Ազգային Ժողովում կրքերը չեն հանդարտվում: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը խորհրդարանում արտահերթ նիստ հրավիրելու ու քննարկելու, երկուշաբթի տեղի ունեցած իրադարձությունները այդպես էլ կյանքի չկոչվեցին: Ըստ ընդդիմադիրների` խորհրդարանի իշխանական պատգամավորները չեն ցանկանում իրենց կատարած սխալների մասին խոսել, առավել եւս` դրանք քննարկել ու քննադատություններ լսել:
Ընդդիմադիրները պնդում են, որ պատրաստվում էին ուղղակի ներկայացնել իրենց դիրքորոշումը` կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ պետք էր փակել դատարանի շենքերի մուտքերն ու ելքերը` այդկերպ վերականգնելով դատաիրավական համակարգում կատարվող անարդարությունները: Նրանք նպատակ ունեն առաջարկել դատական համակարգում «հեղափոխություն» իրականացնելու իրենց տարբերակը, որը, ըստ իրենց, կլիներ օրենքի շրջանակներում:
Հիմա նրանք այսօր կայանալիք լսումներին, որը վերաբերում է անցումային արդարադատությանը, կխոսեն Նիկոլ Փաշինյանի կատարած քայլերին ու դատաիրավական համակարգի վերափոխումներին:
Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
-Պարո՛ն Մարուքյան, ինչո՞ւ իշխանությունը չընդունեց Ձեր առաջարկությունը արտահերթ նիստ հրավիրելու ու քննարկելու դատաիրավական համակարգի հետ կապված իրենց առաջարկած փոփոխությունները, ու, ընդհանրապես, ի՞նչ էիք ցանկանում քննարկել, որը, կարելի է ասել, մերժվեց:
-Գիտեք ինչ, սարսափելի վախ կա` իրենց մեջ մտած:
-Բայց ինչի՞ց են վախենում, ի՞նչ սարսափելի բան էիք պատրաստվում անել, ասել, որից, ըստ Ձեզ, իմքայլականները սարսափում են:
-Իշխանությունը տառապում է լուսավորաֆոբիայով եւ քննարկումներաֆոբիայով, որովհետեւ իրենք ասում են, որ չարժե քննարկել այդ հարցը: Իրենք կարծում են, որ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու հարցը պետք չի քննարկել: Եթե իրենք վստահ են, որ դա շատ ճիշտ բան էր, ապա ես հարց եմ տալիս` ինչու են իրենք խուսափում այդ քննարկումներից: Ակնհայտ է, որ հասկանում են, թե իրականում ինչ են արել, ինչ խնդիր են առաջացրել: Ու այդ վախը, այդ ահը, այդ սարսափը բերեց նրան, որ դեմ քվեարկեցին ու տապալեցին մեր նախաձեռնությունը արտահերթ նիստ հրավիրելու:
-Այսինքն` ըստ Ձեզ` իշխանությունը չի՞ կարող հիմանավորել իր կատարած քայլերը: Ձեր կարծիքով` հիմնավորումներ չունե՞ն, թե իրականում ինչու գնացին նման կոշտ քայլերի:
-Միանշանակ, ամեն մարդ գիտի իր ներսում, թե ինչ-որ բան սխալ է արել, ու չգիտի, թե ինչպես կարող է տակից դուրս գալ:
-Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` դատարանների մուտքերն ու ելքերը փակելու հետ կապված, որակում եք սխա՞լ:
-Մենք հայտարարությամբ հանդես էինք եկել` նշելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը: Քանի որ այս պարագայում խաթարվում է ՀՀ-ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները: Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները` վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը: Մենք հորդորել էինք ձեռնպահ մնալ, բայց դա չաշխատեց:
-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել, քայլեր ձեռնարկելո՞ւ եք այդ ուղղությամբ:
-Ամեն դեպքում, արդեն ինչ ասել ենք, անցումային արդարադատության քննարկումներ են լինելու, ու կարծում եմ, որ այն վեր է ածվելու այդ հարցի քննարկմանը, ինչը, կարծում եմ, շատ վատ է: Մենք պետք է այդտեղ փորձագետների լսեինք, ոչ թե լսեինք, թե արգելափակումները ինչ հետեւանքներ կարող էր ունենալ կամ ինչքանով էր սխալ, ու գնահատականներ տայինք քաղաքական իմաստով: Ցանկացած իշխանություն վախեր ունի. կարծում եմ` իրենց վախն էլ դա էր:
ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ Է ՀԱՅՏՆԵԼ
Այսօր` մայիսի 24-ին, մեկնարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների քարոզարշավը, որի ժամանակ կուսակցականները պետք է ներկայացնեն իրենց ծրագիրը, պատկերացումները` կուսակցության գործունեության հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որն ինքնաառաջադրվել էր վարչության անդամի թեկնածուի համար, ինքնաբացարկ է հայտնել:
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ զրուցել ենք` պարզելու համար, թե ինչու է նման որոշում կայացրել:
-Անկեղծ ասած, վերջնաժամկետ կար դրված վարչության անդամ ինքնաառաջադրվելու համար: Ես վերջնաժամկետի օրը չէի կողմնորոշվել` ուզում եմ թեկնածու լինել կամ ցանկանում եմ վարչության անդամ դառնալ, ու հետո որպեսզի այնպես չստացվի՝ հետո փոշմանեմ, որ չեմ առաջադրվել, որոշեցի հայտը լրացնել: Հետո` որոշ ժամանակ անց` երկար մտածելուց հետո, ծանր ու թեթեւ անելուց հետո, որոշեցի որ այս փուլում նման դեպքում պետք չի, որպեսզի լինեմ վարչության անդամի թեկնածուների ցանկում: ՄԻ քանի տարի հետո էլի կլինեն վարչության անդամների ընտրություն, գուցե այդ ժամանակ արդեն կորոշեմ ընդգրկվել, լինել վարչության անդամի թեկնածուների ցանկում:
-Այսինքն` կարծում եք, որ ՔՊ-ում գործ չունե՞ք անելու:
-Որպես վարչության անդամ` կուսակցական գործունեությամբ զբաղվելու, անկեղծ ասած, ժամանակ չունեմ, ինչի համար էլ նաեւ իմ որոշումը կայացրեցի: Հիմա ցանկանում եմ զբաղվել օրենսդրական աշխատանքներով, դրա համար եմ նման որոշում կայացրել: Որեւէ այլ բան չի եղել իմ որոշման պատճառը: Հավատացեք, խորհրդարանում աշխատանքները շատ են ու ամենօրյա ռեժիմով, այնպես որ պետք է զբաղվեմ այդ աշխատանքով:
-Իսկ Դուք ունե՞ք ՔՊ վարչության նախագահի Ձեր թեկնածուն:
-Չգիտեմ, իմ կարծիքով` Նիկոլ Փաշինյանը պետք է լինի, կան այլ թեկնածուներ եւս, կարող է լինել նաեւ Սուրեն Պապիկյանը, չգիտեմ, պետք է որոշեն արդեն ՔՊ վարչության անդամները: Սա իմ տեսակետն է:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՎԵԹԹԻՆԳԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵ՛Ս
Վերջին օրերին բուռն քննարկումների առիթ դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատաիրավական ոլորտում վիրահատական միջամտություններ անելու եւ այդ ճանապարհին դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին: «Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»,- ասել էր Փաշինյանը:
Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն է կատարել դատավորների շարքում: Պարզվում է՝ դատական համակարգում քիչ չեն հիմնականում նախկին պաշտոնյաների հետ կապված դատավորները:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը ՍԴ պաշտոնաթող դատավոր, նախկին ՀՅԴ-ական Կիմ Բալայանի որդին է:
Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Հրաչյա Հարությունյանի որդին՝ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն է:
ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիշա Հարությունյանի դուստրը` Անի Հարությունյանը, վարչական դատարանի դատավոր է։
Աժ նախկին խոսնակ, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանի փեսան՝ Արման Օհանյանը, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է, այն գեներալի, որի դեմ հիմա քրեական գործ է հարուցված՝ յուրացումների ու ապօրինի զենք պահելու մեղադրանքով:
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի կինը՝ Աննա Ալեքսանդրի Փիլոսյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:
Եւ, վերջապես, Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կինը՝ Արմենուհի Բադիրյանը, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:
ԶԵՆՔ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՎ
Հայաստանից զենքի արտահանման ծավալները ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ նախորդ տարի Հայաստանից արտահանվել է մարտական տիպի զենք, ոչ հրացան, ատրճանակ, եւ 9307 դիրքի զենք` 240 հատ` 2017 թվականի 65 հատ ատրճանակի դիմաց, իսկ մաքսային արժեքը կազմել է 122 հազար դոլար: Բացի այս, ըստ պաշտոնական փաստաթղթերի` ՀՀ-ից արտահանվել է նաեւ 895 կգ ռումբ, հրթիռ, փամփուշտ (2017 թվականի 57 կգ-ի դիմաց) 172 հազար մաքսային արժեքով: Պարզվում է` Հայաստանից զենք, ռումբ արտահանվում է դեպի Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա: