ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գավառ քաղաքում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում երեկ կարկուտ է տեղացել: Այս պատկերն է Գավառում կարկուտից հետո:

 

 

 

ՀԱՐՑ. Դեղերի դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակներ ստանալու համար ո՞ւր պետք է դիմել:

Մանուշակ Մկրտչյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ, համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 9.3-ի 1-ին կետի, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրող եւ ԵՏՄ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող անձինք մինչեւ այդ ապրանքների օտարումը դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից:
Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (բացառությամբ ԵՏՄ երկրներից ներմուծողների) դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման մաքսատնից մինչեւ այդ ապրանքների օտարումը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ դրոշմապիտակները 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են դրանց ձեռքբերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ե՞րբ կարելի է Արարատյան հարթավայրի բանջարային բույսերի ցանք ու սածիլման աշխատանքեր կատարել:

Նորայր Պետրոսյան (47 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր կուլտուրայի ցանքի լավագույն ժամկետը այն է, երբ հողում սերմերի ծլման համար պահանջվող նվազագույն ջերմաստիճան է լինում: Բանջարեղենի ցանքի եւ ծլման համար կարելի է սահմանել հետեւյալ ժամկետները` վաղ գարնան ցանք, գարնան ցանք, ամռան ցանք, աշնան ցանք եւ ձմեռնամուտի ցանք:
Արարատյան հարթավայրի` բանջարային բույսերի բազմազանության եւ կենսաբանական տարբեր առանձնահատկությունների պայմաններում նրանց ցանքը կատարվում է տարբեր ժամկետներում: Վաղ գարնանացանը Արարատյան դաշտում սկսվում է ձյունը հալչելուց անմիջապես հետո եւ տեւում է մինչեւ ապրիլի վերջը: Այդ ժամկետում դաշտ են փոխադրում բոլոր երկամյա բույսերի սերմնակալները եւ վաղահաս կաղամբի սածիլները, այնուհետեւ ցանում են սոխ, գազար, ճակնդեղ, սպանախ, ամսաբողկ, ոլոռ, հազար, դդմիկ եւ կանաչեղեն:
Նշենք, որ գարնանը ցանքը տեւում է ապրիլի 25-ից մինչեւ հունիսի 15-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են վարունգ, սեխ, ձմերուկ, լոբի, բամիա, ռեհան, կոռթին, եւ դաշտ են փոխադրում պոմիդորի, տաքդեղի, բադրիջանի եւ ուշահաս կաղամբի սածիլներ: Ամռանը ցանքը տեւում է հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 1-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են տարեկան բողկ եւ կրկնացան վարունգ, լոբի, դդմիկ: Աշնան ցանքը տեւում է սեպտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են սոխ, սպանախ, կոտեմ, համեմ, պռասասոխ եւ մաղադանոս` հաջորդ տարվա վաղ գարնանը բերք ստանալու համար: Ձմեռնամուտի ցանքը կատարում են այն ժամանակ, երբ հողի 5 սմ խորության շերտում ջերմությունը 3-40 է, իսկ դրսում օդի կայուն ջերմաստիճանը 3-50-ից չի բարձրանում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ձմեռնամուտի ցանքը պետք է կատարել այնպես, որ սերմերը ծլեն միայն գարնանը` հողը տաքանալուն զուգընթաց: Ցանում են սոխ, գազար, սպանախ եւ բոլոր կանաչեղենները:




Լրահոս