Ի՞ՆՉ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով ամառ է, եւ արդեն ժամանակն է, որ զգեստապահարանները լցնեք վառ, պայծառ ու թեթեւ զգեստներով: Իհարկե, դուք կարող եք փորփրել նորաձեւության ամսագրերն ու տեղեկանալ վերջին միտումներին, բայց վատ չէր լինի նաեւ, եթե հնարավորություն ունենայիք դիմել ոճաբանին: «Ժողովուրդ» օրաթերթն ընձեռում է այդ հնարավորությունը: Մենք Արայիկ Գաբաջյանի հետ զրուցել ենք «Գարուն-ամառ 2019»-ի վերջին միտումների մասին:

-Արայի՛կ, այս ամառ ո՞ր գործվածքներից հագուստն է համարվում նորաձեւ:
-Շատ նորաձեւ են ծղոտը եւ պարկի թելի հիմքից գործվածքները: Իսկ գույներից գերակշռող է նարնջագույնն ու կանաչի երեք երանգ:
-Կարճաթեւ բլուզների, տոպերի եւ վերնաշապիկների մասով ի՞նչ կասեք:
-Մոդայիկ են «Դիսնեյի» հերոսների նկարներով բլուզները, հատկապես՝ Միկի Մաուսի պատկերով: Ընդ որում, դրանք կարող են հագնել տնային տնտեսուհիներից մինչեւ գլամուրային աղջիկներ: Իսկ վերնաշապիկներից տարածում ունեն երկար, թափանցիկ մոդելները՝ մեծ գրպաններով:
-Տաբատների, կիսատաբատների ի՞նչ մոդելներ են ներառված հավաքածուներում:
-Դասական ոճի լայն կիսատաբատները, որոնք կարելի է կրել թե՛ կեդերի, թե՛ էլեգանտ, այդ թվում՝ կիսաճտքավոր կոշիկների հետ: Իսկ տաբատներից նորաձեւ են կարճ, կոճը բայց, բայց ներքեւի մասում հավաքված տարբերակները: Դրանք կարծես ջինսի եւ դասականի խառնուրդ լինեն:
-Շրջազգեստների, կիսաշրջազգեստների ի՞նչ մոդելներ են առաջարկում դիզայներները:
-Կիսաշրջազգեստներ առաջարկվում է մեծ մասամբ ծովափնյա նորաձեւության հետեւորդներին, իսկ շրջազգեստներից մոդայիկ են լայն, ֆորմա չունեցող, բարակ գործվածքից, ծալքերով մոդելները:
-Նախորդ տարվանից հավաքածուներ «ներխուժեցին» սաբոները. դրանք այս տարի էլի տարածվա՞ծ են:
-Այո, նաեւ «տանկետկա» կոշիկներն են բավական նորաձեւ: Այս տարի էլ ողջ շուկան ողողված է այդ ֆորմաներով, հաճախ նաեւ՝ ծղոտածածկ:
-Իսկ գլխարկների մասին ի՞նչ կասեք:
-Որքանով ուսումնասիրել եմ, բոլոր տեսակի գլխարկներից էլ ներառված են հավաքածուներում: Ցայտուն մի բան չկա:
-Արեւային ակնոցի ո՞ր մոդելներն եք խորհուրդ տալիս կրել:
-Հավաքածուներում ընդգրկված են թափանցիկ, առանց շրջանակի, միայն ապակիներով մոդելները: Ֆորմաները տարբեր են՝ դեմքը ծածկող քառակուսուց մինչեւ շատ նեղ մոդելներ, որոնք քթի ծայրին են դնում: Վերջիններս ֆորմալ բնույթ են կրում:
-Ծղոտը, կարծես թե, ակտիվ կերպով կիրառվել է նաեւ պայուսակների դիզայնում, այո՞:
-Այո, մոդայիկ են մեծ, փոքր, ուղղանկյուն ծղոտե պայուսակները՝ հարմարեցված առօրյա կյանքին: Դրանք կարելի է կրել ե՛ւ առօրյայում, ե՛ւ համատեղել դասական ոճի հագուստի հետ:
-Իսկ լողազգեստների ո՞ր ձեւերն են ակտուալ:
-Մաքսիմում փակ, մեկ կտորից մոդելները: Մնացած տեսակները համարվում են հակաթրենդ:
-Եվ վերջին հարցը՝ եթե համեմատենք հինգ տարի առաջվա եւ ներկայիս միտումները, ի՞նչ եք կարծում, երիտասարդությունը որքանո՞վ է գրագետ եւ ոճային հագնվում:
-Լավ է, որ սկսել են հետեւել նորաձեւությանը, բայց երբեմն այնպիսի տպավորություն է, որ բոլորը միեւնույն խանութից են օգտվել: Ի վերջո, կարելի է տաբատը մի խանութից գնել, վերնաշապիկը՝ մի, կամ գնել հարթ մի շապիկ եւ վրան ինքնատիպ պրինտեր անել: Թե չէ՝ նույն խանութից օգտվում են այգեպանը, կառավարության աշխատողն ու երգչուհին: Դա վախեցնող է եւ տանում է դեգրադացման, որն առկա էր Վրաստանում տասը տարի առաջ: Բայց, արի ու տես, որ հիմա իրենց երկրում իրավիճակը գլխիվայր շուռ է եկել: Տարածաշրջանում նորաձեւություն թելադրում են վրացիները: Նրանց մոտ երկու ամիսը մեկ անգամ նորաձեւության շաբաթ են անում՝ տասը օրով, մեծ ռեսուրսներ են ծախսում, իսկ դրա համար հարկավոր են ֆինանսական միջոցներ եւ մասնագետներ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան մեղադրում է Հայաստանին Հենրիխ Մխիթարյանին քաղաքական նպատակներով օգտագործելու համար. «Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնելու Բաքու ԵԼ-ի եզրափակչին մասնակցելու համար, վկայում է, որ Հայաստանը փորձում է ներքաղաքական խնդիրը որպես գործիք օգտագործել ու փչացնել սպորտը: Ադրբեջանը արդեն մի քանի անգամ նշել է, որ երաշխավորում է Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը: Ցավոք, Հայաստանը «Արսենալի» խաղացողին օգտագործում է իր սադրիչ նպատակների համար: Դա ապացուցում է այն, որ առաջին հերթին հենց հայերը կարիք ունենք խաղաղության պատրաստվելու: Անհավանական է այն փաստը, որ Հայաստանը, հանդիսանալով միազգային պետություն, էթնիկական զտումներ է կատարում ու մեղադրում է Ադրբեջանին ռասիզմի մեջ: Իսկ Ադրբեջանն աշխարհին հայտնի է՝ որպես տարբեր կրոնական պատկանելիությամբ ու հանդուրժողականությամբ երկիր»:

 

 

 

ՆՈՐ ԱՆՁՆԱԿԱԶՄ
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մայիսի 24-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Արցախ» խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ: Հավելենք, որ Ֆերնանդեսը 2009-ից սպասարկում է Իսպանիայի Լա Լիգայի առաջնության խաղերը, 2013-ից համարվում է ՖԻՖԱ-ի մրցավար: Նշենք նաեւ, որ «Փյունիկ»-«Արարատ» խաղը նույնպես կվարի օտարերկրացի մրցավարական անձնակազմ:

 

 

 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿԸ
Գերմանիայի հավաքականը ներկայացրել է «ԵՎՐՈ 2020»-ի ընտրական փուլի առաջիկա խաղերի հայտացուցակը: Հունիսի 8-ին թիմը հյուրընկալվելիս կմրցի Բելառուսի հետ, իսկ հունիսի 11-ին սեփական հարկի տակ կընդունի Էստոնիային: Թիմի հայտացուցակից դուրս են մնացել հետեւյալ մարզիկները. «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգեն, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոս, Բերնդ Լենո («Արսենալ»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Քեւին Տրապ («Այնտրախտ») Մաթիաս Գինտեր («Բորուսիա» Մ.), Մարցել Հալստենբերգ, Լուկաս Կլոստերման (երկուսն էլ` «ՌԲ Լայպցիգ»), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Տիլո Կերեր (ՊՍԺ), ՆիկոՇուլց («Բորուսիա Դ.»), Նիկլաս Շտարկ («Հերտա»), Նիկլաս Զյուլե («Բավարիա»), Ջոնաթան Տա («Բայեր»), Յուլիան Բրանդ, Կայ Հավերց (երկուսն էլ` «Բայեր»), Յուլիան Դրաքսլեր (ՊՍԺ), Սերժ Գնաբրի, Լեոն Գորեցկա, Ջոշուա Կիմիխ (բոլորը`«Բավարիա»), Իլկայ Գյունդողան, Լերոյ Սանե (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), Մարկո Ռոյս («Բորուսիա» Դ.), Թիմո Վերներ («ՌԲ Լայպցիգ»):

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս