիտասարդ սերնդին թողնելու հանգամանքը: Ամեն դեպքում, մեր աղբյուրները պնդում են, որ Հարությունյանի պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել դատական դեպարտամենտից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ձեր կողմից հորինված հարց է, ընդ որում` ոչ կոռեկտ: Մեր օրակարգում նման հարց գոյություն չունի»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ ՉԻ՞ ԿԱՅԱՆԱ
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկու նախօրեի հայտարարությունից հետո դատական համակարգում իրավիճակ է փոխվել: Ինչպես հայտնի է, դեսպանն ասել էր, որ պատրաստակամ են աջակցել ՀՀ-ին արդարադատության ոլորտում խորը եւ համապարփակ բարեփոխումների համար տեխնիկական կամ խորհրդատվական աջակցությամբ, բավականին ծավալուն ֆինանսական աջակցությամբ. «Մենք մեծապես աջակցում ենք վարչապետի կողմից ստանձնած պարտավորություններին` արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»:
ԵՎ, ահա, դեսպանի այս հայտարարությունը դատական համակարգում սառը ցնցուղի ազդեցություն է գործել: Ինչպես հայտնի է, դատավորները մայիսի 20-ի իրադարձությունների օրը որոշել են արդեն մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով հրավիրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` շուրջ 70 դատավոր ստորագրել է, որ կմասնակցի հրավիրվելիք ժողովին, սակայն այս օրերին իրավիճակ է փոխվել: Մասնավորապես` դատական համակարգից մեզ տեղեկություններ հասան, որ դատավորներից ոմանք, լսելով ՀՀ վարչապետի ելույթը, ասել են, որ չեն մասնակցի կայանալիք նիստին, քանի որ լիովին կիսում են վարչապետի տեսակետը եւ խնդիր չեն տեսնում վեթթինգի ենթարկվելու հարցում: Բայց եւ եղել են դատավորներ, որոնք հակառակ կարծիքն են հայտնել, ու նրանցից մի քանիսն էլ ասել են,որ կմասնակցեն ժողովին: Ու մինչ դատական համարգում քննարկումներ են, թե ով կգնա, կմասնակցի սպասվելիք ժողովին, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկու հայտարարությունը դատական համակարգում գործընթաց է փոխում: Դատավորների զգալի մասը, տեսնելով, որ անգամ միջազգային կառույցներ են պատրաստ աջակցել իշխանություններին եւ հակասահմանադրական չեն որակում նրա հայտարարություններն ու գործողությունները (ինչպես փորձում էին ներկայացնել նախկին իշխանությունները), ստորագրահավաք իրականացրած դատավորներից մի քանիսը նշել են, որ իրենք եւս չեն մասնակցի երկուշաբթի սպասվելիքժողովին: Այսպիսով, չի բացառվում,որ մայիսի 27-ին դատավորների ժողովը չկայանա անհրաժեշտ քվորում չունենալու պատճառով:
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով ս/թ մայիսի 27-ին` ժամը 16:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, որը տեղի կունենա Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԻԵԴ-Ը ՔՆՆԱՐԿԵԼ Է
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն 2019թ. մարտին կայացած նիստի ընթացքում քննարկել է «Աշոտ Հարությունյանը` ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճռի կատարման վիճակը: Քննարկման արդյունքում Նախարարների կոմիտեն ընդունած որոշմամբ առանձին անդրադարձել է նաեւ տվյալ վճռի կատարման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հատուկ դիրքորոշմանը: Հատկանշական է, որ «Վճիռների եւ բարեկամական կարգավորումների կատարման վերահսկման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կանոններով» սահմանված կարգով Պաշտպանի հատուկ դիրքորոշումը պաշտոնապես հրապարակվել եւ շրջանառության է դրվել ԵԽ անդամ բոլոր 47 պետություններում: Նախարարների կոմիտե է ներկայացվել նաեւ ՀՀ կառավարության արձագանքը, որում բարձր է գնահատվել Պաշտպանի հատուկ դիրքորոշման եւ դրանում ներկայացված կոնկրետ առաջարկությունների կարեւորությունը վճռի արդյունավետ կատարման գործընթացում: Այն կարեւոր նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները, մասնավորապես` Եվրոպական դատարանի իրավաբանությունը ներպետական օրենսդրություն ու իրավակիրառ պրակտիկա ներմուծելու հարցում:
ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐ
Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի բերած նախագիծը 3 փողոց (Մ.Խորենացու, Գ.Լուսավորիչ փողոց, Մաշտոցի պողոտա) անվանափոխել` ավելացնելով «Սուրբ» մասնիկը, բուռն քննարկումների առիթ է դարձել: «Լույս»-ից Անի Խաչատրյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցին, որը Թ. Վարդանյանին հարց ուղղելու ժամանակ նշել էր, թե ոչ թե ընտրվել, այլ դարձել են ավագանի, արձագանքել է. «Տիկի՛ն Խաչունց, գուցե Դուք դառել եք ավագանի, բայց մենք ընտրվել ենք որպես ավագանի»: Նա նաեւ նշել է. «Հասկանում եմ, որ նախագծի քննարկման ժամանակ «սուրբ» բառը ցավեցնում է շատերին, բայց մենք չենք կարող, օրինակ, Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել ավագանի»: Այնուհետեւ քաղաքապետ Հայկ Մարությանը միջամտել է` կոռեկտության կոչեր անելով. «Սա, ի վերջո, ավագանի է»:
ՀԱՐՈՒՑՎԵԼ ԷՐ ՔՐԳՈՐԾ
Ապրիլի 28-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76-ամյա տղամարդու: Մայիսի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել էր քրեական գործ: Պարզվել է, որ ապրիլի 25-ին Սարի թաղի տներից մեկում վիճաբանության ժամանակ տարեց տղամարդուն հարվածել եւ վնասվածքները պատճառել է 50-ամյա որդին, որը երեկ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին ու ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն: